Սիրիայի Իբլիբ նահանգում Բաշար ալ-Ասադի բանակի հարվածներից Թուրքիայի 33 զինծառայող է զոհվել, 36-ը՝ վիրավորվել: Առաջինը այս մասին հայտնել է Սիրիային սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը:
Վիրավորներին տեղափոխել էին այս նահանգի հիվանդանոցները: Սա Թուրքիայի ամենամեծ կորուստներն են սիրիական քաղաքացիական պատերազմի ամբողջ 9 տարիների ընթացքում: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ թուրք զինվորները սիրիական օդուժի ռմբահարումների տակ են ընկել հարավում սիրիական սահմանը հատելուց անմիջապես հետո:
Երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: 6 ժամ շարունակված փակ նիստն ավարտվել է այսօր վաղ առավոտյան:
Թուրքիայի նախագահի գրասենյակի կապերի ղեկավար Ֆահրեթին Ալթունն ասել է, թե որոշում է ընդունվել օդից և ցամաքից պատասխան հարվածներ հասցնել Ասադի բանակի բոլոր հայտնի թիրախներին: «Անադոլու» գործակալությունն այսօր հաղորդում է, որ անցած ամբողջ գիշերվա ընթացքում թուրքական զինուժը հարվածել է սիրիական բանակի թիրախներին: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է թուրք-սիրիական սահման՝ տեղում համակարգելու գործողությունները: Ֆահրեթին Ալթունը նշել է, որ թուրք զինվորների վրա կրակ է բացել Ասադի բանակը՝ չտալով Ռուսաստանի անունը:
Իդլիբում իրավիճակի սրացումը կարող է հանգեցնել Թուրքիայի և Ռուսաստանի միջև ուղղակի բախման: Անկարան և Մոսկվան աջակցում են հակադիր կողմերի՝ Անկարան՝ Սիրիայի զինված ընդդիմությանը, Մոսկվան՝ Բաշար ալ-Ասադի կառավարական բանակին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից լրագրողներին ասել են, որ հինգշաբթի Իդլիբում լայն հարձակում էին պլանավորել ահաբեկչական խմբավորումները: Մոսկվան պնդում է, որ կրակի տակ ընկած թուրք զինվորները գտնվել են գրոհայինների շարքերում: Երկրի ՊՆ-ն հավաստիացնում է, որ ռուսական օդուժը ավիահարվածներ չի հասցրել: Ռուսաստանի ռազմածովային ուժերը 2 ռազմանավ են ուղարկել Սիրիայի ափեր: Նրանց սպառազինություններում կան նաև թևավոր հրթիռներ:
Reuters-ի տեսանյութը ցույց է տալիս, որ ռուսական ռազմանավերն անցնում են Ստամբուլի Բոսֆորի նեղուցով:
Թուրքիան խորհրդակցություններ է սկսել արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ: Երկրի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ: Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Վերջինս Թվիթերում գրել է, որ Թուրքիայի խնդրանքով այսօր ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ է անցկացվելու: Արտահերթ նիստում քննարկումները վերաբերելու են դաշինքի կանոնադրության թիվ 4 հոդվածին:
Նշենք, որ ըստ այդ հոդվածի՝ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա հարձակումը դիտարկվում է հարձակում ամբողջ դաշինքի վրա:
Վերջին տարիներին, երբ Թուրքիան սկսեց Ռուսաստանի հետ բանակցել, այնուհետև ձեռք բերեց S-400 (C-400) հրթիռային համակարգերը, այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ վատթարանում էին: Նրանք Անկարային հորդորում էին Ռուսաստանի հետ չգնալ ռազմական գործարքների, ռազմական համագործակցության, չեղարկել համաձայնությունները և պայմանագրերը, բայց Անկարան մնաց անդրդվելի և ձեռք բերեց ռուսական սպառազինություններ:
Արևմուտքի դեմ Անկարայի «զենքերից» մեկը փախստականներն են: Վերջին տարիներին ցանկացած խնդրի դեպքում Անկարան սպառնում էր, որ այլևս չի զսպի, չի խոչընդոտի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Անկարան նորից սպառնում է, թե փախստականների դիմաց կբացի Եվրոպայի «դարպասները»:
Սիրիայի Իդլիբ նահանգում մոտավորապես 4 միլիոն մարդ է բնակվում, նրանց մի մասը շարժվել է դեպի թուրքական սահման: Սիրիական զինված ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող այս նահանգում կառավարական բանակի հարձակողական գործողությունները սկսվել էին անցած դեկտեմբերից:
Օվկիանոսից այն կողմ Միացյալ Նահանգները հայտարարել է, թե կանգնած է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի կողքին և պահանջել, որ Սիրիան և Ռուսաստանը վերջ տան հարձակմանն Իդիլբում: ԱՄՆ սենատոր, հանրապետական Լինդսի Գրեմը կոչ է արել Իդլիբի օդային տարածքն առանց թռիչքների օդային գոտի հայտարարել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել: