Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երկու օրում աճել է 120-ով


Չնայած ադրբեջանական իշխանությունների կողմից ձեռնարկվող կարանտինային կոշտ միջոցներին, երկրի տարածքում կորոնավիրուսի աճի տեմպերը չեն դանդաղում:

Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ երկրի տարածքում վարակակիրների թիվը հասել է 359-ի, հինգ մարդ մահացել է, կարանտինում է ավելի քան 4500 հոգի, անցկացված թեստերի ընդհանուր քանակը գերազանցում է 35 հազարը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի երեկոյան կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկի` էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ կորոնավիրուսի համաճարակը երկրում կարող է լայն տարածում ստանալ` նախևառաջ քաղաքացիների պահվածքի հետևանքով:

«Կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքար ծավալելու նպատակով մենք նոր սահմանափակումներ ենք մտցնում: Դրանց հիմնական նպատակը կորոնավիրուսի տարածման դինամիկայի փոփոխությունն է: Չնայած պետության կողմից ձեռնարկվող այս գործողություններին, վարակակիրների թիվն աճում է, և դրա հիմնական պատճառը քաղաքացիների անպատասխանատվությունն է: Երկրի ներսում վարակի տարածման դեպքերը երեկ ավելացան 60-ով: Եթե այսպես շարունակվի, կորոնավիրուսի համաճարակը Ադրբեջանում անխուսափելիորեն լայն թափ է ստանալու», - հայտարարել է Ալիևը` կոչ անելով ու պահանջելով Ադրբեջանի բնակիչներից մնալ տանը:

«Առանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս մի եկեք: Մտածեք ձեր հարազատների, բժիշկների մասին, չէ՞ որ բժիշկները իրենց կյանքն են վտանգի ենթարկում: Մտածեք ոստիկանների մասին, նրանք ևս իրենց կյանքն են վտանգում` պահպանելով ձեր անդորրը: Այդ իսկ պատճառով ես ևս մեկ անգամ դիմում եմ Ադրբեջանի քաղաքացիներին` պահանջելով, հուսալով, որ նրանք պատասխանատու պահվածք կցուցաբերեն», - նշել է Ալիևը:

53 տարիների ընթացքում առաջին անգամ աշխատանքն է դադարեցրել Բաքվի մետրոպոլիտենը

Ադրբեջանի տարածքում սահմանափակումները իրոք խստացվում են: Շաբաթասկզբից Բաքվի փողոցներում, ոստիկանության ստորաբաժանումների հետ մեկտեղ սկսել են հերթապահել նաև ներքին զորքերի ստորաբաժանումները:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մայրաքաղաքում ախտահանման ակտիվ գործողություններ են իրականացվում, այդ թվում՝ բնակելի շենքերի բակերում:

Առաջին անգամ գործունեության 53 տարիների ընթացքում աշխատանքն է դադարեցրել 25 կայարան ունեցող և օրական շուրջ 600 հազար ուղևոր տեղափոխող Բաքվի մետրոպոլիտենը: Ադրբեջանի մայրաքաղաքի քաղաքային տրանսպորտի ողնաշարը հանդիսացող մետրոն աշխատանքը կվերսկսի երեք շաբաթից` ապրիլի 20-ին:

Նավթի գնի անկումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Ադրբեջանի տնտեսության համար. Ալիև

Պաշտոնական Բաքուն նաև աննախադեպ մի քայլի է դիմել երկրի էներգետիկ ոլորտում` երկարաձգելով Կասպից ծովում գտնվող նավթային պլատֆորմներում աշխատող հարյուրավոր բանվորների հերթափոխի ժամկետները: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը և BP որոշել են, որ իրենց աշխատակիցները բաց ծովում կմնան շուրջ երկու ամիս:

Ի դեպ, նավթի մասին: Եթե մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում էին, որ էներգակիրների գների կտրուկ անկումը միջազգային շուկաներում ընթացիկ տարվա բյուջեի կատարման վրա լուրջ ազդեցություն չի ունենա, ապա այսօր արդեն Իլհամ Ալիևը խոստովանում է` կորուստները անխուսափելի են:

«Միջազգային շուկաներում նավթի գնի կտրուկ անկումը` գրեթե երկու անգամ, լուրջ խնդիրներ կարող է ստեղծել նաև մեր տնտեսության համար, քանի որ մեր եկամուտները, բնականաբար, կրճատվում են: Ցանկանում եմ, սակայն, ընդգծել, որ չնայած դրան, նախևառաջ պետք է լիարժեքորեն կատարվեն [պետության կողմից ստանձնված] բոլոր սոցիալական պարտավորությունները, պետք է կյանքի կոչվեն սոցիալական նշանակություն ունեցող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը: Բյուջեի ծախսային հատվածի որոշ դրույթներ, սակայն, կարելի է և վերանայել, եթե դրանք շտապ կատարման ենթակա նախագծեր չեն», - հայտարարել է Իլհամ Ալիևը:

XS
SM
MD
LG