Շիֆն իր փաստարկներն է ներկայացրել Սենատում Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությանը

ԱՄՆ - Կոնգրեսական Ադամ Շիֆը ելույթ է ունենում Սենատում, Վաշինգտոն, 21-ը հունվարի, 2020թ.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան ազդեցիկ անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը զգուշացրել է՝ եթե նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր չճանաչվի, ապագա նախագահները կգործեն այնպես, կարծես իրենք նույնպես վեր են օրենքից:

Երեկ Սենատում Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությանը ներկայացրած փաստարկներում Շիֆն ասել է, որ նախագահի կողմից «պաշտոնի չարաշահումը և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելը մշտապես փոխելու է ուժերի հավասարակշռությունը կառավարման ճյուղերի միջև, դրդելով ապագա նախագահներին գործելու Կոնգրեսի վերահսկողությունից և օրենքից դուրս»:

ԱՄՆ նախագահն անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների տան կողմից իմփիչմենթի է ենթարկվել։ Թրամփը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար: Նա կտրականապես հերքում է մեղադրանքները:

Երեքշաբթի օրը Սենատը հաստատել է քննության ընթացակարգը, որին կողմ են քվեարկել միայն հանրապետականները՝ մերժելով դեմոկրատների բոլոր առաջարկները: Ըստ այդմ, կողմերից յուրաքանչյուրին 24 ժամ կտրվի սեփական փաստարկները ներկայացնելու համար, նոր վկաներ չեն հրավիրվի, նոր փաստաթղթեր չեն ուսումնասիրվի:

Բուն գործընթացը, ակնկալվում է, որ կավարտվի փետրվարի սկզբին:

Հաշվի առնելով հանրապետականների լուրջ մեծամասնությունը Սենատում՝ վերլուծաբանները համոզված պնդում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր չի ճանաչվի: