Երկուշաբթի օրը Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ։
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատել են ներկա իրավիճակը։ Կողմերը նախանշել են հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը։
Հիշեցնենք՝ Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների նախօրեին սրվել է իրավիճակը հակամարտության գոտում։ Հայկական կողմը հայտարարել է դիվերսիայի փորձը կասեցնելու մասին։ Ադրբեջանական կողմն ունի մեկ զոհ։
Քննարկման ընթացքում հայկական կողմը կարևորել է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Ընդգծվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:
Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների առնչությամբ՝ հայկական կողմը շեշտել է վերջիններիս հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը:
Խաղաղ գործընթացի առաջմղման տեսակետից Մնացականյանը կարևորել է կարգավորման շրջանակում կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովումը՝ վերահաստատելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։
Կողմերը նախանշել են այս ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ համանախագահների այցը տարածաշրջան և մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Նույն օրը ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են հունիսի 20-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հնարավորություններին, համանախագահների օրացույցում նախատեսված առաջիկա քայլերին:
Մինսկի խմբի միջնորդների հետ Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում նշված էր, որ Մամեդյարովն ու համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը, իրավիճակը հակամարտության գոտում, ինչպես նաև համանախագահների հետագա ծրագրերն ու հեռանկարները:
Մնացականյան - Մամեդյարով նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 20-ին Վաշինգտոնում: Այդ հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, թե «անպայման չէ շփման գծում վերականգնել անդորրը և նոր բանակցություններ վարել, մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք»:
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, արձագանքելով Մամեդյարովի հայտարարությանը, ասել էր, որ Ադրբեջանի արտգործնախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարարը մասնակցել է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության շփման խմբի 4-րդ նիստին, որի ժամանակ հերթական կոշտ հայտարարությունն է արել Հայաստանի հասցեին՝ նշելով, թե «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները վկայում են, որ գործող կառավարությունը շարունակում է ակնհայտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»:
Մամեդյարովի խոսքով՝ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ապագան կախված է «վճռականորեն գործելու՝ միջազգային հանրության, այդ թվում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության պատրաստակամությունից և վճռականությունից»: