Մատչելիության հղումներ

Պատգամավորները կողմ են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագծին


Կառավարությունը օրենսդրական մեխանիզմներ է ստեղծում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համար: Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվեց անցումային արդարադատության մաս համարվող այս նախագիծը:

Դրա էությունը հետևյալն է՝ եթե կոռուպցիոն որևէ գործով անցնող որևէ քաղաքացու մոտ իրավապահները կնկատեն ստացած եկամուտների և ունեցած գույքի 25 միլիոն դրամից ավելի տարբերություն, ապա կարող են քաղաքացիական հայցով գույքը բռնագանձելու համար դիմել դատարան: Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ օրենքի թիրախում են կոռուպցիայի մեջ ներգրավված ներկա կամ նախկին պաշտոնատար անձինք, փողերի լվացմամբ զբաղվողներն ու հանցավոր խմբավորումների անդամները:

«Դրանք հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններն են, այստեղ լինելու են նաև քրեական ենթամշակույթին վերաբերող հոդվածները, այսինքն՝ այս շրջանակից որևէ մեկը չի կարող հայտնվել օրենքի կարգավորման դաշտում, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անձի անունով արհեստականորեն, օրինակ, ձևակերպվել է գույք, այդտեղ գործում է իրական շահառուի ինստիտուտը, և դրա ապացուցման բեռը կրում է պետությունը», - ներկայացրեց նախարարը:

Դատախազությունը չի կարող կամայականորեն հետաքրքրվել քաղաքացու եկամուտների և ունեցվածքի տարբերությամբ, դա կարող է կատարվել մի քանի դեպքերում՝ եթե անձը անցնում է հիմնականում կոռուպցիոն գործերով, միայն նախկին և ներկա պաշտոնյաների դեպքում քննության հիմք կարող է դառնալ օպերատիվ հետախուզական տվյալը:

«Տվյալ պաշտոնատար անձի մասով եթե հարուցված է քրեական գործը, օրինակ՝ մեղադրանք է առաջադրված կամ հետախուզման մեջ է գտնվում, հնարավոր չէ քրեական հետապնդումը շարունակել և այլն, այդ դեպքերում է հնարավոր, երկրորդ՝ քանի որ պաշտոնատար անձի օրինակն էիք նշում, կարող է օպերատիվ հետախուզական ճանապարհով ազդակ լինի և սկսվի», - նշեց Բադասյանը:

Դատախազությունն այս ազդակներով կարող է գույքին վերաբերող ուսումնասիրություն սկսել և քաղաքացիական հայցով դիմել դատարան: Ընդ որում անգամ եթե զուգահեռ քրեական գործով անձի մեղավորությունը հնարավորություն չլինի ապացուցել, և գործը կկարճվի, կամ, ասենք, անձը հետախուզման մեջ լինի, նրա գույքին վերաբերող քաղաքացիական գործը կքննվի անկախ, և այս դեպքում արդեն այդ նախկին կամ ներկա պաշտոնյան պետք է ապացուցի, որ իր գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով:

Բադասյանը միանգամից անդրադարձավ, իր խոսքով, շահարկումներին, ասաց, որ արտերկրից՝ խոպանից ուղարկված գումարների հետ այս օրինագիծը որևէ կերպ չի առնչվում, այլ սոսկ պետությունից թալանածը հետ բերելու և նման բան ապագայում թույլ չտալու համար է. - «Որևէ անձ, որը պայմանագիր չի պահպանել, որը արտագնա աշխատանք է կատարել, և փաստաթղթերը չեն պահպանվել, և ինքն իր ու իր ընտանիքի եկամուտներն այս պահին չի կարող հիմնավորել որտեղից, այս օրենքի գործողության հետ կապ չունեն»:

Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին՝ ընդհանուր առմամբ օրինագծի փիլիսոփայությանը կողմ են և այս փոփոխություններն անհրաժեշտ են համարում, սակայն դրանք պետք է այնպես արվեն, որ հետագայում արդարադատության հետ կապված հարցեր չծագեն:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար էդմոն Մարուքյանը բերեց ժամանակին բարձրաստիճան պաշտոնյաների տաղանդավոր բիզնեսմեն բարեկամների օրինակը: Նրանք այսօր էլ համարվում են հաջողակ բիզնեսմեն: Իրենց միլիոնների ծագման փաստը ստուգվելու է, թե ոչ. - «Եվ դուրս է գալիս, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը թալանել է, տվել է հաջողակ իր հարազատին, որը դարձել է հաջողակ գործարար, ու այսօր հիմա իրենք հաջողակ գործարար են: Ավելին ասեմ՝ հեղափոխության իշխանության ներկայացուցիչներն էլ սիրով այդ հաջողակ գործարարների միջոցառումներին մասնակցում են, այդ էլ ասեմ: Եվ ուզում եմ հասկանամ, թե ոնց եղավ, չե՞ք մտածում, որ հետո պետք է այդ նույն վեթինգի, այդ նույն ստուգելու հարցերն առաջ գան, և ձեզ ասելու են՝ բա եկել էիր, այդ մարդու հետ, ասենք, ռիսեփշնների էիր մասնակցում, կարմիր թելեր էիք կտրում, բա հետո՞, բա ո՞վ պետք է դրա պատասխանը տա», - նշեց Մարուքյանը:

«Իմ քայլից» Գևորգ Պապոյանն առաջարկեց մի իրավիճակ պատկերացնել. եկամուտների և գույքի մեծ տարբերություն ունեցող պաշտոնյան կարող է նշել, որ օրինակ՝ շքեղ դղյակը ձեռք բերելու համար գումար է վերցրել հորից։ Հայրն էլ կարող է ասել, որ գյուղատնտեսությամբ է զբաղվել և տարիների ընթացքում միլիոններ աշխատել, ու քանի որ գյուղատնտեսությունը չի հարկվում, դժվար կլինի հաշվել՝ իրականում որքան գումար է նա ստացել:

«Եվ ըստ էության հնարավորություն չկա իմանալու՝ սրանից 8 տարի առաջ պոմիդորն այդ մարդը քանի դրամով էր վաճառել, առավել ևս ինչքան պոմիդոր է ինքն իրականում ունեցել՝ 1 տոննա, թե 100 տոննա», - նկատեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը 2014 թվականին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց ուղղեց, թե որտեղից նրան իր միլիոնները, Հովիկ Աբրահամյանը հենց նման մի պատասխան էր տվել, թե հողագործությամբ է զբաղվել, երբ դա թույլատրվում էր: Գևորգ Պապոյանի այս հարցի հետ կապված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց. - «Պարո՛ն Պապոյան, այդ մեխանիզմներն ինչո՞ւ այդպես սիրուն նկարագրեցիք, հուշեցիք»:

«Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանն առաջարկեց ևս մի հասկացություն ավելացնել օրինագծում՝ կենսակերպի և եկամուտների անհամապատասխանության հարցը ևս քննել, ուսումնասիրել նաև նախկին պաշտոնյաների շվայտ ծախսերը:

«Համացանցում, մամուլում կա մի նախկին պաշտոնյայի կյանք, կենցաղ, որտեղ ինքը սպանում է էկզոտիկ կենդանիների Աֆրիկայում: Ես ուղղակի աշխատանքի բերումով աշխատել եմ, երբեք չեմ զբաղվել դրանով, բայց գները գիտեմ, էկզոտիկ կենդանուն սպանելու սերտիֆիկատը ամենաէժանը, ամենափոքրի համար 30 հազար դոլարից է սկսում: Այն կենդանիները, որ այնտեղ կան, խոսքը 50-100 հազար դոլարի մասին է, 10 օրինակ դուք կարող եք գտնել, այսինքն՝ այս մարդը իր կենցաղով ծախսեց այնտեղ մեկ միլիոն դոլար, միայն այդ կենդանիներին սպանելու և սելֆի անելու համար: Այս հարցը չի լուծվում, դա ո՛չ գույք է, ո՛չ օֆշոր է և այլն, ուղղակի այս մարդն իր կյանքի բնույթով փող է ծախսում, և ինձ թվում է, որ այդ հարցը ինչ-որ ձևով մենք օրենքում 2-րդ ընթերցմամբ միասին փորձենք գտնել»:




XS
SM
MD
LG