Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ազատել նրան կալանքից։ Միջնորդության հիմքը նոր` կորոնավիրուսի համաճարակի պայմաններում խոցելի տարիքում գտնվող պաշտոնաթող նախագահի վարակման վտանգն է։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց՝ դատարանի նախագահին նաև խնդրել է այս միջնորդությունը մակագրել այլ դատավորի, քանի որ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 8-ին է նշանակել հաջորդ դատական նիստը։
«Խափանման միջոցի վերաբերյալ ցանկացած միջնորդություն ենթակա է անհապաղ քննություն: Այսինքն՝ դատարանի նախագահը արդեն երկու օր ուշանում է պատասխանի հարցում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Խուդոյանը:
«Ազատության» հարցին՝ իսկ տրամաբանական չի՞ լինի հնարավոր պատասխանը, որ կարող են միջնորդություն ներկայացնել մայիսի 8-ին կայանալիք դատական նիստին, փաստաբանն արձագանքեց. - «Նույն տրամաբանությամբ կարող են նշել, որ 2021 թվականի մայիսի 8-ին դատ կարող է լինել, տարբերություն չի լինի: Որովհետև առանց այդ էլ դատարանի նախագահի անգործության պատճառով հետաձգվել է քննությունը, թեև պետք է այդ հարցը լուծվեր մարտի 17-ին-18-ին: 15 օր ձգելն էլ էլի խնդիր առաջացնելու է, էլի խախտում առաջացնելու է, էլի՝ դատարանի նախագահի մեղավորությամբ»:
65-ամյա Ռոբերտ Քոչարյանը 2019 թվականի հունիսի 25-ից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։ Փաստաբանների փոխանցմամբ՝ մարտի 9-ին նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով։ Այնտեղ նախկին նախագահը բուժում էր ստացել մոտ մեկ ամիս։ Ամիսներ առաջ էլ Քոչարյանը վիրահատվել էր։
Հովհաննես Խուդոյանն ասում է՝ բանտային պայմաններում վտանգը մեծ է։ «Այս շրջանում, այո, ցանկացած կալանավորի համար, ով ռիսկային խմբում կարող է գտնվի, քրեակատարողական հիմնարկում պահելը անմարդկային վերաբերմունք է, ու դա վերաբերում է ցանկացած կալանավորի», - պնդեց փաստաբանը՝ շարունակելով. -«Քրեակատարողական հիմնարկը էնքանով է վտանգավոր, որ քրեակատարողական հիմնարկի աշխատողները էնտեղ մեկուսացված չեն, ամեն օր գնում են տուն, գալիս են: Իրենց շփման շրջանակը անհայտ է, իրենց միջոցով կարող է վիրուս ներթափանցի ներս: Արդեն փաստորեն դեպք ունենք քրեակատարողական հիմնարկի աշխատողների վարակման, բարեբախտաբար՝ Քրեակատարողական ծառայության էն կազմն է եղել, որը չի շփվել էդ օրերին կալանավորների հետ «Վարդաշեն»-ում, բայց ամեն պահի կարող է լինել նաև հակառակը»:
Քոչարյանի և նրա նախկին ենթակաների՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդեն մեկ ամսից ավելի է դատական նիստեր չի անցկացնում։ Դատավորն առողջական խնդիրներ ուներ և միայն վերջերս է վերադարձել աշխատանքի։ Նիստի օր էլ նշանակել է մայիսի 8-ին։
Դեռ մեկ ամիս առաջ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետների անձնական երաշխավորության դիմաց նախկին նախագահին կալանքից ազատելու վերաբերյալ։ Սակայն դրանից հետո դատավորն առողջական խնդիրների պատճառով հետաձգեց նիստերը, և այս հարցը դեռ չի քննվել։
Հայաստանը 1998-2008 թվականներին ղեկավարած Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ենթարկվում է քաղաքական հետապնդման։