Կորոնավիրուսի էպիկենտրոնից դուրս ախտահարման նոր դեպքերի թիվը նվազում է

Բժիշկներն օգնում են կորոնավիրուսով ախտահարված հիվանդին, Ուհան, Հուբեի նահանգ, 16 փետրվարի, 2020թ.

Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովի փոխանցմամբ՝ վարակի էպիկենտրոն Հուբեյի գավառի սահմաններից դուրս կորոնավիրուսի առաջացրած COVID-19 կոդային անվամբ հայտնի թոքաբորբի նոր դեպքերի թիվը 13 օր շարունակ նվազում է:

Դա վկայում է կորոնավիրուսի տարածումը եթե ոչ կասեցնելու, ապա առնվազն փոքր-ինչ զսպելու մասին:

«Կիրակի օրվա ժամը 24։00-ի դրությամբ գավառում գրանցվել է ախտահարման 57934 հաստատված դեպք, 10844 հիվանդ բուժվել և դուրս է գրվել, մահացել է 1770 հիվանդ, ախտահարման դեպքերի ընդհանուր թիվը 70548 է: 7264 մարդու մոտ կա ախտահարման կասկած, 546016 մարդիկ շփումներ են ունեցել հիվանդների հետ և իշխանության տեսադաշտում են, 150539 մարդ հսկողության տակ է», - ասել է Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենգը:

Նշենք, որ այս զեկույցից հետո ստացվել է հաղորդագրություն, որի համաձայն՝ զոհերի թիվն արդեն հասել է 1775-ի: Կիրակի օրվա դրությամբ Հուբեյի գավառից դուրս գրանցվել է ախտահարման 115 նոր դեպք, 5 մարդ մահացել է. դա ողբերգական վիճակագրության որոշակի նվազում է:

Հանձնաժողովի փոխանցմամբ՝ Հուբեյի գավառում հաստատվել է ախտահարման 2048 նոր դեպք, մահացել է 105 մարդ: 1425 հիվանդ դուրս է գրվել, ծանր հիվանդների թիվը նվազել է 628-ով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, թե առայժմ հնարավոր չէ ինչ-ինչ կանխատեսումներ անել վարակի տարածման վերաբերյալ:

Կազմակերպության փորձագետների մի մեծ խումբ ժամանում է Պեկին, որտեղ չինացի պաշտոնյաների և բժիշկների հետ հանդիպումներում քննարկելու է կորոնավիրուսի խնդիրը: Օտարերկրացի մասնագետները կայցելեն վարակից առավել տուժած երեք չինական գավառներ:

Կորոնավիրուսի վարակը ծագել է Ուհանի գավառում, առաջին դեպքերի մասին հաղորդվել է անցած տարվա դեկտեմբերին:

Վարակված մարդու մոտ նկատվում են գրիպ հիշեցնող նշաններ, որոշ ժամանակ անց առաջանոում է թոքաբորբ: Վարակը տարածվել և արձանագրվել է ավելի քան 25 երկրներում: Չինաստանում կարանտինի խիստ ռեժիմ է սահմանվել մի քանի շրջաններում: Ամբողջովին արգելվել է ելումուտը մի քանի քաղաքներում, որտեղ ընդհանուր հաշվով ապրում է ավելի քան 60 միլիոն բնակիչ:

Տասնյակ երկրներ արգելել են Չինաստան այցելած օտարերկրացիների և Չինաստանի քաղաքացիների մուտքը: Իսկ Չինաստան այցելած իրենց քաղաքացիները վերադարձից հետո ենթարկվում են պարտադիր երկշաբաթյա կարանտինի:

Միջազգային մի շարք խոշոր միջոցառումներ չեղարկվել են: Կորոնավիրուսն արդեն լուրջ վնաս է հասցրել գլոբալ տնտեսությանը:

Չինաստանի և այլ երկրների առաջատար լաբորատորիաներում զօրուգիշեր աշխատում են նոր դեղամիջոցներ ստեղծելու վրա:

Ամերիկացի գիտնականները ստացել են այդ վիրուսի առաջին եռաչափ լուսանկարները: Ենթադրվում է, որ դա էապես կնպաստի նոր պատվաստանյութի ստեղծմանը: