Բժիշկները արդեն մեկ ամիս է` գիշերում են հիվանդանոցում

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկները, կենտրոնը սպասարկում է միայն կորոնավիրուսով հիվանդներին, 20-ը ապրիլի, 2020թ.

Մեկ օրվա ընթացքում երկու նոր մահ կորոնավիրուսից, Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: Մահվան ընդհանուր թիվը հասավ 22-ի։

Մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 48 նոր դեպք, ապաքինվել է ևս 35 մարդ։ Այսպիսով, հաստատված դեպքերը հասան 1339-ի, նրանցից 580-ն ապաքինվել են։ Այս պահին բուժվում է 737 մարդ։ Ի դեպ, ծանր հիվանդների թիվը չի նշվում: Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ այդ ցուցանիշը կայծակնային արագությամբ փոխվում է, այդ պատճառով չեն հրապարակում:

Արցախում մինչև օրս գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են: Այստեղ կա 25 մեկուսացած անձ, ծանր դեպքերի մասին ևս չի նշվում: Արցախի պարետի այսօրվա որոշմամբ սահմանային անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի քաղաքացիների ելքը դեպի Հայաստան որոշ բացառություններով:

Վերադառնալով Հայաստան` կորոնավիրուսով հիվանդներից 75-ը այս պահին գտնվում են Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում: Սա մեկն է այն ինը բժշկական կենտրոններից, որոնք կառավարության որոշմամբ սպասարկում են միայն կորոնավիրուսով հիվանդներին։ Այս կենտրոնում 11 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում է, 2-ի վիճակը ծանր է։

«Առաջին օրերի լարվածությունը կարելի է ասել` լրիվ անցել է»,- ասում է բժշկական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը, որը մեկն է այն բժիշկներից, որ արդեն մեկ ամիս է` տանը չի գիշերում.- «Աշխատանքի ծավալը բավականին շատ է, երկրորդը` կա նաև վտանգ` ինֆեկցիան որպես կոնտակտավորներ տուն տանելու: Աշխատանքը ասեմ, որ բավականին ծանր էր, հիմա մի քիչ կարգավորվել է, բայց իմ գրեթե բոլոր բժիշկները գիշերում են կա՛մ հիվանդանոցում, կա՛մ հյուրանոցում, եթե հնարավորություն կա, իսկ տնեցիների հետ հիմնականում նոր ենք սկսել շփվել, երբ երեկոյան կարճ ժամանակ է լինում ազատ, բնական է տեսակապի կամ հեռախոսի միջոցով: Առաջ այդ հնարավորությունը նույնպես չկար, որովհետև աշխատանքը մինչև գիշերվա 1-2-ը տևում էր, և բնական է` այդ ժամին քնած էին լինում տան անդամները»:

Հերոսություն սրա մեջ չի տեսնում, ասում է` իրենց գործն է։ Միայն բոլոր բժիշկների անունից խնդրում է բոլորիս՝ մնանք տանը, որ բժիշկներն էլ ի վերջո տուն գնան.- «Վտանգն անցած չի, և եթե մենք բոլորս սկսենք շփվել, վերադառնալ մեր նախկին ռեժիմին, զբոսնել, գուցե և ավելի մեծ վարակվածություն ունենանք»:

Հիվանդանոցում այս պահին 156 մահճակալ կա, ևս 20-ը կավելանան բաժանմունքներից մեկի վերանորոգումից հետո։ Հիվանդները տարբեր տարիքային խմբերից են: Հիմա կենտրոնում երեք երեխա կա` 2, 4, 10 տարեկան: Հուսադրող լուրերից՝ վերջին օրերին այստեղից դուրսգրումներն ավելի շատ են եղել, այդ թվում` հինգ երեխա և մեկ հղի կին: Մահվան դեպքեր այս հիվանդանոցում չկան, բժիշկներից ոչ ոք հիվանդ վարակված չէ:

«90 լավացած կա: Դա պիտանական աշխատանքի արդյունք է: Ունեցել ենք արհեստական շնչառական ապարատին միացած 3 ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնցից մեկը լավացումով տանն է արդեն, մյուս երկուսն անջատվել են ապարատներից, շնչում են ինքնուրույն, և մեկը տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք, մյուսը` մոտակա օրերին»,- նկատում է Կարեն Պողոսյանը:

Բժշկի խոսքով` իրենց անձնակազմի 90 տոկոսը մնացել է հիվանդանոցում: Մասնագիտությամբ վնասվածքաբան-օրթոպեդները շատ կարճ ժամանակում վերապրոֆիլավորվել են, որոշների մոտ էլ նոր մասնագիտական հակումներ են նկատվել: Հիվանդների հետ անքուն գիշերներ անցկացնող բժիշկներ Սուսաննա Մանուկյանը, Սերգեյ Մելոյանն ու Արտաշես Գրիգորյանը կարճ ժամանակով միացան «Ազատության» հետ հեռավար զրույցին:

«Հիմնականում հանգիստ են հիվանդները, տեսնում են մեր աշխատանքը, գնահատում են, բոլոր բժիշկները պատրաստակամ են, անընդհատ մտնում են, հիվանդների հետ զրուցում են, եթե ինչ-որ մեկի մոտ էլ լինում է տագնապային վիճակ, վախ, դե պահի տակ բոլորի մոտ էլ կարող է լինել, մարդ են, անպայման խոսում ենք դրանից հետո հանգստանում են»,- պատմեց Սուսաննա Մանուկյանը:

Զրույցին միացած Արտաշես Գրիգորյանն էլ այս ընթացում մեկ անգամ է տեսել իր երեխաներին պատուհանից.- «Իհարկե, խուսափում ենք, բա ո՞նց վտանգի ենթարկենք երեխաներին, ընտանիքին, ծնողներին: Ամեն ինչ պետք է հաշվի առնել»:

Ի դեպ, բժշկական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը​ ներկայացրեց` Արտաշես Գրիգորյանին, որը տրավմատոլոգ-օրթոպեդ է, բայց վերջին 4 օրերին ներգրավել են որպես «հոգեբան».- «Որովհետև բոլոր հիվանդները, որոնք ինչ-որ անհանգստություն, վախեր ունեն, ճիշտ է` մենք հոգեբանի, հոգեբույժի կոնսուլտացիաներ անում ենք, բայց պարզվում է, որ մեր Արտաշես Վահանիչի հետ զրուցելիս ավելի շատ են հանգստանում, և պատկերացնո՞ւմ եք` ինչ թաքնված ունակություններ են հայտնաբերում մեր բժիշկների մոտ»:

Հիվանդությունը ախտահարելուց հետո էլ բժիշկները դեռ 14 օր պետք է մեկուսանան: Այս բաժանումն ամենադժվարը տանում են բժիշկների երեխաները: Բժիշկ Կարեն Պողոսյանի աղջիկը` Նանեն, մայիսի 29-ին 11 տարեկան է դառնալու: Ծննդյան տոնի ամենամեծ նվերը կլինի, եթե հայրիկը տուն վերադառնա.- «Այնպես որ ժողովո՛ւրդ, օգնեք մերոնց` մնացեք տանը, որ տուն վերադառնան»: