Մատչելիության հղումներ

Հայկական կողմը «կառուցողական» է գնահատում Փաշինյան֊Ալիև հանդիպման մթնոլորտը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Ավստրիայի հայ համայնքի հետ, «դրական» գնահատեց իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում ավելի վաղ կայացած հանդիպումը։

«Ընդհանուր առմամբ կարևոր եմ համարում այսօրվա հանդիպումը։ Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին և խոսել այն գործընթացի, մասին, ինչի մասին ես առիթ ունեցա խոսել Ստեփանակերտում և իմ ունեցած ասուլիսի ընթացքում», ֊ իր խոսքում, մասնավորապես, ասաց Փաշինյանը՝ շարունակելով. ֊ «Ես այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական»։

Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ «դրական» գնահատականը չի նշանակում, կողմերից ինչ֊որ մեկի հաղթանակ կամ պարտություն։

Նշենք, որ Վարչապետի աշխատակազի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում ևս որոշ մանրամասներ են հաղորդվում հանդիպման մասին։ Այստեղ, մասնավորապես, ասվում է. ֊ «Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Զրուցակիցներն ընդգծել են բանակցային գործընթացի համար բարենպաստ Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ»։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ կողմերը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, համաձայնելով շարունակել երկխոսությունը:

Նշենք, որ այսօր Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում նախ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Հետո երկու երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակեցին առանձնազրույցի ձևաչափով:

Այնուհետև քննարկմանը նորից միացան համանախագահները և արտգործնախարարները։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ:

Հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագները արդյունավետ գնահատեցին բանակցությունները:

«Դրական ենք գնահատում [հանդիպումը]: Երկար, հագեցած և հետաքրքիր խոսակցություն էր, որը հնարավորություն տվեց հստակեցնել առաջնորդների դիրքորոշումը, մենք հույս ունենք, որ առաջիկայում նոր հանդիպում տեղի կունենա»,- ասաց ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին՝ առանց հստակեցնելու Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպման ժամկետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG