Մատչելիության հղումներ

Բելառուսում կորոնավիրուսի առաջին զոհը Վիտեբսկի թատրոնի դերասան է


Բելառուսում կորոնավիրուսի վարակի կապակցությամբ արտակարգ միջոցառումներ չեն ձեռնարկվել, Մինսկի փողոցները մարդաշատ են, 1-ը ապրիլի, 2020թ.
Բելառուսում կորոնավիրուսի վարակի կապակցությամբ արտակարգ միջոցառումներ չեն ձեռնարկվել, Մինսկի փողոցները մարդաշատ են, 1-ը ապրիլի, 2020թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ կորոնավիրուսի հետևանքով երկրում գրանցվել է մահվան առաջին դեպքը: Մահացել է երկրի արևելքում գտնող Վիտեբսկ քաղաքի թատրոնի դերասան Վիկտոր Դաշկևիչը:

Մարտի 31-ին դերասանի հարազատները «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ 75-ամյա Դաշկևիչի մոտ կորոնավիրուս էր հաստատվել, նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց մահացել է:

Բելառուսում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի 152 դեպք: Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդարանի վերին պալատի նախագահ Նատալյա Կաչանավայի հետ հանդիպմանը այդ քանակը համարել է Բելառուսում «համաճարակի պիկը»:

«Նայելով հիվանդների քանակին, ես զգում եմ, որ մենք հիմա համաճարակի պիկում ենք: Աղոթում եմ Աստծուն, որ այդ պիկը Զատիկին անցնի», - ասել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ դեռ կարիք չի տեսնում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգել այս տարի նախատեսված նախագահական ընտրությունները:

Մարտի 30-ին Բելառուսի կենտրոնական բանկը հայտնել է, որ դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին՝ խնդրելով 900 միլիոն դոլար հատկացնել երկրի տնտեսության վրա համաճարակի ազդեցությունը մեղմելու համար:

XS
SM
MD
LG