Ազգային ժողովում այս շաբաթ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է հնարավորություն ստեղծել բռնագանձելու գույքը, եթե անձը անցնում է կոռուպցիոն բնույթի որևէ գործով, ու եթե նրա ստացած եկամուտների ու ունեցած գույքի արժեքի տարբերությունը 25 մլն դրամից ավելի է։
Գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազությունը առանձին քաղաքացիական հայցով կարող է դիմել դատարան անգամ այն դեպքում, եթե ուսումնասիրության հիմք հանդիսացած քրեական գործով այդ անձի մեղավորությունն ապացուցել հնարավոր չի եղել։
Նախկին ու ներկա պաշտոնյաների դեպքում ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրության հիմք կարող է դառնալ ոչ միայն կոռուպցիոն մեղադրանքով քրեական գործը, այլև օպերատիվ-հետախուզական տվյալը։
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյան․ - «Այն դեպքերում, երբ քրեական գործը ընթացք չի կարող ունենալ, կամ արդեն առկա է հաստատված մեղադրական դատական ակտ, որով անձը մեղավոր է ճանաչվել որոշակի հանցագործությունների համար, պետք է այս վարույթը նախաձեռնվի և հնարավոր դարձնի ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական բռնագանձումը։ Եվ մենք ունենք մեկ այլ հիմք, որը հնարավորություն է ընձեռում հնարավոր կոռուպցիայի ռիսկերի ոլորտում գտնվող անձանց մասով սկսել ուսումնասիրության վարույթը։ Դա վերաբերում է հայտարարատու պաշտոնատար անձանց, ում վերաբերյալ այս ուսումնասիրության վարույթը կարող է նախաձեռնվել նաև օպերատիվ տվյալի հիման վրա»։
Ինչ վերաբերում է արտերկրում գտնվող գույքին, ապա դատախազությունը կարող է գործընթաց սկսել նաև Հայաստանի սահմաններից դուրս գտնվող կասկածելի գույքի վերաբերյալ։ Եվ եթե Հայաստանում գտնվող ապօրինի ծագման ունեցվածքի բռնագանձման գործընթացը կարող է տևել երկու տարի, ապա արտերկրում գտնվող գույքի համար օրինագիծը երեք տարի է տալիս։
«Մեկ տարով երկարաձգվում է ուսումնասիրության ժամկետը՝ հաշվի առնելով այդ գործընթացի բարդությունը։ Բայց կանխատեսել հաջողությունը այս պահի դրությամբ որևէ մեկը հնարավորություն չունի, որովհետև դա իրենից բարդ գործընթաց է ներկայացնում, դա կոմունիկացման լուրջ ջանքեր է պահանջում, պահանջում է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական շփում համապատասխան մարմինների հետ։ Իրականում մեծ, ահռելի աշխատանք է պահանջում, որպեսզի հնարավորություն ունենանք փաստացի հետ բերել դրսում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքը։ Ինչ վերաբերում է օրենսդրական հնարավորություններին, ապա օրենքի նախագծում դրան հստակ սահմանված են», - նշեց փոխնախարարը։
Հարցին, թե արդյոք Գլխավոր դատախազությունն ունի այս գործընթացի համար անհրաժեշտ ռեսուրսները, Սրբուհի Գալյանն արձագանքեց, որ ստեղծվելու է հատուկ ստորաբաժանում, որտեղ աշխատելու են նաև տնտեսագետ ՏՏ մասնագետ։ Նշանակվելու է նաև Գլխավոր դատախազի նոր տեղակալ։ Ստորաբաժանումը կսկսի գործել, ամենայն հավանականությամբ, այս տարեվերջին։
Ապօրինի գույքի ուսումնասիրությունից հետո դատախազությունը պետք է դիմի դատարան, և դատարանը պետք է քննի այդ գույքը բռնագանձելու վերաբերյալ գործերը։ Սակայն կարո՞ղ է արդյոք դատական համակարգը, որ լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, քննել նման գործեր։
Ըստ Գալյանի, սկզբնական փուլում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների ցուցակ կկազմի, որոնք կկարողանան քննել ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործերը․ - «Պետք է ընտրենք, վերապատրաստենք որոշ դատավորներ, որոնց կմակագրվեն այդ գործերը։ Ինչ վերաբերում է նոր դատարանի ստեղծմանը, ապա գիտեք, որ Հակակոռուպցիոն դատարանը պետք է 2021-ի վերջին արդեն ստեղծվի, և դրանից հետո արդեն միայն այդ դատարանի քննությանը ենթակա կլինեն այս գործերը»։