Մատչելիության հղումներ

«Ուզում եմ դուրս գալ քաղաքից, վարակի ռիսկը մեծ է». Ուհանում բնակվող հայ ուսանողուհին սպասում է տարհանմանը


Չինաստանում բնակվող հայուհի Սուսաննա Աղաջանյան, 29 հունվարի, 2020թ.
Չինաստանում բնակվող հայուհի Սուսաննա Աղաջանյան, 29 հունվարի, 2020թ.

Հայաստանից Վրաստան ուղևորվող երկու չինացիների Բագրատաշենի սահմանակետից հետ են ուղարկել Հայաստան՝ շնչառական վիրուսի կասկածանքով։ Այժմ նրանք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են:

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանի տեղեկացմամբ՝ նրանցից մեկը ջերմություն ընդհանրապես չունի, մյուսը հետազոտվում է՝ կորոնավիրուսի առկայությունը բացառելու նպատակով:

«Մեկը պրակտիկ ընդհանրապես որևէ ջերմություն չունի և գտնվում է բժիշկների հսկողության տակ, մյուսի մոտ եղել է ընդամենը 37 ջերմություն: Հիմա անցնում է ռենտգեն նկարահանում, թոքերն են նկարում, որովհետև այս պարագայում առաջին խոեցելի թիրախային թոքաբորբն է», - նշեց Թորոսյանը։

Ավելի ուշ նախարարությունից «Ազատությունը» տեղեկացավ՝ թոքաբորբ չի հայտնաբերվել, կորոնավիրուսը բացառվում է, բայց չինացիները շարունակում են մնալ մեկուսացված: Լիանա Թորոսյանը վիրուսի ռիկսը ցածր էր համարում, քանի որ Չինաստանի երկու քաղաքացիները մինչև Հայաստան գալն էլ Վրաստանում են եղել։ Վիրուսի գաղտնի՝ 14-օրյա փուլում Չինաստանում, առավել ևս կորոնավիրուսի օջախում՝ Ուհանում չեն եղել։

«Ամբողջ գաղտնի շրջանը, կարելի է ասել, եղել են Վրաստանում և Հայաստանում և այս պարագայում էլ որևէ խնդիր չեն ունեցել», - ընդգծեց նա։

Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն ու առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը վստահեցրեն՝ Հայաստանը վիրուսի բռնկման առումով ցածր ռիսկային գոտում է, ուղիղ չվերթներ Չինաստանից չկան։ Այս օրերին այնտեղից վերադարձողների նկատմամբ էլ, ասացին, խիստ հսկողություն է սահմանված:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատական է իրականացվել Հայաստանում բժշկասանիտարական կանոնների ներդրման ուղղությամբ և բավականին բարձր է գնահատվել պատրաստվածությունը», - ասաց Նանուշյանը։

Այնուամենայնիվ, Հայաստանում այս պահին չկան կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեսթեր։ Համաճարակաբանության բաժնի պետը հույս ունի՝ 10 օրվա ընթացքում հարցը կլուծվի։

«Մի շարք երկրների համար դրանք հասանելի չեն դեռևս», - ասաց Լիանա Թորոսյանը։

Չինաստանում համաճարակային վիճակը շարունակում է լարված մնալ։ Նոր վիրուսից 132 հոգի է մահացել, վարակակիրների թիվը շուրջ 6 հազար է։ Արտգործնախարարության տվյալով՝ վիրուսի բռնկման օջախում՝ Ուհան քաղաքում 6 հայեր են ապրում։

Թորոսյանը շեշտեց՝ կասկածների դեպքում նմուշը կարող են ուղարկել արտերկրի լաբորատորիաներ։ Նոր կորոնավիրուսն առայժմ չի նահանջում։ Վիրուսից ավելի քան հարյուր մարդ է մահացել, վարակակիրները շուրջ 6000-ն են, ընդլայնվել է նաև աշխարհագրությունը:

«Եվրոպական երկրներից Ֆրանսիայում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դեպքեր են գրանցվել նաև Ճապոնիայում, Կորեայում, Թայլանդում», - ասաց Լենա Նանուշյանը:

Վիրուսակիրները, ըստ առողջապահության փոխնախարարի, հիմնականում Չինաստանի Ուհան քաղքից դուրս եկածներն են։ Վարակի բռնկման օջախը հենց Ուհանն էր, որտեղ կարանտին է հայտարարված հունվարի 23-ից։ Ուհանում երեք հայեր են ապրում, նրանցից Սուսաննա Աղաջանյանի հետ է «Ազատությունը» խոսել: Ուսանողուհի է, չինարեն է սովորում տեղի համալսարանում, պատմեց, որ տնից դուրս չի գալիս արդեն 6 օր. - «Ես տանից դուրս չեմ գալիս, ես վախենում եմ ճիշտն ասած, բայց անվախներ կան, որ դուրս են գալիս: Մթերք մինչև չինական Նոր տարին սկսելը գիտեի, որ չինական խանութները փակ են լինելու, դժվար է լինելու գտնել մթերք, ու ես գնել էի: Դրա համար ես հիմա մթերքի խնդիր չունեմ, չնայած որ մեր համալսարանն ամեն օր օրը 3 անգամ ուտելիք է բերում ուսանողների համար, անվչար դիմակներ ու դեղեր է տրամադրում նաև հակաբորբոքային, եթե հանկարծ թեթև ջերմություն կամ ինչ-որ մի բան, ուսանողները դեղեր ունենան: Դե ուտելիքն էլ էլի անվճար բերում են 3 անգամ, բայց ես չեմ վերցնում, որովհետև ավելի ապահով կլինի, եթե ես ինքս պատրաստեմ»:

Սուսաննան ասաց՝ քաղաքը փակ է, օդանավակայան, գնացքի կայարաններ երթևեկություն չեն գործում: Սուպերմարկետները բաց են, հնարավոր է գտնել միրգ, բանջարեղեն, մակարոնեղեն:

«Մենք այսպես էինք որոշում, որ մեզանից ամենահամարձակը դուրս է գալիս, գնում է սուպերմարկետ, բոլորի համար գնումներ է կատարում ու գալիս է: Իրենք դնում են դռան դիմաց, ես դուռը բացում եմ, դիմակով, ձեռնոցներով վերցնում եմ, դիզինֆեկցիա եմ անում ամեն ինչ, նոր սկսում եմ արդեն օգտագործել», - պատմում է Սուսաննան:

Մի շարք երկրներ սկսել են իրենց քաղաքացիների տարհանումը Ուհանից։ Սուսաննան ասաց՝ երեկ Ճապոնիայի 300 քաղաքացիների համար այդ երկրի իշխանությունները օդանավ էին ուղարկել։ Ինքն էլ իրերն արդեն հավաքել է քաղաքից հեռանալու համար. - «Ես ուզում եմ դուրս գալ, որովհետև որքան երկար եմ մնում քաղաքում, այնքան ավելի մեծ է ռիսկը, որ կվարակվեմ: Դեսպանատնից ինձ հետ խոսում են, ասում են, որ մենք էլ ենք հիմա անցկացնում այդ բոլորը»:

Նա սպասում է դեսպանատան զանգին, մինչև այդ փորձում հանգստացնել տարբեր, հատկապես ռուսական լրատվամիջոցներով տարածվող լուրերից տագնապած ծնողներին: Ասում է՝ Չինաստանում խուճապ չկա, սոված մարդիկ չկան, չկան մարդիկ, որ ուզում են Ուհանից դուրս փախչել ու չեն կարողանում. - «Հարցն այն է, որ քաղաքում ընդհանրապես պանիկա չկա, ու անգամ մարդիկ, քանի որ չեն կարողանում դուրս գալ փողոց, մի քանի օր առաջ պատուհանները բացել էին ու իրար գոռում էին, որ Ուհան չհանձնվես, ու բոլորը դա նկարում էին, գցում էին ինտերնետ, այսինքն՝ մարդիկ ամեն կերպ իրար ուզում են պադերժկա անեն»:

XS
SM
MD
LG