Գավառի միջադեպը շատ ցավալի էր, ողբերգական և շոկային, ընդգծում է Գեղարքունիքի մարզպետը

Անցած շաբաթ Հայաստանը ցնցեց Գավառի արյունահեղությունը, որը երկու մարդու կյանք խլեց: Ոստիկաններին չհաջողվեց կանխել հիվանդանոցում շարունակված վենդետան:

Հիշեցնենք, ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզկենտրոնում Նորատուսի և Գավառի մի խումբ բնակիչների փոխհրաձգության հետևանքով երկու մարդ սպանվեց, ևս վեց մարդ վիրավորվեց:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Գնել Սանոսյան. – Իրականում միջադեպը շատ ցավալի էր, ողբերգական և նույնիսկ ես կասեի՝ շոկային, և մենք դեռ փորձում ենք այդ իրավիճակից որոշակի, էսպես, այդ շոկից հետ գալ:

Նախ ասեմ, որ այդ միջադեպին մասնակից չեն եղել միայն նորատուսցիները, այլ համայնքներից էլ են եղել, բայց գլխավորապես եղել են Նորատուսի և Գավառ համայնքի բնակիչները:

Մեր երկու հայրենակիցները, ովքեր այդ հրաձգության արդյունքում մահացան, մեկը Նորատուս համայնքից էր, մեկը՝ Գավառ համայնքից, և հիվանդանոցի մոտ հավաքվածները Նորատուսից էին, Գավառից, և նաև նրանց այլ ընկերներ, բարեկամներ հարակից համայնքներից:

Ես հասկանում եմ, որ մարդիկ բավական բարդ, ծանր հոգեբանական իրավիճակում են եղել այդ հրաձգությունից հետո և անկառավարելի հոգեբանական վիճակում են եղել, ինչը բերեց նրան, որ նրանք հիվանդանոցի մուտքերը ջարդելով կամ դռները բացելով ներս մտան: Բայց ուզում եմ նշել, որ որևէ բժշկի չեն վնասել, նաև հիվանդանոցում բուժօգնություն ստացող որևէ մեր այլ քաղաքացու չեն վնասել: Հասկանալի է, որ այդ քաղաքացիները նույնպես հոգեբանորեն բավական բարդ իրավիճակում են հայտնվել, երբ որ իրենք էնտեղ բուժման ընթացքում են եղել, և հիվանդանոց նման քանակի մարդիկ են մտել, և որոշակի բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց նորից եմ նշում՝ ոչ մի բուժաշխատող և հիվանդանոցում բուժվող որևէ քաղաքացի վնասվածք չի ստացել:

«Ազատություն». – Պարոն մարզպետ, ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ Դուք, մի տեսակ, ուզում եք մեղմացնել Ձեր մարզի բնակիչների աններելի այդ արարքը: Այդպիսի տպավորություն ունեմ: Ճի՞շտ եմ զգում, թե՞... Իբրև Ձեր մարզի բնակիչներ՝ Դուք, իհարկե, ուզում եք ըմբռնումով մոտենալ նաև այդ մարդկանց, բայց էդտեղ որևէ ըմբռնում չի կարող իսկապես լինել: Այդ արարքը դատապարտելի է ամեն իմաստով, և որևէ արդարացում չի կարող լինել: Համաձա՞յն չեք:

Սանոսյան. – Ես ինքս բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել դատապարտելու, այո, այդ արարքը, հիմա էլ նույնը կանեմ: Ես ընդամենը արձանագրում եմ, որ բժիշկների շրջանում, բարեբախտաբար, վնասվածք ստացողներ չեն եղել: Բայց հաշվի առնելով, որ միջադեպը եղել է հրաձգություն, նաև հիվանդանոցի տարածքում եղել են վիրավորների նկատմամբ դանակահարության դեպքեր, ուստի ես չեմ ուզում իրավական գործընթացների մեջ ավելի խորանալ, այդ ոլորտը պետք է թողնել իրավաբաններին, նրանք բավական ծանրաբեռնված այս ընթացքում աշխատում են, և, ինձ թվում է, բոլոր մանրամասները ի հայտ կգան, և մեղավորները անպայման կպատժվեն:

«Ազատություն». – Իսկ ոստիկանության գործողությունների մասի՞ն ինչ կարծիքի եք: Նրանք չէ՞ որ այդտեղ, ասում են, որ հիվանդանոցը շրջապատված է եղել ոստիկաններով, այդուհանդերձ, ասում են, որ <...> ոստիկանները մի տեսակ անտեսել են, կամ թույլ են տվել, որ այդ մարդիկ, ոչ թե թույլ են տվել, այլ ոչինչ չեն արել պարզապես, անգործության են մատնվել, երբ այդ մարդիկ ներխուժել են հիվանդանոց: Ճի՞շտ է, նման բան եղե՞լ է:

Սանոսյան. - Իհարկե նման բան չի եղել, ոստիկանները աշխատել են: Ես նշել եմ այդ մասին, որ գլխավոր խնդիրը եղել է ոստիկանների և մեր քաղաքացիների քանակային տարբերությունը, ինչը բերել է նրան, որ ոստիկանները չեն կարողացել համարժեք ուժ կիրառել և չթողնել, որ նրանք ներս մտնեն հիվանդանոցի դռներից: Եվ նրանց ներս մտնելով վիճակը դարձել է ավելի անկառավարելի, և տեղի է ունեցել այն, ինչ տեղի ունեցել:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 3-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.