Կորոնավիրուսի հետևանքով 75-ամյա կին է մահացել։ Սա մահվան 20-րդ դեպքն է:
Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ կինը երկկողմանի թոքաբորբ է ունեցել և ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
«Զարկերակային գերճնշում, ճարպակալում, աթերոսկլերոզ: Բուժման ընթացքում նրա մոտ զարգացել է սուր շնչական անբավարարություն», - նշեց Նիկողոսյանը:
Այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ երկրում վարակի 47 նոր դեպք է գրանցվել, թեստավորվել են աննախադեպ մեծ թվով՝ ավելի քան հազար քաղաքացիներ: Այս պահին Հայաստանում վարակակիրների թիվը 1248 է, 523 հոգի բուժվել է, միայն վերջին մեկ օրում 121 հոգի է ապաքինմամբ դուրս գրվել բուժհաստատություններից։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է թեստավորման հզորություններն օրական հազարի հասցնելը բարդ գործ էր, երբևէ Հայաստանում այդքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել:
Վերլուծելով վարակի տարածման դինամիկան՝ նախարարը նաև նշել է՝ դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է, և եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք:
Ի դեպ, 13 օր առաջ վարակակիրների թիվը կրկնապատկվում էր ավելի արագ՝ 7 օրը մեկ:
Ավելի վաղ նախարար Թորոսյանը պարզաբանել էր. «Մեր բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ տեմպը գնալով դանդաղի, որպեսզի մենք ունենանք սկզբի համար ուղիղ այնքան նոր դեպք, որքան կունենանք առողջացած պացիենտ, իսկ հետո ավելի քիչ նոր դեպք, քան առողջացած պացիենտ»:
Կորոնավիրուսի վարակի դեպքեր արձանագրվել են բոլոր մարզերում: մինչև երեկ Գեղարքունիքը միակ տարածքն էր, որտեղ վարակակիրներ չկային: Մարզում, սակայն, մեկ դեպք երեկ արդեն գրանցվել է:
Վարակակիրը Վարդենիսի բուժկենտրոնի բժշկուհիներից մեկն է:
Նա մեկ շաբաթ առաջ առողջական խնդիր է ունեցել և աշխատանքի չի գնացել, տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ինքը բավական լավ է հիմա արդեն իրեն զգում, իր մոտ հաստատվել է, ընտանիքի անդամները Երևանում են, անցնում են համապատասխան բուժզննությունները: Շփման շրջանակը հնարավորինս պարզել ենք՝ մոտ 50, 50-ից ավելի մարդու մասին է խոսքը, բոլորն ինքնամեկուսացված են», - ասաց մարզպետը:
Վարդենիս մուտքն ու ելքը չի փակվել, բայց խիստ հսկողություն է սահմանված, տեղեկացրեց Սանոսյանը։
Այս պահին կարանտինային խիստ հսկողության տակ է միայն Արարատի մարզի Նորաշեն գյուղը, այստեղ երրորդ օրն է, ինչ ելումուտն արգելված է, սահմանափակումը կհանվի այսօր՝ ուղիղ կեսգիշերին։
Կորոնավիրուսից մահվան վերջին դեպքերը գրանցվել են հիմնականում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում, փոխտնօրեն Պետրոս Մանուկյանն ասում է՝ պատճառն այն է, որ այստեղ են ուղեգրվում ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդները:
«Մնացած բուժհաստատություններում, որտեղ ստանում են բուժում կորոնավիրուսի վարակով հիվանդները, վիճակի ծանրությունով պայմանավորված՝ տեղափոխվում են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հագեցած է համապատասխան վերակենդանացման ծառայության համար անհրաժեշտ սարքավորումներով, անձնակազմով», - նշեց փոխտնօրենը:
Պետրոս Մանուկյանն ասում է՝ հարյուրավոր ապաքինումներ են ունեցել, նաև մանկահասակ երեխաներ. «Որոնք չեն եղել ծանր վիճակում և համապատասխան բուժում, հսկողություն իրականացնելուց հետո մի մասն արդեն ապաքինված վիճակում դուրս են գրվել»:
Երկու շաբաթ առաջ այս բուժկենտրոնը վերապրոֆիլավորվեց և սպասարկում է միայն կորոնավիրուսով հիվանդներին, 400 մահճակալ է նախապատրաստվել, բարեբախտաբար, թիվն ավելացնելու կարիք չի եղել:
«Եթե հանկարծ թվաքանակը մեծ լինի, մենք պատրաստ ենք ծավալել ևս լրացուցիչ 100 մահճակալ: Այս պահին մենք ունենք կահավորված ռեանիմացիոն մահճակալներ՝ 86 մահճակալ», - ընդգծեց Մանուկյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի 350 հոգանոց անձնակազմը տուն չի գնում արդեն 13 օր, փոխտնօրենը գիշերում է հենց հիվանդանոցում:
«Աշխատանքի ծանրաբեռնվածությունն այն աստիճան է, որ մինչև գիշերը ժամը 1-ը, 2-ը և ավելի աշխատել, որից հետո արդեն հյուրանոց գնալը դառնում է աննպատակահարմար», - ասաց նա:
«Հերթափոխն ավարտեցինք, հյուրանոց ենք գնում», - ասում է ընդունարանի բաժնի վարիչ, վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Կարեն Տոնոյանը:
Պաշտպանիչ միջոցների պակաս չկա, բժիշկ Տոնոյանն ասաց՝ օրը մի քանի անգամ հանգուստն էլ ամբողջությամբ փոխարինում են, հընթացս զարկ տալիս երևակայությանը:
«Տարբեր բաներ ենք մտածում՝ ձեռքի հագնելունը ոտքին ենք նաև հագնում, որ կարողանանք ավելի հերմետիկ, ավելի պաշտպանված, ավելի հարմարավետ», - ասաց բժիշկը:
Բուժկենտրոնում կորոնավիրուսի վարակ է հաստատվել նաև բուժանձնակազմից մի քանի հոգու մոտ, վերակենդանացման բաժնի հերթապահն ասում է՝ սոցիալական անհրաժեշտ հեռավորություն պահում են, բայց երբ խոսքը հիվանդի կյանքը փրկելու մասին է, հեռավորությունն էլ, պաշտպանիչ միջոցն էլ երկրորդական են դառնում:
Այդպես, օրինակ, բան չպատահեց 90-ամյա վարակակիր տատիկին, նրան ծայրահեղ ծանր երկկողմանի թոքաբորբով հասցրել էին այս բուժկենտրոն։ Վերակենդանացման բաժնից երեկ անփորձանք տեղափոխվել հիվանդասենյակ: