Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն».- Պարո՛ն նախագահ, այս համավարակի պայմաններում մարդիկ խոսում են այն մասին, որ փաստորեն արտակարգ դրություն է, ձեռնարկությունները փակվել են, մարդիկ դժգոհում են, որ աշխատանքի չեն կարող գնալ, ոմանք ասում են, որ թեև պետությունն օգնում է, բայց դա բավարար չէ, իրենց վիճակը վատ է: Ինչպե՞ս է համավարակն անդրադառնալու Հայաստանի տնտեսության և ընդհանրապես հանրային կյանքի վրա դրանից բխող:
Արմեն Սարգսյան.- Գիտեք ինչ, ինչ որ Դուք նկարագրում եք, միայն հայկական երևույթ չէ, ամբողջ աշխարհում ճիշտ նույնն է տեղի ունենում` և՛ մեր հարևան երկրներում, և՛ մեր բարեկամ երկրներում, և՛ ոչ բարեկամ երկրներում, և՛ մեծ ու փոքր պետություններում: Աշխարհում համարյա չկան պետություններ, որոնք ճիշտ նույն խնդիրները չունենան, այնպես որ խնդիրը միայն հայկական չէ: Իհարկե, մեր տունը մեզ է մոտ, և հետևաբար մեր ցավն ու անհանգստությունը մեր երկրի համար է, նախևառաջ և՛ տնտեսության համար, և՛ գործարարների, որոնք չեն կարողանում իրենց հիմնարկներն աշխատեցնել, և՛ այն աշխատավորների, որ այդ նույն հիմնարկներում են աշխատում: Իհարկե և՛ գործարարի, և՛ ընկերությունների ֆինանսական հնարավորություններն են սահմանափակ, և իհարկե առանձին անհատների, և ամենակարևորը այն անհատների կամ ընտանիքների, որոնք սոցիալական և տնտեսական դժվարություններ ունեցել են մինչև կորոնավիրուսը, այսինքն` նրանց եկամտի աղբյուրը բավարար է եղել ասենք ապրելու, բայց դժվար ապրելու համար:
Իմ մտքերն անընդհատ այդպիսի ընտանիքների համար են, որովհետև նրանք այսպես կոչված` գոյատևման ռեզերվ չունեն, որ կարողանան մեկ, երկու, երեք ամիս, և բնական է, որ կարիք ունեն աջակցության, և այդ աջակցությունը միայն պետականը չի, որ պետք է լինի: Իհարկե, պետությունը և տնտեսությունը պետք է շատ խիստ համագործակցեն, և ես տեսնում եմ` կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է և՛ ֆինանսական ոլորտում, և՛ սոցիալական ոլորտում, և՛ գործարար ոլորտում: Իմ հնարավորությունների սահմաններում, երբ որ առիթը կա, ես իմ խորհուրդներն իհարկե տալիս եմ, բայց բավականին բարդ խնդիր է: Եվ սա հայկական խնդիր չէ, համաշխարհային խնդիր է, և բարդ խնդիր է գտնել այդ հավասարակշռությունը, բալանսը հանրային առողջության և հանրային բարեկեցության միջև, բայց նորից ամենավտանգված խավը մեր երկրում այն անհատներն են, որոնք մշտական աշխատանք չունեն, ունեն օրվա աշխատանք, այն ընտանիքները, որոնք միշտ էլ ունեցել են շատ փոքր եկամուտ, և այսօր այդ ընտանիքները` փոքր ընտանիքներ, մեծ ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ, պատկերացնում եք` ինչ դժվար օրեր են, ասենք յոթ, ութ, ինը, տասը երեխա ունեցող մայրերի և հայրերի համար, չնայած մենք միշտ նրանց քաջալերել ենք, որ որքան շատ երեխա ունենաք, այնքան լավ, բայց այսօրվա պայմաններում չեմ խոսում նրա մասին, որ այդ նույն երեխաներին տանը, փոքրիկ բնակարանում պահելը, դուրս բաց չթողնելը և այլն:
Պրոբլեմները հսկայական են, և իհարկե այն, որ պրոբլեմները միայն մերը չեն, համաշխարհային են, դա մեր կյանքը ավելի լավը չի դարձնում, ուղղակի պետք է փորձենք գտնել ճիշտ հավասարակշռությունը, ճիշտ բալանսը հանրային առողջության և սոցիալական խնդիրների ու տնտեսության զարգացման: Բարդ խնդիր է, պարզ ասենք, թվաբանության խնդիր չէ, բարդ խնդիր է, և այդ իմաստով շատ կարևոր է նաև այսօրվա միջազգային փորձը, չնայած այդ նույն փորձի մեջ կա և' դրական փորձ, և' բացասական, սակայն ես կարծում եմ` մենք ամեն օր ուշադիր, ուշի ուշով պետք է հետևենք համաշխարհային փորձին:
«Հայ պարկ»՝ համերաշխության և հիշողության համազգային այգի Ծիծեռնակաբերդի տարածքում
«Ազատությանը» տված հարցազրույցում նախագահ Արմեն Սարգսյանը խոսեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին:
Նախագահը նշեց, որ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհը պետք է վերագնահատի ինքն իրեն՝ նկատելով, որ կորոնավիրուսից հետոն սկսվում է այսօր. - «Հենց այսօր պետք է մտածենք, թե ինչպես ենք ապրելու կորոնավիրուսից հետո: Հայաստանի դեպքում կարելի է, օրինակ, սկսել ամենապարզից՝ հանրային առողջության ոլորտից: Այսօր ես իմ տան պատշգամբից քաղաքի անգամ հեռավոր թաղամասերն եմ տեսնում, Արարատ լեռն է ավելի պարզ երևում, ինչը նախկինում հնարավոր չէր: Այսինքն, հիմա մեր քաղաքի օդը 2-3 անգամ ավելի մաքուր է, քան կորոնավիրուսից առաջ: Ուրեմն ինչո՞ւ չմտածել այն մասին, որ մենք մաքուր օդ միշտ ունենանք»:
Երևանի այգիները նրա «թոքերն» են, և, որպեսզի մեր բնակչությունը կարողանա առողջ ապրել, պետք է այգիներ՝ «հանրային առողջ թոքեր» ունենալ, ընդգծեց Արմեն Սարգսյանը՝ շարունակելով. - «Շուտով մենք ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հիշեցնելու աշխարհին, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչելը կամ պատմության դասերը մոռանալը վտանգավոր է ողջ մարդկության համար: Այս առիթով ուզում եմ մի առաջարկ հնչեցնել, որի մասին դեռ տարիներ առաջ էի մտածում: Եթե Եղեռնի հուշարձանից նայեք մինչև «Հրազդան» մարզադաշտ, կտեսնեք հսկայական տարածություն, որը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 103 հեկտար է։ Այդ տարածքը մշակված չէ, իսկ մեր քաղաքը մեծ այգու կարիք ունի։ Առաջարկում եմ ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից անմիջապես հետո և կձգվի այդ 103 հեկտարով»։
«Տրամաբանությունը հետևյալն է. այգու առաջին հատվածը կազմված կլինի մասերից, որոնք կներկայացնեն մեր պատմական հայրենիքի շրջանները, ասենք՝ Վանը, Էրզրումը և այլն։ Երկրորդ շերտը կներկայացնի սփյուռքահայությանն՝ ամբողջ աշխարհով ապրող մեր հայ ժողովրդին, ենթադրենք՝ Մարսելի, Նյու Յորքի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի հայ համայնքները։ Երրորդը՝ մեր հայրենիքի այսօրվա շրջանները, քաղաքներն ու կառույցներն, օրինակ՝ Գյումրի կամ Երևանի պետական համալսարան։ Այս բաժանումը խորհրդանշական է այն իմաստով, որ ամբողջ տարածքը բաժանվում է առանձին կտորների և ծառեր են տնկվում։ Գեղեցիկ կլինի, եթե ծառերի քանակը լինի մոտավորապես 1,5 միլիոն՝ յուրաքանչյուր զոհի համար մեկ ծառ։ Այս այգին կնկարագրի մեր պատմական կորուստները և, միաժամանակ, այսօրվա հայկական աշխարհը, հայկական պետականությունը՝ Հայաստանով և Արցախով։ Ընդ որում՝ այգու առանձին կտորները բաժանելով և անուններ տալով, կարող ենք քաջալերել, որ օրինակ՝ վանեցիները վերցնեն այգու Վանա տարածքը և մշակեն։ Սա կդառնա համազգային այգի, հայկական այգի, Հայ պարկ», - մանրամասնեց նախագահը՝ կարևորելով, որ այգին մնա այգի և չդառնա ռեստորանների շարք։
Արմեն Սարգսյանը հայտնեց, որ ժամանակին այս գաղափարը քննարկել է Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկի հետ, որի գրասենյակը նույնիսկ ձևակերպել է գաղափարը:
«Կառավարությանը, վարչապետին և քաղաքապետին իմ նամակով առաջարկել եմ, որպեսզի այս հարցը քննարկենք: Նախ, սա առաջարկություն է, որ ինչ-որ ձևով հիշենք 105 տարի հետո մեր հսկայական կորուստները՝ և՛ մարդկային, և՛ պատմական, և՛ մշակութային, մյուս կողմից՝ համազգային ձևով, բոլորիս համերաշխ աշխատանքով ստեղծենք այգի, որը հենց մեր անունն էլ ունենա՝ «Հայ պարկ»։ Մենք աշխարհին ցույց կտանք, որ այս դժբախտությունից ճիշտ եզրակացություն ենք արել, և Երևանին նոր թոքեր կպարգևենք, որ մեր քաղաքն իր բնակիչներով ավելի առողջ պայմաններում ապրի, որովհետև 1,5 միլիոն ծառը մեր քաղաքի օդը շատ ավելի առողջ է դարձնելու։ Կարծում եմ՝ նույնը կարող ենք անել Գյումրիում կամ մյուս քաղաքներում, որոնք կարիք ունեն այգիների», - ասաց նախագահը:
Արման Սարգսյանի խոսքով՝ «Հայ պարկ»-ի հիմնման գաղափարը համազգային ծրագիր է: «Եթե կառավարությունը, քաղաքապետարանը հաստատեցին այդ գաղափարը, ես ինքս անձամբ, որպես նախագահական նախաձեռնություն կլծվեմ դրամահավաքին և աշխատանքների կազմակերպմանը, որովհետև կարծում եմ, որ սա շատ կարևոր ներդրում կլինի տարբեր իմաստներով՝ և՛ ազգային միասնություն ստեղծելու, և՛ մեր պատմության նկատմամբ հատուկ վերաբերմունքի, և՛ հանրային առողջության, և՛ ընդհանրապես», - հայտարարեց Հայաստանի նախագահը:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.