Մատչելիության հղումներ

Դատարանը հրաժարվեց մակագրել Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը այլ դատավորի


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։

Ի պատասխան Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ սույն քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում, «հետևաբար, նշված միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակում»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն, իր հերթին, կապ է հաստատել դատավոր Դանիբեկյանի աշխատակազմի հետ, որտեղից պատասխանել են, որ դատավորը դեռ վատառողջ է։

Աշխատակազմը տեղեկություն չուներ, թե երբ նա կկարողանա աշխատանքի գալ։ Աննա Դանիբեկյանը սովորաբար դատական նիստերը նշանակում է երեքշաբթի օրերին, սակայն մինչ այս պահը Քոչարյանի փաստաբանական թիմը չի ծանուցվել վաղվա՝ մարտի 24-ի նիստի մասին։

Հիշեցնենք, որ սույն քրեական գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։

Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

XS
SM
MD
LG