«Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման հստակ ժամկետ այս պահին չկա», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Անցած տարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միայն մեկ անգամ են հանդիպել ու բանակցել՝ մարտին Վիեննայում։
Կարճատև հանդիպումներ եղել են, սակայն պետությունների ղեկավարների մակարդակով պաշտոնական բանակցությունները 2019 թվականին եզակի էին, որոնք կայացան Ավստրիայի մայրաքաղաքում։
«Բանակցային գործընթացը շատ կարևոր գործառույթ է, և մենք, բնականաբար, շատ ակտիվ ներգրավված շարունակելու ենք աշխատել ադրբեջանական կողմի հետ՝ անկախ ամենից։ Ներկայումս մենք ունենք աշխատանք տանելու, գնահատելու իրավիճակը, գնահատելու գործընթացը այս ժամանակահատվածում, նաև նախանշելու մեր աշխատանքային պլանը գալիք ամիսների ընթացքում՝ հաշվի առնելով բոլոր այն հանգամանքները, որոնք առկա են և որոնց շուրջ մենք առիթ ունեցել ենք խոսելու»։
Հարցին, թե արդյոք կայանալու է Հայաստանի վարչապետ - Ադրբեջանի նախագահ հանդիպում, Մնացականյանն արձագանքեց. - «Բնականաբար, նման հանդիպումները շատ մեծ նշանակություն ունեն, բայց ես հիմա այս պահին չեմ կարող ասել, որ մենք արդեն հստակ ունենք նախանշած ժամկետ, թե երբ պետությունների ղեկավարները կհանդիպեն։ Այս փուլում աշխատանքը դեռևս կենտրոնացած է արտաքին գործերի նախարարների մակարդակի վրա»։
Ի տարբերություն երկրների ղեկավարների, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները անցած տարի հանդիպել են հինգ անգամ՝ միջնորդ բոլոր երեք երկրների մայրաքաղաքներում։ Վերջին հանդիպումը Բրատիսլավայում էր, և անգամ երեք ու կես ժամանոց բանակցություններից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դժգոհ էր մնացել՝ դեկտեմբերի վերջին հայտարարելով, որ 2019 թվականը կորսված հնարավորությունների տարի էր ղարաբաղյան խնդրի կարգավորման համար։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օրերս կարծիք էր հայտնել, որ ամերիկա-իրանական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը դեէսկալացիայի է գնում, միաժամանակ նշել էր, որ պաշտոնական Երևանը իր դերակատարությունը տեսնում է երկու կողմի հետ երկխոսությունը շարունակելու տարբերակով։
Հարցին, թե հնարավոր է, որ Միացյալ Նահանգների ու Իրանի ներկայացուցիչները բանակցություններ վարեն Երևանում, Մնացականյանը պատասխանեց. - «Ես չեմ ուզենա գերագնահատել կամ թերագնահատել յուրաքանչյուր պետության դերակատարությունը այս ամենում։ Մեր համար առաջնային խնդիրը եղել և մնում է այն, որն առնչվում է տարածաշրջանային անվտանգության հետ, առնչվում է մարտահրավերների հետ, որոնք վերաբերում են անմիջապես մեր անվտանգությանը՝ Հայաստանի անվտանգությանը և տարածաշրջանի անվտանգությանը։ Այդ առումով մենք առիթ ունեցել ենք հնչեցնելու մեր դիրքորոշումը և մեր գնահատականը, և իրապես ներգրավված են բոլոր կողմերի հետ՝ գնահատելու համար իրավիճակը, գնահատելու այն հնարավոր զարգացումները, որոնք վերաբերում են անվտանգությանը, և նորից եմ կրկնում, որոնց մեջ ամենակարևոր հարցը մեզ համար դա կայունության ամրապնդումն է և խուսափումը որևէ էսկալացիայից, որը, բնականաբար, անմիջական ազդեցություն կարող է ունենալ նաև մեզ համար»։