ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ներկայացրել է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով յոթ մեղադրողների անունները: Խումբը կգլխավորի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը:
Իմփիչմենթի կապակցությամբ նախագահ Թրամփին առաջադրված հոդվածները Կոնգրեսի վերին պալատ՝ Սենատ ուղարկելու հարցի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում նախատեսված է այսօր:
Ակնկալվում է, որ քվեարկությունից հետո՝ մի քանի օրից արդեն, Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները, կսկսվի Սպիտակ տան ղեկավարի իմփիչմենթի հարցով դատավարությունը, որն այս ճանապարհով նախագահին պաշտոնանկ անելու երրորդ փորձն է Միացյալ Նահանգների ողջ պատմության մեջ:
Դեմոկրատների հսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատը մեկ ամիս առաջ էր որոշել իմփիչմենթի գործընթաց սկսել Թրամփի դեմ՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու հոդվածներով: