«Թուրքիան հաստատակամ է Իդլիբում Սիրիայի կառավարական զորքերի հետագա առաջխաղացումը կանխելու հարցում», - այսօր այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
Նրա խոսքով՝ Անկարան կատարել է այն բոլոր պարտավորությունները, որ ստանձնել էր Ռուսաստանի և Իրանի հետ բանակցությունների ընթացքում: «Չնայած դրան, Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետերը այժմ հայտնվել են սիրիական վարչակազմի կողմից վերահսկվող տարածքներում», - նշել է Օքթայը:
Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունները հնչել են Անկարայի կողմից զինված ստորաբաժանումների` Սիրիա վերատեղակայման ֆոնին:
Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տվյալներով՝ Իդլիբ վերատեղակայված թուրքական զինծառայողների թիվը հասել է 6500-ի, այստեղ գտնվող զրահատեխնիկայի և բեռնատարների թիվը հասնում է 1900-ի: