«Փաշինյան - Ալիև մակարդակով հանդիպում այս պահին չի նախատեսվում», - այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Զոհարբ Մնացականյանը՝ հստակեցնելով, որ այժմ ծրագրվում է արտգործնախարարների հանդիպումների շարունակությունը, ինչն էլ հիմք կստեղծի արդեն ամենաբարձր մակարդակով հանդիպումների համար:
Ի պատասխան «Ազատության» հարցին, թե հնարավոր հանդիպման ընթացքում ինչ փաստաթղթի շուրջ են լինելու քննարկումները, Մնացականյանը հայտարարեց, որ կողմերը դեռևս չեն աշխատում «թղթի վրա գրված կոնկրետ ձևակերպումների շուրջ» և շարունակեց․ - «Բայց դա չի նշանակում, որ չենք աշխատում տարբեր սկզբունքների և պարամետրերի շուրջ՝ հստակեցնելու համար, թե ինչպես կարող ենք մենք կառուցել այդ անհրաժեշտ համաչափությունը պարտավորությունների կողմերի միջև»:
2019 թվականի մարտին Փաշինյան - Ալիև հանդիպումից հետո ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Հայաստանի վարչապետն ասել էր, որ որ ինքը որպես գործընթացում ներգրավված նոր մարդ պետք է բացատրություններ ստանա Մադրիդյան սկզբունքերի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել, որ հարցերը ծավալուն են և մեկ քննարկման ընթացքում դրանք սպառել հնարավոր չէ:
Հարցին, թե արդյոք այդ փուլն ավարտվել է, Մնացականյանն արձագանքեց․ - «27 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ փաստաթղթեր, վերջինը Կազանում է եղել: Եղել են տարբեր գաղափարներ, որոնք արտահայտվել են այսպես թե այնպես: Ծանոթանալ գործընթացին՝ սա մի բան է: Բայց դա նշանակում․․․ վարչապետը շատ լավ տիրապետում է հարցին, շատ հստակ տիրապետում է հարցին և, բնական է, փորձում է է՛լ ավելի խորացնել»:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլման Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է Նյու Յորքում այս տարվա սեպտեմբերին:
Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ ասուլիսին Մնացականյանը անդրադաձավ նաև BBC-ի Hard Talk՝ («Դժվար զրույց») հաղորդաշարի իր հարցազրույցին և դրան հաջորդած քննադատության ալիքին:
Մասնավորապես, շատ քննարկվեց այն դրվագը, որը նախարարը չի հակադարձել հաղոդավարի այն պնդմանը, թե Ղարաբաղը հայկական տարածք չէ:
«Շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ Հայաստանում աշխատում է բազմակարծություն, կարծիքների բազմազանություն: Ինչ վերաբերում է այդ հարցին, հուսով եմ, որ բոլորն կիսում այն դիրքորոշումը, այն կարծիքը, որը արտահայտվել է նաև ծրագրում, որ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար ամենակարևորագույն բանը՝ Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի ժողովրդի կարգավիճակը: Կարծես թե մենք բազմիցս սրա մասին խոսել ենք և արտահայտել ենք դա բոլոր հարթակներում՝ ներառյալ այս շատ յուրահատուկ ոճի ծրագրում: Դա է խնդրի էությունը: Շատ հստակ նաև մեզ համար պարզ է, նորություն չէ․ Լեռնային Ղարաբաղի հարցը դա տարածքային վեճի հարց չէ, մեզ համար սա անվտանգության և կարգավիճակի հարց է», - ասաց Մնացականյանը: