Չինաստանի իշխանությունը հաստատել է, որ Վուհան քաղաքում տարածված կորոնավիրուսի զոհ է դարձել 17 մարդ, գրանցվել է հիվանդության 571 դեպք:
11-միլիոնանոց Վուհանը գրեթե ամբողջությամբ փակ է, հանրային տրանսպորտը չի գործում, քանի որ սահմանվել է կարանտինի ռեժիմ:
Քաղաքի բնակիչները երկրի տարբեր շրջաններից վերջին չվերթներով փորձում են տուն վերադառնալ: Առաջիկայում ելումուտն ամբողջությամբ կարգելվի:
Պեկինի միջազգային օդանավակայանում գրեթե բոլոր մարդիկ դիմակներով են պաշտպանվում հնարավոր ախտահարումից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների փոխանցմամբ, վարակը մարդուն փոխանցվել է կենդանիներից և տարածվում է օդակաթիլային եղանակով, հետևաբար, հաշվի առնելով Չինաստանում այս օրերին հարյուր միլիոնավոր մարդկանց մասնակցությամբ ավանդական տոնը՝ Լուսնային Նոր տարին նշելու հանգամանքը, առկա է կորոնավիրուսի գլոբալ տարածման վտանգ:
Ախտանշաններով գրիպին նմանվող այս հիվանդությունը Չինաստանից արդեն հասել է Հոնկոնգ, Թայլանդ, Հարավային Կորեա, գրանցվել են հիվանդության դեպքեր նաև Միացյալ Նահանգներում: Ըստ մասնագետների, սա նոր տեսակի կորոնավիրուս է: