Աշխարհում հայտնաբերված COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 2,4 միլիոնից, ավելի քան 165 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, 625 հազարից ավելին բուժվել է:
Այսօրվանից կարանտինային միջոցառումները փոքր-ինչ մեղմացվում են Գերմանիայում, Չեխիայում, Ավստրիայում, Նորվեգիայում, Իսպանիայում (թույլատրվել է զբոսնել երեխաների հետ):
Զգուշավոր լավատեսությամբ հայտարարում են, որ համաճարակի թվերը նվազում են Իտալիայում, Իսպանիայում և Գերմանիայում, Նյու Յորքում էլ մահացությունը սկսել է ընկնել:
Մեծ Բրիտանիայում, որտեղ հիվանդությունից մոտ 16 հազար մարդ է մահացել, թագուհին խնդրել է չեղարկել իր ծննդյան տոնին նվիրված հրավառությունը: Երկրի խորհրդարանը վաղը փորձելու է վիրտուալ նիստ անցկացնել:
Վարակվածների և մահացածների ամենամեծ թվերը շարունակում են գրանցվել Միացյալ Նահանգներում՝ վարակվածների թիվն այստեղ գերազանցել է 764 հազարը, զոհվել է 40.5 հազար մարդ: Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանին «հետևանքներով», եթե պարզվի, որ կա կորոնավիրուսային վարակի կանխամտածված, «գիտակցված» բռնկում:
Ռուսաստանում շարունակում են գրանցել վարակվածների թվի ռեկորդային աճ: Կիրակի առավոտյան հայտարարվել է 6 հազար 60 նոր դեպքի մասին: Երկրում հիվանդների ընդհանուր թիվը մոտենում է 43 հազարին, մահացել է 361 մարդ: Երեկ Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված 28 մարդ: