Մատչելիության հղումներ

Սենատում շարունակվում է նախագահ Թրամփի դատավարությունը


ԱՄՆ Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը, Վաշինգթոն, 21-ը հունվարի, 2020թ.
ԱՄՆ Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը, Վաշինգթոն, 21-ը հունվարի, 2020թ.

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատում շարունակվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և օրենսդիրների աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքով նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը:

Թրամփն անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների տան կողմից իմպիչմենտի է ենթարկվել, դատավորների դերում հանդես են գալիս մյուս պալատի՝ Սենատի անդամները: Դատը վարում է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը:

Այսօր Երևանի ժամանակով երեկոյան ժամը 10-ին Ներկայացուցիչների տան մեղադրողները կներկայացնեն իրենց փաստարկները:

Տեսականորեն հանրապետական Թրամփին կարող են ազատել պաշտոնից, սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե 100 սենատորներից առնվազն 67-ը նախագահին մեղավոր ճանաչի:

Հաշվի առնելով հանրապետականների լուրջ մեծամասնությունը Կոնգրեսի այդ պալատում՝ վերլուծաբանները համոզված պնդում են, որ Թրամփը մեղավոր չի ճանաչվի:

Սենատում 53 կողմ, 47 դեմ քվեների հարաբերակցությամբ նախօրեին արդեն հաստատել են դատավարության ընթացակարգը, որն առաջարկել է Սենատի հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը:

Մեղադրող և պաշտպանող կողմերին տրվել է փաստարկները ներկայացնելու համար վեց օր: Ընդ որում յուրաքանչյուր կողմը կարող է երեք աշխատանքային օրերի ընթացքում ընդհանուր հաշվով 24 ժամ ներկայացնել իր տեսակետը:

Դրանից հետո սենատորները կորոշեն վկաներին հարցաքննելու և փաստաթղթերն ուսումնասիրելու հարցը:

Դեմոկրատներին զայրացրել է այն, որ ՄըքՔոնելը կտրականապես մերժել է փաստարկները ներկայացնելու փուլում վկաներին հարցաքննելու և փաստաթղթերն ուսումնասիրելու հնարավորությունը:

Վկաներից մեկը պետք է լիներ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Դեսպան Բոլթոնը հստակ ասել է, որ պատրաստ է վկայություն տալ, բայց նախագահ Թրամփը չի ցանկանում, որ դուք լսեք Բոլթոնին», - ասել է Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը:

Հանձնաժողովի ղեկավարի համոզմամբ, Սպիտակ տունը ցանկանում է թաքցնել ինֆորմացիան:

«Նախագահը չի ուզում, որ դուք լսեք Բոլթոնի ասածը, չի ուզում, որ Ամերիկայի ժողովուրդն առաջին ձեռքից իմանա, թե ինչ մեքենայություններ են դարձել այս դատավարության առիթը», - հայտարարել է Նադլերը:

Հանրապետականները, այդ թվում նախագահ Թրամփը, նկատել են տալիս, որ դեմ չէին լինի Բոլթոնի դռնբաց հարցաքննությանը, սակայն հաշվի են առնում նրա զբաղեցրած վերջին պաշտոնը, քանի որ ի հայտ են գալիս ազգային անվտանգության հանգամանքներ:

«Ի՞նչ կլինի, եթե Բոլթոնը հրապարակի իմ ոչ դրական կարծիքը որևէ լիդերի մասին, ինչպե՞ս ես դրանից հետո հանդես գամ մեր երկրի անունից։ Դա իմ աշխատանքը շատ կբարդացնի»,- ասել է Թրամփը:

Դե իսկ բուն իմպիչմենտի մասին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետն անփոփոխ է:

«Դա բացարձակ կեղծիք է, խայտառակություն։ Նրանք պնդում են, թե փաստարկներ ունեն։ Չկա, ոչինչ չկա, միայն կեղծիք։ Ես դա թողնում եմ Սենատին, մեծ հարգանք ունեմ սենատորների հանդեպ, Սենատը կորոշի», - Դավոսում ասել է Դոնալդ Թրամփը:

Դատավարությունը շարունակվում է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG