Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում, որտեղ կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական նիստը: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, այսօր Մոսկվայում հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է, այդուամենայնիվ, մենք հույս ունենք, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին», - ասել է ԵԱՀԿ ղեկավարը:
Գրեմինգերը նշել է, որ հակամարտության երկու կողմերն էլ անվտանգության գոտում կայունություն են պահպանում և արդեն իսկ իրագործել են վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ «ուղիղ կապի ստեղծումը Երևանի և Բաքվի միջև»:
«Այս ամենը պետք է դրական արդյունքների հանգեցնի բանակցություններում, դրանք շարունակվում են, այդ թվում՝ գերիների փոխանակման և լրագրողների փոխադարձ այցերի շուրջ», - ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին, պատասխանելով ադրբեջանական գործակալության թղթակցի հարցին, ասել է․ - «Հայտարարությունները, որոնք պնդում են, թե ղարաբաղյան հարցը կարող է կարգավորվել միայն ու միայն այս ճանապարհով, թերևս կարգավորմանը չեն նպաստում, և հենց դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ անհրաժեշտ են համանախագահների ջանքերը»: