Մատչելիության հղումներ

Բժշկական ռեսպիրատոր... ջրասուզակի դիմակից


Չեխիա - Չեխ մասնագետները ստեղծում են տարբեր տեսակի ռեսպիրատորներ, Ճարտարագիտական համալսարան, Պրահա, մարտ, 2020թ.
Չեխիա - Չեխ մասնագետները ստեղծում են տարբեր տեսակի ռեսպիրատորներ, Ճարտարագիտական համալսարան, Պրահա, մարտ, 2020թ.

Ամբողջ աշխարհում թոքերի օդափոխության սարքերի, ռեսպիրատոների, բժշկական դիմակների, դեմքը պաշտպանող թափանցիկ վահանների, ռետինե ձեռնոցների, ախտահանիչ նյութերի և կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ այլ պարագաների մեծ դեֆիցիտ է:

Այս աստիճանի լայնածավալ համավարակին հակազդելուն պատրաստ չէին նաև գերզարգացած պետությունները, և հիմա մարդիկ փորձում են հարմարվել ու արտակարգ պայմաններում ստեղծել բացակայող իրերը:

Ընդ որում, պաշտպանության կարիք ունեն նախևառաջ նրանք, ովքեր վիրուսի դեմ կռվի առաջնագծում են՝ բժիշկները:

Չեխիայում մի խումբ հետազոտողներ, գյուտարարներ և տեխնոլոգներ բժիշկների համար ստեղծում են ռեսպիրատորներ... ջրասուզակների դիմակներից:

Ոչինչ, որ անվանի ընկերության պիտակով արտադրանք չէ, եթե չկա գործարանային արտադրանքի ռեսպիրատոր, իսկ հիվանդին պետք է հենց այս պահին մոտենալ, թող գոնե այսպես պաշտպանվեն բժիշկը, բուժակը, բուժքույրն ու հիվանդանոցի մնացած աշխատողները:

Պրահայի Ճարտարագիտական համալսարանի մասնագետները և նրանց սատարող մի խումբ ակտիվիստներ ծովային մարզաձևերի սիրահարների համար արտադրվող ջրասուզակի դիմակից պատրաստել են ռեսպիրատոր, որն իր որակով նույնիսկ գերազանցել է FFP3 հապավումով հայտնի ռեսպիրատորը, որը գործնականում այս օրերին չափազանց դժվար է հայթայթել:

«Այս ռեսպիրատորը փակում է ամբողջ դեմքը և պաշտպանում է շնչառական համակարգը, մարդը շնչում է մրի մասնիկներ արգելափակող P3R ֆիլտրով», - ասել է նախագծի հեղինակ Դավիդ Միկլաշը:

«Ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքում շատ ոգևորված են, ասում են, թե այս դիմակները տալիս են աշխատանքի ժամանակ ավելի հանգիստ շնչելու հնարավորություն, դիմակը կարող ես ախտահանել և շատ անգամներ օգտագործել, ֆիլտրը երկար է ծառայում, մի քիչ ակնոցի տեսակն է անհարմար, պետք է մտածել, բայց բժիշկներն էլ կատակում են, թե հավես է, կարծես ջրասուզվում ես գործողության ընթացքում», - ասել է հիվանդանոցի խոսնակ Պավլինա Դանկովան:

Գյուտի հեղինակները ջրասուզակի դիմակում տեղադրել են բանակում կիրառվող ֆիլտր:

«Մենք այս ռեսպիրատորները փոխանցում ենք հոսպիտալներին Պրահայում և այլ շրջաններում, մենք 2 հազար 200 այսօրինակ ռեսպիրատոր ենք պատրաստել, այս շաբաթ ուզում ենք արտադրանքը հասցնել 10 հազարի»,- ասել է Պրահայի Ճարտարագիտական համալսարանի նախագահ, դոկտոր Վոյտեխ Պետրաչեկը:

Ջրասուզակի դիմակ կարող ես գնել Չեխիայի մարզական պարագաների յուրաքանչյուր խանութում, գինը՝ 600 կրոն, դա չի հասնում 24 դոլարի և հավասար է մոտ 12 հազար դրամի, բայց վստահաբար ավելի էժան կլինի, քան «ֆիրմա» ռեսպիրատորը։

XS
SM
MD
LG