Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևոր է համարում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխությունը՝ «համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։ ԱԺ-ի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նրա հայտարարությունները որակում է «դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ»։
Գարեգին Երկրորդը դիրքորոշում էր հայտնել news.am-ի հարցմանն ի պատասխան, բայց նրա հայտարարությունը տարածվել է նաև Մայր աթոռի ֆեյսբուքյան էջում․ - «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։
Ալեն Սիմոնյան․ - «Տասնամյակներ շարունակ որևիցե դեպքում չի խառնվել տարբեր մարդկանց բանտարկելիս, նույն Հաց Բերողին բանտարկելիս, որը բազմաթիվ հիվանդություններ ուներ, և այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հիմնական պատճառը մահանալու դա եղավ։ Չի խառնվել Մարտի 1-ին, չի խառնվել ընդհանրապես որևիցե քաղաքական կամ որևիցե իրավական գործընթացի։ Եվ հիմա նման արտահայտությունը, նման կոչով հանդես գալը համարում եմ քաղաքականության մեջ մտնել և դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ»։
«Կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ», - Ազատության» հետ զրույցում հայտարարել է վարչապետի Նիկոլ Փաշխնյանի խոսնակ Մանե Գևորգյանը, բայց և հիշեցրել Քոչարյանի մերձավոր գործարարներից, այժմ հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանի երաշխավորության պատմությունն ու ակնկալել, որ Մայր Աթոռը «կվերագնահատի դրա հետևանքով առաջացած վիճակը»․ - «Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան»։
Պաշտպանները մեկ տասնյակից ավելի անգամ միջնորդել են փոխել կալանավորված Քոչարյանի խափանման միջոցը: Դատախազությունը բոլոր դեպքերում դեմ է եղել:
«Ազատության» հարցին՝ այժմ հիմքեր տեսնո՞ւմ են, Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց․ - «Այս պահի դրությամբ դատարանի վարույթում դրա վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը կա, որը պետք է քննարկվի։ Առաջիկա դատական նիստի ընթացքում կլսեն դատախազները ներկայացվող հիմնավորումները և, դրանից ելնելով, դիրքորոշում կարտահայտեն։ Իսկ ինչ վերաբերում է Վեհափառի հայտարարություններին, ապա դրանք դուրս են քրեադատավարական պրոցեսներից և մեր կողմից մեկնաբանվելու ենթակա չեն»։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նախընտրում է չմեկնաբանել կաթողիկոսի հայտարարությունը: Փաստաբաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ մոտ մեկ ամիս առաջ դատարան են ներկայացրել Հայաստանի ու Ղարաբաղի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն: Հարցը դեռ չի քննարկվել՝ դատավորի բացակայության պատճառով։ Հաջորդ նիստի օրը հայտնի չէ, բայց փաստաբանները տեղեկություն ունեն, որ դատավոր Դանիբեկյանը երկու օրից վերադառնում է աշխատանքի, կարծում են՝ համաճարակի պայմաններում միջնորդությունը ենթակա է անհապաղ քննարկման։
Մոտ մեկ ամիս քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստացած, վերջերս կալանավայր տեղափոխված Քոչարյանի առողջական վիճակը արդյո՞ք ծանր է․․․ այդպես էլ չհստակեցվեց, թե ինչ խնդիրներ ուներ նախկին նախագահը։
«Ոչ թե այնքան հարցն է, թե սովորական պայմաններում այդ առողջական խնդիրները ինչ հետևանք կարող են ունենալ, այլ հատկապես համաճարակի վիճակում, երբ որ այդ հանգամանքները ուղղակի երկրորդ նախագահին ներառում են խոցելի սոցիալական խմբերի կազմում, այսինքն՝ 60-ն անց տարիքը և որոշակի առողջական խնդիրների առկայությունը», - ասաց Խուդոյանը։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանի խոսքով, Գարեգին Երկրորդի հայտարարության մասին տեսակետները քննադատությունից անդին են անցել, հասել ատելության խոսքի․ - «Կաթողիկոսը կարող է ցանկացած հավատացյալի հետ կապված անել որևէ հայտարարություն։ Ինչո՞ւ չի արել ժամանակին, ինչո՞ւ հիմա է անում․ դա հարցեր են, որոնք կարող են ուղղել Կաթողիկոսին։ Բայց դա պետք է արվեր ծայրագույն հարգանքով»։
Իրավապաշտպան Արթուր Սաքոնցը համաձայն չէ, թե Ռոբերտ Քոչարյանը Կաթողիկոսի համար սովորական հավատացյալ է։ Նա պնդում է, թե Առաքելական եկեղեցու առաջնորդը նախկին երկու նախագահների կառավարման տարիներին սերտաճած է եղել քաղաքական համակարգին․ - «Կաթողիկոսի այս միջնորդությունը՝ այսպես կոչված, ամբողջովին համընկնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության խմբի տարբեր ներկայացուցիչների կողմից այս նույն ժամանակահատվածում նմանաբնույթ միջնորդությունների և հայտարարությունների հետ։ Այսինքն՝ Կաթողիկոսը հանդես է գալիս այլևս որպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության խմբի անդամ»։
Բուռն քննարկումներին երեկոյան մոտ արձագանքեց նաև Մայր Աթոռը՝ հանդես գալով կաթողիկոսի դիրքորոշումը չքաղաքականացնելու կոչով: Վեհափառ Հայրապետի կեցվածքն, ըստ եկեղեցու, «ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին»։