Չեմ կարող 10 տարի անց իմ հրամանագիրը փոխել արտակարգ դրություն մտցնելու մասին․ Ռոբերտ Քոչարյան

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր կրկին միջնորդեցին դատարանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակել նրան։ Գումարի չափ չնշեցին՝ այն թողնելով դատարանի հայեցողությանը։

Դատարանում ելույթ ունեցավ նախկին նախագահ Քոչարյանը՝ հայտարարելով՝ բոլորից շատ է շահագրգռված այս դատավարության արդարադատության մեջ։

«Քանի որ Դուք նաև անցած Ձեր որոշման մեջ նշել եք, որ խուսափելու ռիսկեր չկան, բայց նվազ չափով մնացել են խոչընդոտելու ռիսկերը, ուղղակի հիշեցնեմ, որ խոչընդոտելու սուբյեկտը նաև չկա: Քրեական գործի բնույթը, փաստաբան Սահակյանը դա է ուզում ասել, գործի բնույթն այնպիսին է, որ այդ սուբյեկտը չկա, ես չեմ կարող 10 տարի անց իմ հրամանագիրը փոխել արտակարգ դրություն մտցնելու մասին, չեմ կարող փոխել փաստը պատմական և չեմ ժխտում՝ այո, ստորագրել եմ և չեմ կարող փոխել նաև այդ հանդիպումը և այդ հանդիպման, այսպես ասենք, 14 թե 15 ցուցմունքից գրեթե բոլորի հետ, բացի մեկ մարդու մի նախադասությունից, համաձայն եմ», - նշեց Քոչարյանը:

Այս անգամ փաստաբանները վկայակոչեցին Սահմանադրական դատարանի վերջին որոշումներից մեկը, որն առնչվում է գրավ կիրառելուն։ Մասնավորապես, փաստաբան Արամ Օրբելյանը պարզաբանեց, որ բարձր դատարանը հոկտեմբերի 15-ին հակասահմանադրական է ճանաչել այն իրավական նորմը, ըստ որի գրավը չի կարող կիրառվել, երբ առկա են գործը խոչընդոտելու կասկածներ։

«Ընդամենը հետևյալն է՝ Սահմանադրական դատարանն ասել է՝ ամսի 16-ից, խնդրում ենք ընդամենը հաշվի առնելով այդ հանգամանքը կիրառել գրավ, ընդամենը այս է խնդիրը: Չենք ասում ինչ-որ բարդ բաներ, չենք ասում անձանց, չենք ասում հիմնավոր կասկած կա, չենք ասում այլ բան, ընդամենն ասում ենք՝ Ձեր որոշմամբ արձանագրել եք, որ ունեիք խոչընդոտ՝ օրենքը թույլ չէր տալիս, հիմա օրենքը թույլ է տալիս, խնդրում եմ կիրառել գրավ», - ասաց Օրբելյանը:

2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբանները հայտարարեցին՝ քրեական հետապնդումը սկսելուց հետո Քոչարյանը 5 ամիս գտնվել է ազատության մեջ և չկա որևէ ապացույց, որ նա փորձել է թաքնվել իրավապահներից կամ էլ ազդել գործի քննության վրա։ Փաստաբան Հայկ Ալումյանը դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հայտարարեց՝ իրենց այս միջնորդությունը հիմնվում է հենց երկու ամիս առաջ՝ սեպտեմբերին նրա կայացրած որոշման վրա։

Ալումյանը նկատի ուներ սեպտեմբերի 20-ին դատավորի կայացրած որոշումը։ Դանիբեկյանը մերժել էր նախկին նախագահին ազատ արձակել գրավի դիմաց։ Իր վերլուծության մեջ դատավորը անդրադարձել էր ազատության մեջ գտնվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությանը և եզրահանգել՝ դատավարության տվյալ փուլում նշված վտանգը թեև նվազել է, սակայն ամբողջությամբ չի վերացել: Ու թեև դատավոր Աննա Դանիբեկյանը եզրահանգել էր, որ Քոչարյանի կողմից թաքնվելու վտանգ չի տեսնում, փոխարենը կա գործի քննությանը խոչընդոտելու վտանգ։

Հայկ Ալումյանը խոսելով այս մասին՝ հայտարարեց՝ այս հանգամանքը մեղադրող կողմը չի վիճարկել։

«Այժմ միակ հիմքը, որով Դուք մերժել էիք գրավի կիրառումը ճանաչված է Սահմանադրությանը հակասող, իսկ մինչ այդ վճռաբեկ դատարանը արդեն իսկ գտել էր, որ նման իրավակիրառական պրակտիկան վտանգում է Սահմանադրությամբ երաշխավորված անձի ազատության իրավունքը», - ընդգծեց Ալումյանը:

Նախկին նախագահի մյուս փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ հավելեց՝ մեղադրողների կողմից գոնե որևէ օրինակ չի բերվել, թե Քոչարյանը մեղադրանքում առկա որ գործողությանը կարող է խոչընդոտել։ Մեղադրող դատախազները, մինչդեռ, շարունակեցին առարկել, որ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ։

Գևորգ Բաղդասարյանը շեշտեց՝ Քոչարանը կապեր ունի երկրից դուրս և ազատության մեջ կարող է թաքնվել դրսում։ Դատախազը վկայակոչեց մեղադրականը, որտեղ նշվում է, թե բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպես են քողարկել տեղի ունեցած ապօրինությունները։

«Սույն գործով հաստատված է, որ մարտի 1-ի, 2-ի իրադարձությունների ժամանակ զինվորականների բանակի ներգրավման հանգամանքը քողարկելու նպատակով փոխվել են բանակի տրանսպորտային միջոցների պետական համարանիշերը և այս պայմաններում մենք այսօր խոսում ենք այն մասին, որ բացակայում են ռիսկերը, որ ազատության մեջ մնալու դեպքում կարող է ազդեցություն ունենալ գործով մասնակցող անձանց վրա, դավադրությանը որպես վկա ներգրավված անձանց վրա և ներկայացնում ենք, իբր որևէ ռիսկ չկա քննությանը խոչընդոտելու վերաբերյալ: Քննությանը խոչընդոտելուն ուղղված գործողությունները կատարվել են դեռ 2008 թվականի մարտի 1-ին», - ասաց Բաղդասարյանը:

Տուժող կողմը ևս դեմ է, որ ամբաստանյալ Քոչարյանն ազատվի կալանքից։ Մարտի 1-ի տուժողներից մեկի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտարարեց․ «Երբ որ հրամանատարներից մեկը զորքը շարել է և ասել, որ «որևէ մեկդ հանկարծ չփորձեք կրակել» և զինվորներից մեկն առաջ է եկել և ասել, որ «ես կկրակեմ» և այդ զինվորին մեկուսացրել են, քիչ անց պարզվել է, որ նախագահականում արդեն տեղյակ են այդ պատմությունից և հրամանատարին աշխատանքից ազատել են: Սա կոնկրետ փաստերից եմ ասում, ապացույցներով եմ ասում»:

Նոյեմբերի 7-ին պարզ կդառնա՝ Մարտի 1-ի գործող գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը կազատվի կալանքից գրավով, թե կմնա ճաղերի հետևում։ Նա կալանավորված է հունիսի 25-ից՝ պահվում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։