Մատչելիության հղումներ

Մամեդյարովը մոսկովյան եռակողմ հանդիպումը արդյունավետ է գնահատել


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում, 15-ը ապրիլի, 2019թ.
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում, 15-ը ապրիլի, 2019թ.

Մոսկվայում երեկ տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանցի լրագրողներին ասել է. «Ընդհանուր առմամբ, բանակցությունները շատ լայն էին ու առարկայական։ Հանդիպումն արդյունավետ էր: Մենք քննարկեցինք հարցեր, որոնք մինչև հիմա խոչընդոտում էին առաջընթացին: Չեմ կարող ասել, թե սա մեծ տեղաշարժ էր, բայց, ընդհանուր առմամբ, հայկական կողմն ու ես կարողացանք ավելի բազմակողմանի ու խորը հասկանալ որոշ խնդրահարույց պահեր»:

Նրա խոսքերով՝ քննարկումները տեղի են ունեցել 2016 թվականին ռուսական կողմից արված պլանի հենքի վրա:

«Հանդիպման օգտակարությունն այն է, որ մենք ավելի խորը հասկացանք, թե ինչ խնդիրներ կան և որոնք է անհրաժեշտ լուծել: Օրինակ, Հայաստանը բարձրացնում է կարգավիճակի ու անվտանգության հետ կապված հարցեր, մենք առաջին հերթին բարձրացնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և հարկադրաբար հեռացած մարդկանց վերադարձի հարցերը: Այս չորս հարցերի շուրջ մենք բազմակողմանի քննարկումներ ունեցանք: Կարծում եմ՝ համաձայնեցինք շարունակել քննարկումները», - Minval.az կայքի փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը:

Նա հայտնել է, թե հանդիպմանը տարբեր կարծիքներ են հնչել. «Ես չեմ ցանկանում հիմա ասել, թե դրանք ինչ առաջարկներ էին: Դրանք ռուսական կողմի, համանախագահների, Ադրբեջանի ու Հայաստանի առաջարկներ են: Մենք կշարունակենք աշխատանքը այդ ուղղությամբ»:

Մամեդյարովը նաև անդրադարձել է լրագրողների փոխադարձ այցելություններ կազմակերպելու հարցին և նշել, որ դա շատ հետաքրքիր գաղափար է, «որպեսզի հայ ու ադրբեջանցի լրագրողները այցելություններ կատարեն Լեռնային Ղարաբաղ»:

Փաշինյան-Ալիև նոր հանդիպման հնարավորության մասին Մամեդյարովն ասել է, թե նախ արտգործնախարարները կհանդիպեն: «Եթե տեսնենք ինչ-որ խնդիրներ են առաջանում, ապա կհանդիպեն Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը: Իսկ մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, տարածաշրջան կայցելեն Մինսկի խմբի համանախագահները», - ադրբեջանցի լրագրողներին փոխանցել է Մամեդյարովը:

Ռուսական «Կոմերսանտ»-ը գրել է, թե կարգավորման գործընթացում երկար տարիների ընթացքում առաջին անգամ դրական տեղաշարժ է արձանագրվել. Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել լուծել գերիների հարազատների փոխադարձ այցելությունների հարցը, ինչպես նաև ակտիվացնել լրատվամիջոցների այցերը:

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն «Թուրան»-ին ասել է, թե կողմերը փաստացի որոշել են ուշադրությունը կենտրոնացնել հումանիտար խնդիրների լուծման վրա, ինչը ֆոն կստեղծի բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար: «Այսօր ակնհայտ է, որ քաղաքական հարթությունում իրական քայլերը բարդացել են շատ հանգամանքներից ելնելով», - նշել է նա:

Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ՝ Արզու Նագիևը մոսկովյան հանդիպումից երեք կարևոր կետ է առանձնացրել հումանիտար ոլորտում: «Թրենդ»-ի հարցազրույցում նա ասել է, թե արտգործնախարարները փաստացի համաձայնել են կատարել դրանք: Առաջին՝ ռազմագերիների ընտանիքների անդամները հնարավորություն ունենան այցելել նրանց, երկրորդ՝ կոնկրետ աշխատանքներ տանել հակամարտ կողմերի բնակիչների միջև շփումներ հաստատելու համար, այդ թվում՝ լրագրողների փոխադարձ այցելություններ, և երրորդ՝ հակամարտ գոտում կայուն իրավիճակ ապահովել գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ:

Նրա խոսքերով՝ այդ երեք կետերը կարևոր բաղադրիչներ են առարկայական բանակցությունների համար:

Ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ դժվար թե արտգործնախարարները, միջնորդները հավաքվեին հումանիտար հարցեր քննարկելու համար:

«Եռակողմ հանդիպման կարևորությունն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերին այն հիշեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Մոսկվայի դերակատարության մասին: Վիեննայի հանդիպումից հետո դա կարևոր էր ցուցադրել, ընդգծել, միաժամանակ արտահայտել հանձնառությունները Ղարաբաղի հարցով նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնություններին», - ադրբեջանական Minval.az կայքին ասել է ռուսաստանցի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG