Գավառում տեղի ունեցած արյունոտ պատմության հետևանքով այս պահին երևանյան բուժհաստատություններում են երեք հոգի։
«Արմենիա» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գավառցիներ Արմեն Հայթյանն ու Վարդան Դավոյանն են։ Բուժկենտրոնի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը նրանց վիճակը բնորոշում է կայուն, միջին ծանրության:
«Երկուսի մոտ էլ հրազենային ձախ ստորին վերջույթի՝ ոտքի վնասվածք՝ բեկորային կոտրվածք որպես, բացի դրանից Վարդանի մոտ առկա է նաև թոքի սալջարդ, իսկ Արմենի մոտ առկա է պնևմոհեմոթորաքս, ժողովրդական լեզվով ասած՝ որ արյուն է լցվում թոքի պլևրայի մեջ», - ասաց Բուժկենտրոնի վիրաբուժական գծով տնօրենը:
Աշոտ Կուրղինյանի տեղեկացմամբ՝ նրանք Հանրապետական հիվանդանոց են տեղափոխվել միջադեպից հետո և ոչ թե Գավառի հիվանդանոցից։
Հիշեցնենք՝ նորատուսցիների և գավառցիների միջև կրակոցներով բախումը երկու երիտասարդի մահվան պատճառ էր դարձել, իսկ Գավառի հիվանդանոց տեղափոխված վիրավորների հետևից հաշվեհարդարի նպատակով մի խումբ էր ներխուժել: Ըստ Քննչական կոմիտեի, մահացածների հարազատները մտածելով, որ իրենց հարազատներին սպանողները հիվանդանոցի վիրավորներն են, ներխուժել են հիվանդասենյակներ՝ կտրող-ծակող գործքիներով փորձել են սպանել նրանց։ Դավիթ Հայթյանը ամենածանր վնասվածքներն է ստացել, նա այժմ «Էրեբունի» բուժկենտրոնում է: Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանի խոսքով՝ վիճակը կայուն ծանր է:
«Ունենք կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած ներթափանցող վնասվածք, ունենք մարմնի տարբեր հատվածների նորից կտրած վերքեր: Հիվանդը մեզ մոտ տեղափոխվել է արդեն վիրահատությունից հետո, իր վիճակն այս պահին ծանր է, սակայն բավականին կայուն կարգավիճակի մեջ է: Ապահովության համար դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», - ասաց Մուրադյանը:
Պարանոցի հրազենային վնասվածքով նույն բուժկենտրոնում էր նաև 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը: Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը տեղեկացրեց՝ նրա վերքը վիրաբուժական մշակման է ենթարկվել, ինքն էլ արդեն դուրս է գրվել:
Բուժհաստատությունները, որտեղ գտնվում են արյունոտ միջադեպից տուժածները, ոստիկանական խիստ հսկողության ներքո են
«Ոստիկանությունը և՛ ռեանիմացիոն բաժանմունքում կա ներկա պոստ էսպես ասած, ավելի շատ բուժանձնակազմի համար նաև, որովհետև նախադեպը արդեն Գավառում եղել էր, և՛ առաջին հարկում ունենք, և՛ ընդհանուր», - նշեց Աշոտ Կուրղինյանը:
Երեկ տեղեկություն տարածվեց, թե հաշվեհարդարը շարունակվում է ու Գեղարքունիքի մարզից մի խումբ հասել է Հանրապետական հիվանդանոց։ Բուժկենտրոնում տեղեկությունը հերքեցին: Զրուցեցինք նաև նորատուսցիներից մեկի հետ, ասաց՝ գյուղում խաղաղ է:
«Ժողովուրդը խախանդ է, բայց չորս ավտոբուս գյուղի մեջ ֆռում են՝ անվտանգությունը պահպանելու, բայց դե գյուղը խախանդ-խախանդ է: Բայց երեկ գրած էր՝ նորատուսցիները Հանրապետականում են, էդ սուտ բան էր», - ասաց Նորատուս համայնքի բնակիչ Լուսիկ Կոստանյանը:
Վաղը միջադեպի հետևանքով սպանված 30-ամյա Վահե Ավետիսյանի ու 31-ամյա Զորիկ Պարոնիկյանի հուղարկավորություններն են:
Քրեական այս պատմությունը քննվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Քրեական գործ է հարուցվել երկու անձի սպանության, չորսին հրազենային վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ:
Երեկ ձերբակալված էր 15 անձ, այսօր Քննչական կոմիտեն ևս 3-ին ձերբակալելու որոշում է կայացրել: