Մատչելիության հղումներ

Գավառում տեղի ունեցած դեպքը ցույց է տալիս, որ ուժային կառույցներն իրենց տեղում չեն. իրավապաշտպան


Երեկ Գավառում տեղի ունեցած դեպքը ցույց է տալիս, որ ուժային կառույցներն իրենց տեղում չեն, կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Ոստիկանության գործողությունները զրո արժեք են ունեցել, որովհետև երբ նման մեծ միջադեպ է տեղի ունենում, որը մարզպետի խոսքերով՝ նաև նախապատմություն է ունեցել, ոստիկանությունը առնվազն պետք է նախապատրաստված լիներ այս իրավիճակին և պատկերացներ, թե ինչ է տեղի ունենալու հաջորդիվ։ Եթե ուզենային, ես վստահ եմ՝ կարող էին կանխել, դա մեծ խնդիր չէր, որովհետև դեպքը տեղի է ունեցել 17։40, շատ ավելի ուշ ժամի նոր տեղափոխվել են դեպի հիվանդանոց։ Այսինքն՝ մի քանի ժամ շարունակ ոստիկանությունը հնարավորություն է ունեցել տեղեկատվություն հավաքագրելու և անհրաժեշտության դեպքում, ինչու ոչ, նաև Երևանից կամ մոտական մարզերից համապատասխան ուժեր համալրելու և խնդիրը լուծելու։ Այնպես որ ես կարծում եմ՝ սա սաբոտաժ է, ուրիշ ոչինչ», - ասաց Կարապետյանցը:

Ըստ Գեղարքունիքի մարզպետի՝ փոխհրաձգությունից հետ հիվանդանոցի մոտ հավաքված, այնուհետև բուժհաստատություն ներխուժած քաղաքացիների թիվը մի քանի անգամ գերազանցել է ոստիկանների թվին։

Իրավապաշտպանը կարծում է՝ եթե ոստիկանությունը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և բավարար կազմով լիներ, նման արյունալի դեպք տեղի չէր ունենա։

«Նախ պետք է օպերատիվ ծառայությունները հավաքեին օպերատիվ տեղեկատվություն և հասկանային, թե ինչ է կատարվում երկու գյուղերում, որովհետև հասկանում եք, չէ՞, Գավառը փոքր քաղաք է, Նորատուսն էլ Նյու Յորք չի, իրենք կարող էին շատ արագ ինֆո հավաքել, թե ինչ է տեղի ունենում ներսում, ինչ խմորումներ են տեղի ունենում, համարենք, որ 500 չի, 50 հոգի է եղել, և 50 հոգի հավաքվում են, դուք պատկերացնո՞ւմ եք Գավառի նման տարածքում 50 հոգու եռուզեռը, էդ մարդկանց շարժը, էդ վրդովմունքը: Իրենք լուռումունջ, համեստ, գլուխները կախ, ձողերը գրպաններում պահած հո չէին գնացել, պարզ է, չէ՞, որ դա աղմուկով է եղել», - նշեց Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ կարծում է՝ տեղի ունեցածը իրավապահ համակարգը չբարեփոխելու հետևանք է:

«Ամբողջ գործընթացը տեղի է ունեցել իրավապահ մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի կամ նույնիսկ կարելի է ասել նրանց ոչ համարժեք գործողություններին զուգահեռ: Կանխման, բացատրական աշխատանքների մասին որևէ տեղեկություն նույնպես չունենք, և այն իրավիճակը, որ ստեղծվել է հիվանդանոցում, հանդիսանում է արդյունքը այդ չարված աշխատանքների։ Կանխարգելիչ գործողությունների տեսակետից իրավապահ մարմինները, տվյալ դեպքում՝ ոստիկանությունը, բացարձակապես եղել են ոչ իր դիրքերում, որը լուրջ մարտահրավեր է, սա լուրջ հարված է ընդհանրապես իրավապահ մարմինների նկատմամբ և իրավական համակարգի նկատմամբ, սա հետևանք է չբարեփոխված իրավապահ մարմինների», - ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանը նշում է՝ պետք է քննություն տարվի նաև, թե ինչ գործողություններ են իրականացրել իրավապահ մարմինները. «Տենանք անհրաժեշտ իրենց բոլոր պարտականությունները կատարել են, թե չէ»։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG