Մատչելիության հղումներ

«Էրեբունի» ԲԿ-ում ստացիոնար բուժում ստանալուց հետո Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ


«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո այսօր առավոտյան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, «Ազատությանը» փոխանցեց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Բժիշկները նախկին նախագահի առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։ Փաստաբանական թիմը քննարկում է ստեղծված համաճարակային իրավիճակում Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցը։

Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ արդեն իսկ հայտնի է, ՔԿ համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, իսկ թեստեր բավարար չափով չեն հանձնվում։ Հաշվի առնելով այդ, պաշտպանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Փաստաբանական թիմը Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին վերաբերող մանրամասն տեղեկատվություն՝ բժշկական եզրակացություն, ստացած բուժում, չի հրապարակում, քանի որ դա խիստ անձնական տեղեկություն է և բժշկական գաղտնիք։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում էր մարտի 9-ից:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից:

XS
SM
MD
LG