Մատչելիության հղումներ

Մինչ ԱՄՆ Սենատում մեկնարկում է նախագահի դատավարությունը, Թրամփը Դավոսում կրկին հերքում է մեղադրանքները


Շվեյցարիա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին, Դավոս, 21 հունվարի, 2020թ.
Շվեյցարիա, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին, Դավոս, 21 հունվարի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամեր առաջ ժամանեց շվեյցարական Դավոս, ուր այսօր մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, մինչ Վաշինգտոնում սենատորները պատրաստվում են սկսել նրա իմփիչմենթի հարցով պատմական դատավարությունը:

Քննությունը կանցնի Սենատի հատուկ նիստում, որը կվարի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը: Գլխավոր դատախազի դերում հանդես կգա դեմոկրատ կոնգրեսական, Ներկայացուցիչների տան ազդեցիկ անդամ Ադամ Շիֆը: Նրա գործընկերները՝ Թրամփի ընդդիմախոս դեմոկրատները, շաբաթներ առաջ են հաստատել ու Կոնգրեսի վերին պալատ ուղարկել նախագահին առաջադրված հոդվածները, ըստ այդմ Դոնալդ Թրամփը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար:

Բուն քննությանն անցնելուց առաջ սենատորները նախ պետք է քվեարկեն դատավարության կարգը հաստատելու համար. ամենայն հավանականությամբ այդ քվեարկությունը կանցնի թեժ մթնոլորտում: Մեծամասնության առաջնորդ, հանրապետական Միթչ ՄըքՔոնելն առաջարկել է ժամանակացույց, որը ենթադրում է քննության արագացված կարգ՝ կողմերից յուրաքանչյուրին կտրվի 24 ժամ՝ սեփական փաստարկները ներկայացնելու համար, նոր վկաներ չեն հրավիրվի, նոր ապացույցներ չեն հրապարակվի: Դեմոկրատները զայրույթը չեն թաքցնում, խմբակցության ղեկավար Չաք Շումերը հայտարարում է՝ հանրապետականները ստվեր են գցում այս կարևոր գործընթացի վրա. - «Մի դատավարություն, որտեղ չկան նոր ապացույցներ, նոր վկաներ, նոր փաստաթղթեր, ամենևին էլ դատաքննություն չէ, սա իրականությունը կոծկելու փորձ է ընդամենը»:

Չնայած դեմոկրատների դժգոհությանը, ակնկալվում է, որ դատաքննությունը կընթանա հենց այս ընթացակարգով, քանի որ այն հաստատելու համար նրանք ունեն անհրաժեշտ թվով ձայներ: Ինքը՝ Դոնալդ Թրամփը, ժամանելով Դավոս, իրեն առաջադրված մեղադրանքների փոխարեն այսօր նախընտրել է խոսել պաշտոնավարման ընթացքում արձանագրած ձեռքբերումների ու հաջողությունների մասին:

«Երբ ես 2 տարի առաջ ելույթ ունեցա այս համաժողովում, հայտարարեցի, որ մենք քայլեր ենք ձեռնարկում հզոր Ամերիկայի վերադարձի համար: Այսօր ես արդեն կարող եմ հպարտորեն հայտարարել՝ Միացյալ Նահանգները տնտեսական վերելքի գագաթնակետին է, առաջընթաց, որի նմանը աշխարհը մինչ այս չի տեսել: Մենք վերագտանք մեր հաջողությունները, մեր ոգին և վերստին արթնացրինք ամերիկյան ձեռնարկատիրության ամենահզոր մեքենան: Ամերիկան բարգավաճում է և հաղթում, ինչպես երբևէ անցյալում», - ասել է նա:

Բուն իմփիչմենթին Թրամփը շատ հպանցիկ է անդրադարձել՝ կրկին պնդելով, որ մեղադրանքները կեղծ են, և ընդդիմադիր դեմոկրատները ընդամենը «վհուկների որս են սկսել» նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

Աղմկահարույց այս պատմությունը սկիզբ առավ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ անցած հուլիսին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում են, թե այդ զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը օգտագործել է պաշտոնեական դիրքը հանուն սեփական շահի. մասնավորապես, պահանջել է Կիևից հետաքննություն սկսել առաջիկա ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի դեմ, ով տարիներ շարունակ գործարարությամբ է զբաղվել Ուկրաինայում: Թրամփը կտրակաանպես հերքում է այս մեղադրանքները:

Նա, ի դեպ, Միացյալ Նահանգների շուրջ 250 տարվա պատմության մեջ իմփիչմեթնի ենթարկվող երրորդ նախագահն է. 1868 թվականին Էնդրյու Ջոնսոնն է կանգնել Սենատի դատաքննության առաջ, 1998-ին՝ Բիլ Քլինթոնը, սակայն երկու դեպքում էլ Սենատը պաշտոնանկ չի արել նախագահներին:

Ըստ վերլուծաբանների, Թրամփի դատաքննությունը ևս ամենայն հավանականությամբ, կավարտվի նույն սցենարով և առանց անակնկալների. նախագահի կուսակից հանրապետականները, որ մեծամասնություն ունեն Սենատում, միաձայն պաշտպանում են նախագահին, նրանցից որևէ մեկն առայժմ չի ակնարկել, թե պատրաստ է աջակցել ընդդիմադիր դեմոկրատներին ու քվեարկել Թրամփի հետագա պաշտոնավարման դեմ:

XS
SM
MD
LG