«Ռուսաստանի ու Վրաստանի հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է արտաքին քաղաքական երկու կարևոր ուղղությունները համադրելով», - արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանի ներկայացրած հակառուսական բանաձևի երեկվա քվեարկությանը Հայաստանի չմասնակցելուն՝ հայտարարեց արտգործնախարարը։
Ընդունված բանաձևը Աբխազիայի և Հարավային Օսիայի տեղահանվածների վերադարձի իրավունքի ճանաչմանն էր վերաբերում, բայց կատարման համար պարտադիր չէ՝ խորհրդատվական բնույթի է:
Նախորդ տասը տարիներին Հայաստանը, միանալով Ռուսաստանին, Վենեսուելային ու Հյուսիսային Կորեային, մշտապես դեմ է քվեարկել ներկայացվող նույն բանաձևին:
«Մենք շարունակելու ենք կանոնավոր ընդլայնել և զարգացնել մեր հարաբերությունները և խորացնել մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Հայաստանը նաև ունի կարևորագույն օրակարգ Վրաստանի հետ, որպես հարևան պետություն, [որում ընդգրկված հարցերը] նույնպես առնչվում են տարածաշրջանային անվտանգության և կայունությանը: Եվ մենք առաջնորդվում ենք արտաքին քաղաքականության այս երկու կարևորագույն ուղղությունները համադրելով մեր երկու շատ կարևոր բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցելիս», - ասաց Մնացականյանը:
Արդեն լրագրողների հարցերին պատասխանելիս արտգործնախարարը չմեկնաբանեց Հայաստանի ու Արցախի ղեկավարների՝ ըստ էության միմյանց հակասող հայտարարությունները:
Փաշինյանը պնդում է՝ ինքն է ղարաբաղյան բանակցություններին վերաբերող փաստաթղթերը փոխանցել Ղարաբաղի իշխանություններին, նրանք իրենից առաջ տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել:
Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանն էլ հերքել է Փաշինյանի պնդումը՝ ասելով՝ և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և հետո Հայաստանի իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի մասին։
Մնացականյանը պատճառաբանեց, թե հայտարարությունները ևս մեկ անգամ ուսումնասիրելու կարիք է տեսնում։
Իսկ ահա Փաշինյանի ձևակերպած «դավադիր պատերազմ հրահրելու» վտանգ Հայաստանի արտգործնախարարը Արցախի իշխանությունների կողմից չի տեսնում, միասնականությանը չի կասկածում․ - «Խորհուրդ կտամ չսխալվել: Մենք ունենք հարցեր, մենք ունենք անհամաձայնություններ, մենք ունենք բանավեճեր, մենք ունենք բազմաթիվ բաներ․ այսպիսին է մեր հասարակությունը: Բայց միասնական ենք մենք»:
«Հող ծախելու» մասին պնդումները Մնացականյանը քննարկման առարկա անգամ չի ցանկանում դարձնել․ - «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ իշխանությունները անեն որևէ գործառույթ, որը չհամապատասխանի Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի շահերին, և ենթադրի, որ այդ ամենը հնարավոր է ամրագրել պայմանավորվածությամբ: Չի կարող տենց բան լինել: Մնացածը, հող ծախելու հարցերը ընդհանրապես քննարկման առարկա չեն»:
Պաշտոնական Բաքուն կտրականապես դեմ է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությանը: Հարցը Մնացականյանը բարդ, բայց սկզբունքային է համարում:
«Առանց Արցախի որոշիչ ձայնի արդյունավետ առաջընթաց չի արձանագրվի», - կարծում է նախարարը՝ հավելելով, որ այստեղ բանավեճը համանախագահների հետ չէ․ - «Համանախագահները ընդունում են այն, ինչ որ ընդունելի կլինի կողմերի համար: Մենք համանախագահների հետ բանավեճ չունենք։ Մեր բանավեճը այսօր Ադրբեջանի հետ է այդ հարցում»:
Անցած շաբաթ հակառակորդի կրակոցից զոհվեց զինծառայող Սիփան Մելքոնյանը: Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտեց իրավիճակի սրումը, որակեց «լուրջ հետքայլ» վերջին ամիսներին ձեռնարկված բոլոր ջանքերից:
Պաշտոնական Երևանի ձևակերպմամբ՝ Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար:
Վերահաստատելով հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հրադադարի խստագույն պահպանումը դրա համար էական պայման համարեց․ - «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, մենք շարունակելու ենք մեր պայմանավորվածությունը ամրապնդել, և պնդել, որ էդ համաձայնությունները պիտի պահպանվեն և ամրապնդվեն: Դա թուլությա՞ն նշան է: Չէ՛: Սա հենց վստահության նշանն է, որ անհրաժեշտ է: Ոորվհետև եթե մենք գնանք ավելի խիստ իրավիճակի, վատթարացման ուղղությամբ իրավիճակի, դրա հետևանքները լինելու են շատ-շատ ծանր»:
Փաշինյան - Ալիև հանդիպման հարց այս պահին չի քննարկվում, իսկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ իր հանդիպման օրը առաջիկայում կհայտարարվի: