ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն այս կամ այն ձևով պետք է կարգավորել չեն նպաստում խնդրի կարգավորման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Այս անգամ Լավրովը հստակ չի ասել, թե ինչ հայտարարության մասին է խոսքը, սակայն հարցը տվել էր ադրբեջանցի լրագրողը: Լավրովի պատասխանից ստացվում է, թե հայտարարության հասցեատերը Հայաստանն է:
«Ինչպե՞ս կգնահատեք բանակցային գործընթացն այսօր՝ հաշվի առնելով, որ հնչում են բարձր, եթե չասեմ սադրիչ հայտարարություններ, մասնավորապես՝ Հայաստանի պաշտպանության նախարարն օրերս հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է», - հարցրել է ադրբեջանցի լրագրողը:
«Ես Ձեզ հետ համաձայն եմ, հայտարարությունները, որոնցում ասված է, թե Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորել միայն ու միայն այս ճանապարհով, թերևս կարգավորմանը չեն նպաստում և հենց դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ անհրաժեշտ են համանախագահների ջանքերը», - պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Վալդա»-ի համաժողովում ունեցած իր ելույթում Լավրովը քննադատել էր Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը՝ նշելով, թե նման հայտարարությունները չեն նպաստում բանակցությունները առաջ տանելու մթնոլորտի ձևավորմանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այսօր նաև որոշ մանրամասներ է հայտնել ապրիլին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից: Նրա խոսքով՝ այդ հանդիպումը ոչ ֆորմալ կենդանի հանդիպում էր, որի արդյունքում նախանշվել էին վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված հումանիտար մի շարք միջոցների, ինչպես նաև ղարաբաղյան հարցի կարգավորման քաղաքական երկխոսության հեռանկարները:
Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դժգոհել էր սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հանդիպումից:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն դեկտեմբերի 5-6-ը․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները Ղարաբաղի շուրջ երկխոսությունը կշարունակեն դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում, որտեղ կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական նիստը: Մամեդյարով-Մնացականյան կայանալիք հանդիպման մասին այսօր Մոսկվայում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
«Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է, այնուամենայնիվ մենք հույս ունենք, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին», - ասել է ԵԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, թե հակամարտության երկու կողմերն էլ անվտանգության գոտում կայունություն են պահպանում և արդեն իսկ իրագործել են վստահության ամրապնդմանն ուղղված մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ ուղիղ կապի ստեղծումը Երևանի և Բաքվի միջև:
«Այս ամենը պետք է դրական արդյունքների հանգեցնեն բանակցություններում, դրանք շարունակվում են, այդ թվում՝ գերիների փոխանակման և լրագրողների փոխադարձ այցերի շուրջ», - այսօր հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Նոյեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Հայաստան: