Անկարան պնդում է, թե սիրիական օդանավ է խոցել, ևս մեկ թուրք զինծառայող զոհվել է

Սիրիա - Թուրքական հրետանու գործությունները Իդլիբի շրջանում, 2-ը մարտի, 2020թ.

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ին սիրիական բանակի հրետակոծության հետևանքով Իդլիբում ևս մեկ թուրք զինծառայող է զոհվել, կա նաև մեկ վիրավոր:

Իսկ այսօր թուրքական կողմը սիրիական օդուժի Լ-39 օդանավ է խոցել, թվիթերյան գրառմամբ այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ՊՆ-ն: Սիրիական լրատվամիջոցները ևս հաղորդել են, որ Իդլիբում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություն իրականացնելու ընթացքում թուրքական ուժերը կրակ են բացել սիրիական օդանավի վրա:

Ավելի վաղ՝ մարտի 1-ին, հաղորդվել էր, որ սիրիական օդուժը 2 SU-24 ռազմական օդանավ է կորցրել, իսկ իրավիճակն Իդլիբում կտրուկ սրվել է փետրվարի 27-ից, երբ սիրիական օդուժի ավիահարվածներից ավելի քան 3 տասնյակ թուրք զինծառայողներ էին զոհվել: Դրանից անմիջապես հետո Անկարան հայտնել էր, թե հարվածում է Իդիլբում սիրիական բանակի բոլոր հայտնի թիրախներին:

Ռազմական գործողություններին զուգահեռ Թուրքիան իրականություն դարձրեց վերջին տարիներին Եվրոպային ուղղված մշտական սպառնալիքներից մեկը՝ անցած շաբաթավերջից փախստականների դիմաց բացեց Եվրոպա տանող ճանապարհները:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Թվիթերում գրել է, որ այսօրվա դրությամբ Թուրքիայից Հունաստանի տարածք է անցել ավելի քան 130 հազար փախստական: Աթենքը փախստականների նման մեծ հոսքը «ներխուժում» է գնահատում: Անկարան ոչ միայն բացել է Հունաստան տանող սահմանը, այլև Աթենքին մեղադրում է փախստականների ճանապարհները փակելու, ուժ գործադրելու մեջ և պնդում, որ սահմանին մեկ սիրիացի փախստական է սպանվել հույն սահմանապահների կրակոցներից: Աթենքը հայտարարել է, որ դա կեղծ լուր է: Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ Թուրքիայի կողմից սահմանը բացելուց ի վեր մեկ երեխա է զոհվել, նրան դուրս են հանել ծովից, երբ Լեսբոս կղզու մոտ ջրասույզ էր եղել փախստականների նավակը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե միգրացիոն ճգնաժամը կարգավորելու հարցում Եվրամիության երկրներն ամբողջությամբ չեն կատարել 2016 թվականի ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունները: Նա նշել է, թե նախկինում ևս զգուշացրել է, որ եթե ԵՄ-ն իր վրա չվերցնի փախստականներին տեղաբաշխելու պատասխանատվության մի մասը, ապա Թուրքիան կբացի սահմանները:

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը: Էրդողանի գրասենյակը փոխանցում է, որ քննարկվել են Իդլիբի իրավիճակը և միգրացիոն խնդիրը: Այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հունաստանի վարչապետի հետ այցելելու է թուրք-հունական սահման, վաղը նախատեսված է Եվրամիության երկրների ներքին գործերի արտահերթ հանդիպում՝ քննարկելու Թուրքիայի գործողությունների հետևանքով փախստականների նոր հոսքի հետ կապված խնդիրները: Մարտի 5-ին Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Պուտին-Էրդողան հանդիպման օրն արդեն հաստատվել է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: