Կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է մեկ միլիոնի

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փողոցներն են ախտահանում, 25-ը մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում գերազանցեց 42 հազարը, վարակվածներինը մոտենում է 860 հազարին:

Նյու Յորք, ԱՄՆ

Վարակվածների թվով ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում ​

Մահացության ամենամեծ ցուցանիշը շարունակում է գրանցվել Իտալիայում՝ մոտ 13 հազար մարդ: Տեղի իշխանությունները հույս ունեն, որ երկիրը հասել է հիվանդացության թվի գագաթնակետին:

Զոհերի թվով երկրորդը Իտալիայի հարևան Իսպանիան է: Միայն երեկ այդ երկրում մահացել է 864 հոգի, նախորդ օրը` 849: Համաճարակը Իսպանիայում խլել է շուրջ 9 հազար մարդու կյանք: Արդեն երկու շաբաթ կարանտինի մեջ գտնվող Մեծ Բրիտանիայում 25,5 հազար դեպք է գրանցվել և մոտ 2 հազար մահ:

ԱՄՆ-ում զոհերի թիվն արդեն գերազանցում է 4 հազարը, վարակվածների թիվը մոտենում է 190 հազարին: Այս ցուցանիշով Միացյալ Նահանգներն առաջինն է աշխարհում:

ExCel ցուցահանդեսների կենտրոնը Լոնդոնում

Լոնդոնյան ExCel ցուցահանդեսների կենտրոնը` հիվանդանոց

Ինչպես Նահանգներում, այնպես էլ եվրոպական երկրներում հիվանդանոցները սկսել են չբավարարել: Մի շարք խոշոր քաղաքներում վարակվածների համար հանրային շենքերի տարածքներ են նախապատրաստվում:

Լոնդոնի արևելյան շրջանում գտնվող ExCel ցուցահանդեսների կենտրոնը վերածվել է ժամանակավոր հիվանդանոցի: 83 հազար քառակուսի մետր տարածք ունեցող այս կենտրոնում սովորաբար խոշոր ցուցահանդեսներ են բացվում, իսկ այժմ բրիտանական բանակը լծվել է այն ժամանակավոր հիվանդանոց դարձնելու աշխատանքներին: Սրան զուգահեռ Թագավորության կառավարությունը ևս երեք նոր հիվանդանոց է կառուցում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Բիրմինգհեմում և Մանչեսթերում:

Բելառուսում սահմանափակումներ չկան, սրճարանները, ռետորանները գործում են

Կորոնավիրուսից առաջին մահը Բելառուսում

Մինչ օրս համաճարակի վտանգը և սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը մերժող Բելառուսում կորոնավիրուսից առաջին մահը գրանցվեց. հայտնի դերասան Վիկտոր Դաշկևիչը մահացել է նախօրեին: Տեղի բժիշկները ահազանգում են հիվանդանոցների գերծանրաբեռնվածության մասին` պնդելով, որ բոլոր պացիենտները թոքաբորբ ունեն: Այստեղ, սակայն, կյանքը ընթանում է սովորականի պես՝ առանց սահմանափակումների: Բելառուսին սահմանակից Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվն անցել է 2 հազար 300-ից` վերջին մեկ օրվա ընթացքում ավելանալով ևս 500-ով:

Ուհանում կյանքը վերադառնում է բնականոն հունին

Հաղթելու ամենալավ ձևը տանը մնալն է. Ուհանի բնակիչ

Կորոնավիրուսի վարակի օջախը՝ Չինաստանի Ուհան քաղաքն աստիճանաբար վերադառնում է նորմալ կյանքի՝ պահպանելով որոշ սահմանափակումներ և ստուգումներ: Ապրիլի 8-ին ակնկալվում է հատուկ ռեժիմի չեղարկում, իսկ այսօրվանից արդեն վերաբացվել են խոշոր առևտրային կենտրոննները՝ հատուկ պաշտպանիչ կահավորմամբ, որի օգնությամբ պահպանվում է հաճախորդների և վաճառողների միջև սոցիալական հեռավորությունը: Բացի այդ, խանութի մուտքի մոտ ստուգում են այցելուների ջերմությունը: Համաճարակի բռնկման օջախ Ուհանի բնակիչները, ամիսներ տևած մեկուսացումից հետո կրկին վերադառնալով իրենց առօրյային, ուղերձ են հղել աշխարհին:

«Ուզում եմ աշխարհի քաղաքացիներին հետևյալն ասել՝ շարունակեք նույն կերպ, եկեք միասին փորձենք, աշխարհի ժողովուրդը մի մեծ համայնք է, և ես վստահ եմ, որ բոլորս կհաղթենք»,- ասում է հյուրանոցներից մեկի աշխատակից Ջենջ Յին:

59-ամյա բնակիչ Յուան Յանժոնգն էլ շեշտում է.- «Ուհանի փորձը ցույց է տալիս, որ հաղթելու ամենալավ ձևը տանը մնալն է: Դուրս մի՛ արի, կրճատիր շփումները, կրճատիր վարակի տարածումը մնալով տանը: Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է»:

72-ամյա Քուի Քսիաոյինգը խանութի սեփականատեր է.- «Եթե մենք Չինաստանում կարողանում ենք հաղթահարել այս համաճարակը, մյուսը երկրները հաստատ կարող են հաղթել, պետք է կամքի ուժ դրսևորել, գտնել ուղիները, սովորել Չինաստանից ունենալ պատասխանատվության զգացում: Վարակին լուրջ վերաբերվեք, մի՛ գնացեք փողոց առանց դիմակի»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը

Միասնականության կոչեր

«Աշխարհով մեկ տարածվող և արդեն տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր խլած կորոնավիրուսի համաճարակը ամենալուրջ մարտահրավերն է, որին բախվել է մարդկությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը` հավելելով.- «Նոր կորոնավիրուսային հիվանդությունը հարված է հասարակության հիմքերին, խլում է մարդկանց կյանքերն ու գոյության միջոցները»:

The Financial Times պարբերականում հրապարակված հոդվածում Գերմանիայի նախագահը, Հորդանանի, Եթովպիայի, Սինգապուրի, Էկվադորի առաջնորդները միջազգային հանրությանը հորդորում են միավորել ջանքերը համաճարակի դեմ պայքարում:

«Այս վարակի դեմ մենք բոլորս հավասար ենք, և մենք պետք է միասին գործենք, որպեսզի հաղթենք նրան: Այս համաճարակը չի խնայում ոչ մի երկիր` անկախ այն բանից, թե որքանով է զարգացած տնտեսությունը, տեխնոլոգիան, և որքան հզոր են նրա կարողությունները»,- համատեղ հոդվածում փաստում են աշխարհի տարբեր մայրցամաքներում գտնվող երկրների առաջնորդները: Որպես առաջին հստակ քայլ նրանք առաջարկում են նախ համատեղ ուժերով պատվաստանյութ ստեղծել և այն հավասարապես բաժանել աշխարհով մեկ: