Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Գավառում տեղի ունեցածի առթիվ


Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելոց զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ։

Գեղարքունիքի մարզում երեկվա արյունալի իրադարձությունները սկսվել են Գավառ քաղաքում։ Նորատուսի և Գավառի մի խումբ բնակիչների փոխհրաձգության հետևանքով երկու մարդ սպանվել է, մեկը Նորատուսի բնակիչ, մյուսը՝ Գավառի։ Եվս վեց մարդ վիրավորվել է։

Սպանվածների մարմիններն ու վիրավորները տեղափոխվել են Գավառի հիվանդանոց, ուր ժամեր անց հաշվեհարդարի նպատակով ներխուժել են մի խումբ անձինք։

«Հակառակորդ կողմերից մեկի հարազատները, ճեղքելով ոստիկանության պատնեշը, մտել են հիվանդանոց և սկսել են դռները, պատուհանները կոտրելով ման գալ մյուս կողմի ժողովրդին, որպեսզի վրեժ լուծեն», - պատմեց Գավառի հիվանդանոցի բժիշկ Արամ Ավետիսյանը։

Վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան։ Ավետիսյանն ասաց, որ ինքը ներխուժածների մոտ մահակներ ու երկաթյա ձողեր չի տեսել։ Վիրավորներին ընդունելու պահից հիվանդանոցում ոստիկանական ուժեր եղել են, պարզապես ներխուժածների թիվը շատ մեծ է եղել։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան․ - «Նույնիսկ 500-ից ավել մարդկանց մասին են խոսում։ Նրանց ձեռքից ձողեր, զենք-զինամթերք եղել է թե չէ, չեմ կարող հաստատել։ Հիվանդանոցը տեսահսկվում է, ոստիկանությունը կաշխատի, և ամբողջ պատկերը կունենանք»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, կա հինգ ձերբակալված, սակայն Նորատուս համայնքում բարձրաձայնում են լուսադեմին՝ 5։30-ից սկսած գյուղից բերման ենթարկվածների թիվը անցնում է հարյուրը։ Կեսօրն անց էլ նրանք տեղեկություն չունեին իրենց համագյուղացիների մասին։

Էդիկ Հովհաննիսյանի ընտանիքը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։ Իրեն հարվածել, գետնին էին տապալել, ձեռնաշղթա էին հագցրել - «Էնտեղից մեկն ասեց՝ լավ, էսի մեծ մարդ ա, իրա անունն էլ չկա, բաց թողեք սրան»։

Նորատուսցիները տեղի ունեցած չեն հերքում, բայց պատմության իրենց տարբերակն ունեն․ ոչ թե հաշվեհարդարի, այլ տեսակցության համար են գնացել հիվանդանոց։

Իսկ իրավիճակը տեղում է թեժացել ու այստեղ ամենամեծ պատասխանատուն համարում են ոստիկաններին․ - «Առաջին մեղավորը էլան ոստիկանները։ Դիակը էնտեղ, մարդը վշտի մեջ, ասել ա՝ ճանապարհ տվեք, ասել են՝ մարդասպանին տեղափոխում ենք»։

Ոստիկանությունը դեպքից 24 ժամ անց էլ միջադեպի պատճառների մասին մանրամասներ չի փոխանցում: Առաջին հաղորդագրությամբ շտապեցին հերքել տեղեկությունը, թե ոստիկանապետը ներխուժման պահին եղել է հիվանդանոցում իրականությանը չի համապատասխանում։

Նախնական տեղեկություններով վեճը ծագել է անչափահասների միջև, որին հետագայում միջամտել են մեծահասակները: Թե ինչն է եղել պատճառը, գյուղացիները կա՛մ չեն հիշում, կա՛մ իրենք էլ հղում են անում մամուլի հրապարակումներին:

Վարկածներից մեկն այն է, որ դեպքը կապված է տարիներ առաջ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության հետ:




XS
SM
MD
LG