Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը այսօր միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։
Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։
Նրանք հիմնվել են սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման վրա, ըստ որի Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նախկին նախագահի դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։
Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ երեկ ամբողջությամբ հրապարակված ՍԴ որոշումից պարզ է դառնում, որ Քոչարյանի հետապնդումը պետք է դադարեցվի։
«Էս որոշումը ստանալուց հետո կալանքը շարունակում է լինել, առնվազն այդ կետից սկսած ինքն ապօրինի է։ Սա նշանակում է, որ հանցագործություն չկա։ Ինչի՞, որովհետև նախագահի գործողությունները չեն կարող քննարկման առարկա դառնալ քրեական դատավարության շրջանակներում։ Սահմանադրական դատարանը ուղղակիորեն նախատեսել է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա չի որևէ մարմին, որը կարող է գնահատել՝ բխո՞ւմ է դա իր գործողություններից, թե՞ չի բխում իր գործողություններից», - նշեց Օրբելյանը։
Բարձր դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակված որոշման իրավական դիրքորոշման մասում ՍԴ-ն արձանագրում է՝ Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը: Իսկ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ:
«Ազատության» դիտարկմանը, արդյո՞ք սա չի նշանակում, որ հենց դատարանը պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքը և գործողությունները բխե՞լ են նախագահի կարգավիճակից, թե՞ ոչ, Օրբելյանը պատասխանեց. «Դատարանը արձանագրել է, որ քանի որ չկա կառուցակարգ, արդյունքում ստացվում է, որ այս հարցերին անդրադարձ է կատարում վարույթ իրականացնող մարմինը՝ դա կլինի դատախազը, քննիչը առաջին փուլում, հիմա՝ դատարանը։ Սահմանադրական դատարանը հենց այդտեղ է տեսնում խնդիրը, ասում է՝ դա օրենքով ոչ մի ձև ամրագրված չի, այդ իրավունքը այդ մարմիններին տրված չի, ավելին՝ այդ իրավունքը էդ մարմիններին, բացի զուտ գնահատելուց նաև կառուցակարգը, ստանդարտը, ինչի հիման վրա դա պետք է որոշվի, դա չի տրված։ Այսինքն ՍԴ-ն ասում է՝ այո, տենց է ստացվել։ Ասում է՝ քանի որ չկա, ստացվում է, որ վարույթ իրականացնող մարմինը գնահատել է»։
Օրբելյանը վկայակոչում է ՍԴ որոշման մեկ այլ հատված, որտեղ նշվում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են
գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող:
Քոչարյանի պաշտպանական խումբը բացառում է դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ՍԴ որոշման չկատարումը։
«Դատավորները ազատ են, անկախ են, բայց անկախը չի նշանակում ընդհանրապես ամեն ինչից են անկախ։ Դատավորները կաշկանդված են գործող օրենսդրությամբ, օրենքներով, Սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանի որոշմամբ, վճռաբեկ դատարանի որոշումներով, բոլոր էդ որոշումներով, որոնք իրավական ակտերի երաշխիքային շրջանակներում մենք կարող ենք դիտարկել, այսինքն կա ավելի բարձր ակտ, կա ավելի ցածր ակտ, դատարանը դրանցով պետք է առաջնորդվի», - ընդգծեց Քոչարյանի պաշտպանը։
Արամ Օրբելյանի պնդմամբ, եթե անգամ վիճարկվող օրենքում փոփոխություններ կատարվեն, միևնույն է դրանից հետո ևս Քոչարյանը չի կարող ենթարկել պատասխանատվության։
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը պնդում է՝ ՍԴ այս որոշմամբ փորձել են սպասարկել Ռոբերտ Քոչարյանին, և այս որոշումը կիրառման ենթակա չէ։
«Բացարձակ չի հետևում նման բան, որովհետև Սահմանադրական դատարանը կոնկրետ խափանման միջոցի, այդպիսի անդրադարձներ չի կարող կատարել, Սահմանադրական դատարանի գործառույթն է իրավակարգավորումները, սահմանադրականությունը դրանց տալ, այս խնդիրները լուծել։ Կոնկրետ այս որոշումով Սահմանադրական դատարանի անդամները..., որովհետև ես չեմ համարում, որ սա Սահմանադրական դատարանն է, այն լիազորությունները, որ սահմանված է մեր Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով, որովհետև այլ ելակետից մոտենալ այս խնդրին չի կարելի։ Իմ կարծիքով՝ անձեռնմխելիության հիմքով քրեական գործը ենթակա չէ կարճման, իսկ այդ հանգամանքը քրեական հետապնդում բացառող հանգամանք չէ, այլ ինչպես 31-րդ հոդվածում է գրված Քրեական դատավարության օրենսգրքի, դա կասեցման հիմք է», - ասաց Խաչատրյանը։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ Սահմանադրական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած «որոշումները» կրկին եկան ապացուցելու Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ շարունակ ստեղծված ճգնաժամի փաստը:
«Սահմանադրությամբ կարևորագույն լիազորություններով և դերակատարմամբ օժտված ատյանի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվելու քաղաքական և ընդհանրապես պետական ամբողջ համակարգի կայունությունը վտանգող մշտական գործոնի: Փաստացի գոյություն ունեցող վիճակի երկարաժամկետ պահպանումը, Սահմանադրական դատարանի լիազորությունների կատարմամբ առաջացող իրադրություններում, կարող է հանգեցնել իրավական քաոսի և պետական ինստիտուտների քայքայմանը», - ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությունում։