Պաշտոնական Ստեփանակերտը Վիեննայում երեկ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը դրական է գնահատում ու ողջունում նման բանակցությունները։ «Ազատության» հետ զրույցում այսօր այդ մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։
«Այսպիսի բանակցությունները մենք միշտ արժևորել ենք և այսուհետ ևս կարևորելու ենք այսպիսի հանդիպումները, ինչի՞ համար՝ որովհետև, նախ և առաջ, նրանք շատ կարևոր են Կովկասում՝ այսպիսի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։ Եվ երկրորդը՝ իհարկե, այս հանդիպումները ապահովում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի շարունակականությունը: Այս տեսանկյունից՝ միանշանակ նման հանդիպումները կարելի է նաև կարևոր և առանցքային համարել։ Մյուս կողմից՝ մենք միշտ էլ ընդգծում ենք, որ համապարփակ կարգավորման համար անրաժեշտ է, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը վերականգնվի բանակցային գործընթացում, եթե այդ ձևաչափով լիարժեք վերականգնված չէ, ապա նման բանակցությունների արդյունքը լինելու է միայն տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, ինչը նույնպես շատ կարևոր է», - նշեց Բաբայանը։
Ե՛վ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունները, թե Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումն անցել է դրական և կառուցողական միջավայրում, «ողջունելի և կարևոր է լարվածության մթնոլորտը թուլացնելու համար», ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը ամուր մնա էն դիրքերի վրա, որոնց մասին ՆիկոլՓաշինյանը հայտարարեց Ստեփանակերտում։ Եվ այս տեսանկյունից նաև հանդիպումից հետո հայտարարությունները հուշում են, որ Երևանը գտնվում է իր դիրքերի վրա։ Հայ համայնքի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը նրա տված գնահատականները որոշակիորեն բխում էին հենց Երևանի ինքնավստահությունից, օրակարգ թելադրելու տեսանկյունից։ Գործնականում Փաշինյանը նաև գրեթե բաց տեքստով խոսեց այն մասին, որ ստեղծվում է նոր պրոցես, այսինքն՝ նոր պրոցեսի հնարավորություն, որտեղ նաև խոսակցություն է գնում հենց հայկական օրակարգի շուրջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։
Բադալյանն ընդգծում է՝ նախորդ տարիներին բովանդակություն թելադրողը գործնականում եղել է Ադրբեջանը: Այս անգամ պատկերն այլ էր։
«Հայկական կողմը նաև իրեն թույլ է տալիս խոսել խաղաղության մասին ընդհուպ ադրբեջանցի ժողովրդին հասցեագրված անուղղակի ազդակներով։ Մի բան, որը բավականին լուրջ պատասխանատվության տակ է դնում Ադրբեջանի իշխանությանը։ Մենք Ալիևի վարքագծում տեսնում ենք դրա ազդեցությունը, ռազմական տարբերակները սահմանափակված են, այսինքն՝ գրեթե արգելափակված են, ընդ որում՝ թե՛ համանախագահների մակարդակում, թե՛ նաև Հայաստանի դիմադրունակության, պաշտպանունակության, և մնում է, քաղաքական մակարդակում էլ մենք տեսնում ենք, որ Հայաստանի օրակարգային հստակ ձևակերպվող խնդիրները բավական կարևոր փաստերի առաջ են դնում Ադրբեջանին, ինչը նախորդ տարիներին չի եղել», - նշեց քաղաքական մեկնաբանը:
Երեկ Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Ավստրիայի հայ համայնքի հետ, դրական գնահատեց իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում ավելի վաղ կայացած հանդիպումը։
«Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, տեղի է ունեցել հեղափոխություն, տեղի ունեցել ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին ես առիթ ունեցա խոսել Ստեփանակերտում և իմ ունեցած ասուլիսի ընթացքում։ Ես այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական ու հույս ունեմ՝ նախագահ Ալիևն էլ հանդիպումը կգնահատի դրական։ Ուզում եմ մի էսպիսի կարևոր նրբության անդրադառնալ. երբ ես ասում եմ՝ հանդիպումը գնահատում եմ դրական, դա չի նշանակում՝ էս հանդիպման կամ խոսակցության ընթացքում ինչ-որ մեկի հաղթանակ և ինչ-որ մեկի պարտություն», - ընդգծեց վարչապետը։
Մինսկի խմբի համանախագահները ևս արդյունավետ գնահատեցին բանակցությունները՝ հույս հայտնելով, որ առաջիկայում նոր հանդիպում տեղի կունենա, առանց հստակեցնելու Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպման ժամկետը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համոզմամբ՝ երեկ Վիենայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպումը նոր լիցք է հաղորդել բանակցային գործընթացին: Այդ մասին Ալիևը ասել է ռուսաստանյան TACC գործակալության թղթակցի հետ զրույցում:
«Բանակցային գործընթացը պետք է աջակցություն ստանա նաև մարդասիրական գործողություններով: Կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափը անփոփոխ մնաց։ Բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ», - նշել է Ալիևը:
Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դրական է համարում բուն բանակցությունների կայացման փաստը, Մինսկի խմբի համանախագահների գնահատականները։ Միաժամանակ նշում է, որ խոսք չեղավ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին։
«Վարչապետի խոսքում ոչինչ ասված չէ բանակցային գործընթացում ներառված Մադրիդյան երեք սկզբունքների և վեց տարրերի մեկնաբանության մասին, մինչդեռ սրանք առանցքային էին և բանակցային գործընթացում Հայաստանի օրակարգի հիմնական տարրերը, որոնք վարչապետը ներկայացրել էր մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում և նշել, որ այդ սկզբունքներն ու տարրերը պետք է պարզաբանվեն։ Դրանց մասին առհասարակ հիշատակում չկար, իսկ դրանք, կարծում եմ, չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյոք Մադրիդյան սկզբունքները շարունակո՞ւմ են սեղանի վրա մնալ, թե՞՝ ոչ», - ասաց Բաբաջանյանը՝ շարունակելով. - «Կարող ենք արձանագրել, որ Վիեննայի հանդիպման ժամանակ հայկական օրակարգը, ըստ էության, այսպիսով չի քննարկվել կամ քննարկվել է այնպիսի համատեքստում, որ դրա մասին, ըստ էության, որևէ արձանագրում հարկ չի եղել անել վերջնական հայտարարության մեջ կամ հրապարակային խոսքում։ Հանդիպման միակ շոշափելի արձանագրումը պետք է անել, փաստորեն, մարդասիրական քայլեր կատարելու վերաբերյալ պայմանավորվածության մասին»:
Ի դեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր հեռախոսով քննարկել են Վիեննայի հանդիպումը։ Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ նրանք անդրադարձել են նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին։