Մնացականյան. Փակուղի չենք տեսնում, շարունակում ենք հանգիստ աշխատել բանակցային գործընթացի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում փակուղային իրավիճակ չի տեսնում: Միևնույն ժամանակ նախարարն ընդգծում է՝ չի կարող լինել իրավիճակ, երբ կողմերից մեկն առավելապաշտական դիրքորոշումներով փորձի ստանալ ամեն ինչ, իսկ մյուսը՝ ոչ, այդ ճանապարհն է, որ փակուղի է տանելու:

Զոհրաբ Մնացականյանի փոխանցմամբ՝ առաջիկայում 2 երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում չի նախատեսվում, փոխարենը շատ շուտով կհանդիպեն արտգործնախարարները:

Ինչպես երեկ տեղեկացրել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում, որտեղ կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական նիստը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ իրավիճակ է բանակցային գործընթացում, մասնավորապես՝ գործընթացի վրա ազդեցություն ունեցե՞լ է Հայաստանի վարչապետի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որը միջազգային հանրությունը ոչ միանշանակ ընդունեց, նախարարը պատասխանեց. - «Մենք թիրախային և նպատակաուղղված աշխատում ենք բանակցային գործընթացի մեջ, բոլոր այն դիրքորոշումները, որոնցով հանդես ենք գալիս, վստահ եմ, որ առավել քան ծանոթ են ձեզ, որովհետև բազմիցս ենք խոսում դրանց մասին, և այդ բոլոր համադրություններով հանդերձ աշխատում ենք բանակցային գործընթացում, աշխատում ենք շատ թիրախային, և հետևողական այդ հանդիպումները երբևէ չենք դանդաղեցրել, երբևէ չենք ձգձգել գործընթացը»։

Նախարարը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերին, և նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը լինելու է շատ շուտով. - «Ներկայիս պահի դրությամբ դեկավարների մակարդակով դեռևս չենք ծրագրում, բայց կարող է ամեն ինչ էլ լինել, ցանկացած ուղղությամբ զարգանալ, եթե անհրաժեշտ լինի դա, և կան որոշակի պայմանավորվածություններ, գաղափարներ՝ ղեկավարների մակարդակով, թե ինչպես կարելի է հանդիպումները կազմակերպել, այդ առումով գործ ունենք անելու։ Որ ամենակարևորն է, մենք այդ գործի մեջ ունենք մեր շատ հստակ դիրքորոշումները, որոնք ուղղված են հետևյալին՝ ապահովել այնպիսի ձևաչափ, այնպիսի դաշտ, որտեղ համադրելի են կողմերի պարտավորությունները։ Չի կարող լինել իրավիճակ, երբ կողմերից մեկն առավելապաշտական դիրքորոշումներով փորձի ստանալ ամենը, իսկ մյուսը՝ ոչ, սա փակուղի է տանելու»,- հավելեց նա։

«Ազատության» մյուս հարցին, թե դատելով կողմերի հայտարարություններից՝ հիմա փակուղային իրավիճակ չկա՞, նախարարը բացասական պատասխան տվեց՝ հիմա փակուղի չկա։ «Համենայնդեպս այն, ինչ մեզ է վերաբերում, մենք որևէ փակուղի չենք տեսնում, մենք շարունակում ենք շատ հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև սա աշխատանք է, որը պետք է արվի, սա վերաբերում է մեր անվտանգությանը, մեր տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղությունը հաստատելուն», - շեշտեց Մնացականյանը:

Ըստ Զոհրաբ Մնացականյանի, այս առումով զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ, ինչպես նաև անպատասխանատու է։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից տեսնում է այդ կառուցողական մոտեցումը, ԱԳ նախարարն արձագանքեց այսպես. «Հույսով եմ, որ այդ կամքը նույնպես ի հայտ կբերվի և կդրսևորվի ավելի արտահայտված ձևով մյուս կողմից»։

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, թե պետք է բավարար դաշտ ձևավորված լինի, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ հանդիպում կազմակերպել: Մնացականյանը հիշեցրեց Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպումը, որը տեղի էր ունեցել անցած մարտին, շփումներ եղել են նաև անցած ամիս Աշխաբադում։

«Գոյություն ունի բանակցությունների դինամիկան, և ես հույս ունեմ, որ շատ արագ կարող ենք առաջ շարժվել, եթե այդ կառուցողականությունը լինի ընդհանուր, և ցանկացած զարգացում կարող է տեղի ունենալ։ Եվ կան լավ գաղափարներ, որոնք, հույսով եմ, որ հնարավոր կլինի կյանքի կոչել»,- ընդգծեց նա։

Խոսելով առաջիկայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարելիք այցի և այդ շրջանակում Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, թե չի մեկնաբանելու որևէ բան, ինչը դեռևս բանակցվում է:

Հիշեցնենք, օրերս «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս խնդրին, ասել էր, թե հայկական և ռուսական կողմերն այսօր աշխատում են հուշագրի շուրջ։ Փաշինյանն ընդգծել էր, որ այդ լաբորատորիաները սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար, քանի որ չունեն ռազմական նշանակություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ամերիկյան ֆինանսավորմամբ ստեղծված այդ լաբորատորիաներն ուղղված են Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը։

Ինչ վերաբերում է հուշագրին, ապա, ըստ Փաշինյանի, այդ փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի Հայաստանի գործընկերներից որևէ մեկն անհանգստություն չունենա:

Զոհրաբ Մնացականյանի ներկայացմամբ, Լավրովի այցը լինելու է պաշտոնական։ «Վստահ եմ, որ նկատել եք, որ մենք ունենք բավական դինամիկ շփումներ, բավական ակտիվ երկխոսություն, և մեր օրակարգը չափազանց լայն է՝ թե՛ երկկողմանի հարցերին վերաբերող, թե՛ տարածաշրջանային»,- եզրափակեց ԱԳ նախարարը։