Մամեդյարովն ասել է, թե հայկական կողմի հետ վերջին հանդիպումները «առարկայական չէին», և դրանք «ոչ թե բանակցություններ են, այլ հանդիպումներ»․ - «Մենք դեռ արդյունքների ենք սպասում: Եթե մենք ուզում ենք շարժվել առաջ, պետք է սկսել այն, ինչը ես սիրում եմ անվանել սուբստանտիվ բանակցություններ, այսինքն առարկայական բանակցություններ»:
Վերջին տարում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են յոթ անգամ, սակայն այդ հանդիպումները, ըստ Մամեդյարովի, դեռ բանակցություններ չեն․ - «Այո, մենք բանակցում էինք: Սակայն մի պահ Մինսկի խմբի համանախագահներն ասացին՝ հասկանո՞ւմ եք, ռազմական գործողություններ են ընթանում․․․»
Այս միտքը Մամեդյարովն անավարտ է թողել: Հակադարձելով համանախագահներին՝ նա ասում է, թե վերջին տարիներին իրավիճակը շփման գծում միշտ էլ լարված է եղել, ինչը սակայն «չէր խանգարում, որ կողմերը առարկայական բանակցություններ վարեն»․ - «Նախկինում մենք կարողանում էինք առաջ գնալ, և ընթանում էին բավականին լուրջ բանակցություններ: Կետ առ կետ առաջ էինք շարժվում, թե ինչպես կարգավորել ընթացիկ հարցերը»:
«Ընթացիկ հարցերի կարգավորումը» Ադրբեջանի արտգործնախարարն այսպես է հասկանում․ - «Պետք է պայմանավորվել, որ զինվորականները վերադառնան իրենց խրամատները, իսկ մարդիկ վերադառնան իրենց բնակավայրերը: Սրանից հետո միայն կարելի կլինի կարգավորել մնացած հարցերը»:
Մամեդյարովը պնդում է, թե այս սկզբունքները դրված են այսօր բանակցությունների սեղանին առկա փաստաթղթում:
«Մենք բանակցությունները սկսել ենք Պրահայում, հետո հայտնվել է մադրիդյան փաստաթուղթը, որը փոքր-ինչ ձևափոխվել էր 201-ին: Հետո ի հայտ եղավ կազանյան փաստաթուղթը: Մադրիդյան փաստաթուղթը պարբերաբար վերաձևավորվում է, սակայն մնում է այն հիմքը, որի շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Եվ մենք պարբերաբար ասում ենք համանախագահներին, որ մեզ այլ բան չի մնում, քան բանակցել: Պետք է նստել և շարունակել բանակցությունները Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որն այսօր սեղանին է»: