Առանց մեղմացուցիչ բառերի, չոր և հստակ երեկ նախագահ Թրամփը ամերիկացիներին զգուշացրեց, թե առաջիկա երկու շաբաթները «շատ դժվարին ու ցավոտ են լինելու»։
Նրա վարչակազմի ներկայացուցիչներն ու կորոնավիրուսի դեմ պայքարով զբաղվող մասնագետները կոնկրետ թվեր նշեցին՝ վկայակոչելով ամենատարբեր վերլուծություններ ու աղյուսակներ։
Ըստ այդմ, լավատեսական կանխատեսումներով Միացյալ Նահանգներում կարող է կորոնավիրուսի հետևանքով կարող է մահանալ 100 հազար մարդ։ Վատագույն սցենարի դեպքում այդ թիվը կարող է ավելի քան կրկնապատկվել՝ հասնելով 240 հազարի։
«Մենք առնվազն պետք է պատրաստ լինենք իրադարձությունների նման զարգացմանը», - հայտարարել է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էնթընի Ֆաուչին։ - «Արդյո՞ք հենց այդքան մարդ է մահանալու։ Հույս ունեմ, որ ոչ։ Կարծում եմ, որքան շատ խստացնենք կանխարգելիչ քայլերը, այնքան կնվազի դրա հավանականությունը։ Բայց որպես ռեալիստ մենք պետք է պատրաստ լինենք, հնարավոր է արձանագրվի մահացության այդ ցուցանիշը»։
Նախագահ Թրափն իր հերթին ընդգծել է, որ եթե գերտերությունն ու երկրի 327 միլիոն բնակիչները քայլեր չձեռնարկեն, մահացությունը կարող է միլիոնների հասնել։ «Ամենակարևորն այս փուլում սահմանափակումներին հետևելն է», - դիմելով ամերիկացիներին՝ ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ - «Մի խումբ մարդիկ հորդորում են թեթև նայել այս ամենին։ Իսկ գիտե՞ք ինչ կլինի այդ դեպքում։ Մահացության ցուցանիշը կարող է հասնել 1,5-1,6 միլիոնի, նույնիսկ 2 միլիոնից անցնել։ Սա սովորական գրիպ չէ, այս վիրուսը շատ ավելի վարակիչ է»։
Սպիտակ տան ասուլիսն այս անգամ շարունակվեց ավելի քան երկու ժամ: Զգուշացումներից, տանը մնալու, սահմանափակումներին խստիվ հետևելու հորդորներից հետո Դոնալդ Թրամփը նաև լավատեսական ազդակներ տվեց:
«Երբ մենք անցնենք այդ իսկապես կարևոր ժամանակահատվածը, կտեսնենք, որ իրավիճակը սկսում է բարելավել։ Հույս ունեմ և հավատում եմ, որ այդժամ իսկապես թունելի վերջում լույս կերևա: Մենք ամրության ու տոկունության քննություն ենք հանձնելու, որին Ամերիկան կպատասխանի խիզախությամբ ու երկաթյա կամքով: Հիմա մեր բոլորիս պարտքն է համախմբվել և անել մեր բաժին գործը», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Վերջին տվյալներով, Միացյալ Նահանգներում կորոնավիրոսով վարակվածների թիվն արդեն մոտենում է երկու հարյուր հազարին, միայն երեկ արձանագրվել է վարակի 24 հազար նոր դեպք` աշխարհում մեկ օրում հայտանաբերված դեպքերի գրեթե մեկ երրորդը: Աննախադեպ ավելացել է մահացության ցուցանիշը․ անցած 24 ժամում Նահանգներում մահացել է 700 մարդ, այլ կերպ ասած` յուրաքանչյուր երկու րոպեն արձանագրվել է մեկ մահ:
Համաճարակին հակազդելու համար ամերիկյան կառավարությունը` Զինված ուժերի աջակցությամբ, շտապ կարգով Նահանգներում ժամանակավոր հիվանդանոցային ավաններ է ստեղծում: Վիրուսի էպիկենտրոնը Նյու Յորքն է, որտեղ արդեն իսկ երեք դաշտային հիվանդանոց է բացվել` հազարավոր մահճակալներով:
Վիրուսի դեմ պայքարին են միացել նաև ավելի քան հինգ տասնյակ ամերիկյան ընկերություններ` սոցիալական ցանցերի առաջատար Facebook-ից մինչև մեքենաշինության ոլորտի հսկա Ford-ն ու Fiat Chrysler-ը: Ford-ը, օրինակ, պատրաստվում է հարյուր օրվա ընթացքում հիսուն հազար արհեստական շնչառական ապարատ արտադրել: Toyota֊ն իր հզորությունները տրամադրել է բժշկական պարագաների ու սարքավորումների արտադրությանը, տասնյակ ընկերություններ դիմակներ ու ախտահանիչ միջոցներ են պատրաստում։ FedEx Express-ը օգնում է կառավարությանը հնարավորինս արագ ամերիկյան նահանգներ հասցնել կորոնավիրուսի թեստերը։ Apple-ը աշխատում է ծրագրային հավելվածի վրա, որով յուրաքանչյուր ոք կարող է ստուգել` արդյոք իր մոտ առկա են covid-19-ի ախտանիշներ:
Գիտնականներն ու դեղագործները, իրենց հերթին, եռանդուն աշխատում են պատվաստանյութի ու դեղամիջոցների վրա։ «Առայժմ, սակայն, պայքարի ելքը կախված է միայն ու միայն մեզնից», - երեկ հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով Սպիտակ տան հատուկ հանձնախմբի համակարգող Դեբորա Բիրքսը։ - «Գիտեմ, կաննոներին ու սահմանափակումներին հետևելը նյարդայնացնում է, սակայն առաջնագծում կանգնած զինվորները շատ ավելի ծանր պայմաններում են: Կախարդական փայտիկ չկա, ոչ էլ պատվաստանյութ կամ հրաշք դեղամիջոց: Ամեն ինչ կախված է մեր վարքագծից: Մեր յուրաքանչյուր քայլը վաղը կորոշի, թե ինչ ընթացք է ստանալու համաճարակի տարածումը առաջիկա երեսուն օրերի ընթացքում»: