Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հրաժարվում է երաշխավորել թուրքական ռազմական ինքնաթիռների անվտանգությունը Սիրիայի օդային տարածքում


Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ այսուհետ հրաժարվում է երաշխավորել թուրքական ռազմական ինքնաթիռների անվտանգությունը Սիրիայի օդային տարածքում:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նման հայտարարությամբ հանդես է եկել անցած գիշեր թուրքական բանակի կողմից Հալեպում գտնվող ռազմական օդանավակայանի ռմբակոծությունից և Սիրիայի օդուժի երկու ռազմական ինքնաթիռների ոչնչացումից հետո: Այս միջադեպերից հետո պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ փակում է Իդլիբի օդային տարածքը:

Իդլիբի ցամաքային տարածքում ևս լարվածությունը չի մարում. սիրիական բանակի և զինված ընդդիմության միջև կատաղի մարտերը նոր թափով են վերսկսվել փետրվարի 27-ից հետո, երբ սիրիական բանակի ռազմական գործողությունների արդյունքում թուրքական զինուժը ավելի քան երեք տասնյակ զոհ ունեցավ:

Անկարան, որն աջակցում է սիրիական ընդդիմությանը, հայտարարել է Իդլիբում «Գարնանային վահան» ռազմական գործողություն սկսելու մասին՝ շտապելով սակայն պարզաբանել, որ Թուրքիայի թիրախը բացառապես Ասադի զինվորականներն ու ռազմական օբյեկտներն են, և որ թուրքերը մտադիր չեն պատերազմել Ռուսաստանի հետ։

Թուրքական հռետորաբանության մեղմացման ֆոնին Մոսկվան ու Անկարան լծվել են նախագահների Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիպումը նախատեսված է Մոսկվայում մարտի 5-ին: Կողմերը հույս ունեն կրկին փորձել որևէ համաձայնության հասնել Հալեպից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիբի շուրջ, որը Բաշար Ասադի հակառակորդների ձեռքում մնացած վերջին տարածքն է:

Մինչ այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր պաշտոնական Դամասկոսից պահանջել է Իդլիբում հետ քաշել զինուժը դեպի այն գիծը, որ նախանշվել է պաշտոնական Անկարայի կողմից՝ սպառնալով. «Եթե [կառավարական ուժերը] շուտափույթ կերպով հետ չքաշվեն դեպի այն դիրքերը, որ Թուրքիան է մատնանշում, նրանց գլուխն ուսերին չի մնա»։

Թուրքական ռազմական գերատեսչության տվյալներով, «Գարնանային վահան» գործողության մեկնարկից ի վեր թուրքական զինուժը Իդլիբում ոչնչացրել է 2212 սիրիացի զինվորական, 103 հրասայլ, ութ ուղղաթիռ, մեկ անօդաչու սարք, ինչպես նաև հրթիռային սարքավորումներ և այլ սպառազինություն:

Մինչդեռ Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնի տվյալներով, սիրիական զինվորականների կողմից զոհվել է 74 հոգի, այլ ոչ թե հարյուրավոր, ինչպես պնդում են թուրք պաշտոնյաները։

Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգը, որի զգալի հատվածը սիրիական բանակին ի վերջո հաջողվել է ազատագրել զինված խմբավորումներից, վերջին տարիներին համարվել է միլիոնավոր սիրիացի փախստականների ապաստան, որոնք հրաժարվում են ճանաչել Բաշար Ասադի իշխանությունը: Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր ռուսական զինուժի օգնությամբ Ասադի բանակը զգալի հաջողությունների էր հասել այս տարածքում՝ մաքրելով այն ջիհադիստներից և ընդդիմադիր խմբավորումներից: Այդ հարձակումների հետևանքով շուրջ մեկ միլիոն մարդ է տեղահանվել Իդլիբից։ Նրանցից շատերը ուղևորվել են դեպի Թուրքիայի սահման, որն արդեն իր երկրում ավելի քան երեք միլիոն փախստական է ընդունել՝ հիմնականում Սիրիայից: Էրդողանի վարչակազմը, հայտարարելով, որ այլևս ի վիճակի չէ դիմակայել փախստականների նոր հոսքին, անցած հանգստյան օրերին բացեց երկրի արևմտյան սահմանները: Այս որոշման հետևանքով աննախադեպ լարված է հատկապես թուրք-հունական սահմանին, որտեղ բախումները չեն դադարում: Հազարավոր ներգաղթյալներ անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան հերթական անգամ փորձել են մուտք գործել Հունաստանի տարածք: Այդ երկրի իշխանությունները սահմանի երկայնքով կենտրոնացրել են ոստիկանության հավելյալ ուժեր և բանակային ստորաբաժանումներ:

Հունական կառավարությունը նաև որոշում է կայացրել առաջիկա մեկ ամսում երկրի տարածք անօրինական մուտք գործող բոլոր անձանց ժամանակավոր ապաստան չտրամադրելու, ինչպես նաև այդ անձանց անհապաղ այն երկրների տարածք վերադարձնելու մասին, որտեղից նրանք ներթափանցել էին Հունաստան:

Պաշտոնական Աթենքը պնդում է, թե փախստականների տեղաշարժը ուղղորդվում է Թուրքիայի կողմից։ Այդ մասին մասնավորապես հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիաս Պեցասը. - «Վերջին մի քանի օրերին Հունաստանը իր ցամաքային և ծովային սահմանների ուղղությամբ բնակչության կազմակերպված, համակարգված զանգվածային տեղաշարժի թիրախ է դարձել: Այս տեղաշարժն ուղղորդվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից»։

XS
SM
MD
LG