Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը դատաքննությունը ձգձգելու միտում է տեսնում դատախազության կողմից


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում, 19-ը հուլիսի, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում, 19-ը հուլիսի, 2019թ․

Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի գույքն ամբողջությամբ կալանքի տակ առնելու հարցը կրկին դատարանում է: Հունիսի 7-ին առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել էր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումը՝ Երկրորդ նախագահի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին:

Դատարանն արձանագրել էր, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: Դատախազությունը առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում:

Այսօրվա դատական նիստին մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանը, իսկ մեղադրող դատախազները չէին եկել:

«Կարծում եմ այս ամենը միտումնավոր է արվում նիստը ձգձգելու համար», - այս առնչությամբ հայտարարեց նախկին նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա գույքի վրա կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին: Նախաքննական մարմինը ավելի վաղ արգելանք էր դրել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ հանվել էր:

Դատախազների չներկայանալու պատճառով նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 24-ին:

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, թե դատախազության բողոքը անհիմն է:

«Մեր պնդմամբ, բողոքն ակնհայտորեն անհիմն է և ամոթալի է նման բողոք ներկայացնել դատարան առհասարակ», - հայտարարեց պաշտպանը:

Խուդոյանն անդրադարձավ նաև «Ազատության» հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե բոլոր նրանք, որոնք ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ ինքն այսօր իրավունք ունի զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք ու ճնշել ցանկացած ընդդիմադիր դրսևորում:

«Քաղաքական հատվածը եթե դուրս բերենք այդ հայտարարությունից, կասեմ, որ այո՝ պարոն Փաշինյանը իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում Զինված ուժերը օգտագործել՝ կոնկրետ կառավարությունը իրավունք ունի: Եթե իրավական հիմնավորումների անհրաժեշտությունը կա՝ կներկայացնենք, նաև նախկինում ենք ներկայացրել», - հայտարարեց պաշտպանը: - «Ինչ վերաբերում է տանկեր օգտագործելուն, ես այստեղ ենթատեքստ տեսնում եմ, որ դա իբրև թե պարոն Քոչարյանն է տանկեր մտցրել․․․ դա բացարձակ ապատեղեկատվություն է, ամբողջ գործի մեջ չկա որևէ նյութ, որ Երևան տանկեր են մտել», - հավելեց Հովհաննես Խուդոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG