Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր կառավարություններին հորդորել է «պատրաստ լինել տեղում կորոնավիրուսի վարակի հնարավոր բռնկումներին»:
Կազմակերպությունն այսօր այդ հայտարարությունն է տարածել այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները հաղորդել են, որ զոհերի թիվը հասել է 259-ի:
Հիվանդների թիվը 11 հազար 791 է, ինչն առավել վատթար ցուցանիշ է 2002-2003 թվականների SARS-ի (ծայրահեղ սուր շնչառական համախտանիշի) վարակի բռնկման համեմատությամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին գլոբալ արտակարգ դրություն է հայտարարել Չինաստանում ծագած և մեծ թվով երկրներ հասած կորոնավիրուսի վարակի բռնկման կապակցությամբ:
Արտաքին նշաններով գրիպին նմանվող այդ վարակը փոխանցվում է օդակաթիլային եղանակով:
«Պետությունները պետք է պատրաստ լինեն հնարավորինս վաղ փուլում ախտորոշել վարակի դեպքերը և զսպել հնարավոր բռնկումները», - հայտարարել է Չինաստանում առողջապահության կազմակերպության ներկայացուցիչ Գոդեն Գալեան:
Ժնևում տեղակայված առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում այդ կառույցի գլխավոր քարտուղար Տեդրոս Ադհանոմ Գեբրեուսիսը հայտարարել է, որ չնայած արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը, մոլորակի պետությունների պատկան ծառայությունները պետք է անհարկի միջամտություններով չխոչընդոտեն միջազգային ուղևորությունները և համաշխարհային առևտուրը:
Չինաստանից զատ կորոնավիրուս է հայտնաբերվել առնվազն 25 երկրներում: Չինաստանի սահմաններից դուրս այդ հիվանդությունից մահվան դեպքեր դեռ չկան: