Չորեքշաբթի երեկոյան Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը` քվեների 228 կողմ 193 դեմ հարաբերակցությամբ քվեարկեց նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հիմքերը Սենատին փոխանցելու օգտին: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոնգրեսականների այս քայլը պատմական է որակում:
«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների պալատը կատարեց իր սահմանադրական պարտքը և քվեարկեց նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի օգտին: Ներկայացուցիչների տանը կազմակերպված քննարկումների ընթացքում բազմիցս նշվեց, որ նախագահը ոտնահարել է իր իսկ տված երդումը` պաշտպանել և պահպանել Միացյալ Նահանգների Սահմանադրությունը», - նշել է Նենսի Փելոսին:
Ներկայացուցիչների տան խոսնակը նախօերին նաև յոթ դեմոկրատ կոնգրեսականներին, այդ թվում՝ հետախուզության հարցերի հանձնաժողովի նախագահ, Լոս Անջելեսի հայաբնակ շրջաններից ընտրված Ադամ Շիֆին իմփիչմենթի հարցով հատուկ մենեջերի կարգավիճակ շնորհեց:
Ներկայացուցիչների պալատի այս անդամների առաջին գործը եղավ Թրամփի պաշտոնանկության գործընթացի շարունակության մասին Սենատի անդամներին տեղեկացնելը: Այդ նպատակով կոնգրեսականների այս խումբը հանդիսավորությամբ, տասնյակ տեսախցիկների ուղեկցությամբ, Կապիտոլիումի մի թևից մյուսն անցավ` Սենատի ղեկավարությանը պաշտոնապես տեղեկացնելով կայացված որոշման մասին:
Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հեռանկարները Սենատում ավելի քան մշուշոտ են: Բանն այն է, որ այստեղ նախագահ Թրամփի կուսակից հանրապետականները մեծամասնություն ունեն և արդեն իսկ հայտարարել են, որ նախագահի պաշտոնանկության հարցում հանդես են գալու միասնական դիրքերից:
Դրա հետ մեկտեղ, հասկանալով, որ քվեարկության արդյունքները գրեթե կանխորոշված են, հանրապետականները վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս կոչ էին արել Ներկայացուցիչների տան անդամներին Թրամփի պաշտոնանկության հարցը փոխանցել Սենատ` հուսալով թերևս, որ իմփիչմենթի լսումների երկրորդ փուլը կարող է նախագահին արդարացնող մի գործընթացի վերածվել։
«Ներկայացուցիչների պալատն ի վերջո որոշակի տեղաշարժ արձանագրեց իմփիչմենթի հարցում: Ես վստահ եմ, որ [առաջիկա լսումների ընթացքում] Սենատը մի կողմ կթողնի կարճաժամկետ շահերի հետապնդումն ու կուսակցական պայքարի տենդով թելադրված մոտեցումները և կընդունի այնպիսի որոշում, որ լավագույնն է լինելու մեր պետության երկարաժամկետ շահերի տեսանկյունից: Մենք կարող ենք և պարտավոր ենք դա անել», - հայտարարել է Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը:
Չի բացառվում, սակայն, որ Սենատում լսումները սպասվածից շատ ավելի սկանդալային ընթացք ստանան:
Անցած գիշեր MSNBC հեռուստաընկերությունը և New York Times պարբերականը հարցազրույց հրապարակեցին նախագահ Թրամփի փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիի մերձավոր թիմակիցներից մեկի` գործարար Լև Պառնասի հետ:
Վերջինն այդ հարցազրույցում հայտարարեց, որ անձամբ է նախագահ Դոնալդ Թրամփի անունից Ուկրաինայի իշխանություններին «շատ կոշտ ուղերձ փոխանցել` Ուկրաինան կզրկվի ցանկացած տեսակի ամերիկյան օգնությունից, եթե չհետաքննի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու գործունեությունը իր տարածքում»։
«Խոսքը ոչ միայն ռազմական, այլ բոլոր ոլորտներում օգնության մասին էր», - նշել է Պառնասը՝ պնդելով, որ այդ ուղերձները փոխանցելու նպատակով հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահի ավագ օգնականի հետ:
«Այդ բանակցությունների ընթացքում ես ներկայացնում էի նախագահ Թրամփին և Ռուդի Ջուիանիին: Նախագահ Թրամփը հստակորեն տեղյակ էր ընթացող զարգացումների մասին: Նա տեղյակ էր բոլոր մանրամասներին», - պնդում է գործարարը:
«Ես որևէ քայլի չէի դիմի առանց Ռուդի Ջուլիանիի կամ նախագահի համաձայնության: Ես ուկրաինացի այդ պաշտոնյաների հետ խոսելու որևէ ցանկություն կամ անձնական պատճառ չունեի, նրանք նույնպես։ Ինչո՞ւ պետք է նախագահ Զելենսկու մերձավոր շրջապատը կամ նախարար Ավագովը կամ էլ նախագահ Պորոշենկոն հանդիպեին ինձ հետ», - տարակուսում է Լև Պառնասը:
Վերջում հավելենք, որ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շուրջ լսումները, ըստ ամենայնի, կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ` հունվարի 21-ին:
Այսօր երբ Երևանում արդեն ուշ երեկո կլինի Դոնալդ Թրամփին իմփիչմենթին վերաբերող փաստաթղթերը պաշտոնապես կփոխանցվեն Սենատին: Դրանից քիչ անց էլ Կապիտոլիում կժամանի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը` պաշտոնական երդում ընդունելու նպատակով: Արդեն հայտնի է, որ հենց Ռոբերտսն է նախագահելու Թրամփի պաշտոնանկությանը վերաբերող Սենատի լսումների ողջ ընթացքում: