Գլխավոր դատախազությունը Դավիթ Սանասարյանի, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության ևս երկու աշխատակցի ու «Զորաշեն» ընկերության հաշվապահի մեղադրանքը հաստատելուց հետո գործն ուղարկել է դատարան, «Ազատությանը» փոխանցեց Դատախազության մամուլի խոսնակը: Մինչ այս Սանասարյանի փաստաբանները դիմել էին գլխավոր դատախազին՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնումը, սակայն մերժում էին ստացել:
Աղմկահարույց այս գործն առնչվում էր հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթին: Հեմոդիալիզը կիրառվում է սուր երիկամային անբավարարության դեպքում՝ պահպանելով հիվանդի կյանքը։
Գործի հարուցումից հետո Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցվեցին: 35-ամյա պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից էր:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով: Գործի շրջանակում կալանավորվել էին ՊՎԾ-ի երկու աշխատակիցները՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ են արձակվել: Դավիթ Սանասարյանի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին:
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Հեղափոխության առանցքային ներկայացուցիչ Սանասարյանը այս պահին հրաժարվում է հարցազրույցներից, միայն ֆեյսբուքյան էջում գրել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը և դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ, մնացածը՝ ասուլիսում։ Մինչ այդ պարզապես կրկնեմ՝ մեղադրանքը չեմ ընդունում»։
Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ևս «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահին զերծ են մնում մեկնաբանություններից: Բայց օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում փաստաբանն ասել էր՝ վստահ է՝ Սանասարյանի «գլխին գործ է սարքվել»:
«Ինձ համար ակնհայտ է, որ իրականում սարքում են, ձեռնտու չէր որոշ մարդկանց, որ Դավիթ Սանասարյանը պաշտոնավարեր որպես Պետական վերահսկողական ծառայության պետ, որովհետև Դավիթ Սանասարյանը այն ազնվագույն անձանցից է, որ իրականում միանշանակ հավատացել էր, ոնց որ և բոլորս, որ իրոք հեղափոխություն է եղել և պայքար պետք է գնա կոռուպցիայի դեմ, և Դավիթ Սանասարյանը միանշանակ պետք է շատ ոտքեր տրորեր և իրենք որոշեցին հենց սկզբից մեկուսացնել Դավիթ Սանասարյանին, որպեսզի նա չհասցնի կատարել իր այն ազնվագույն աշխատանքը, որի համար ինքը նշանակվել է, որ պետք է իրականացներ», - նշել էր Պետրոսյանը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստ է այս գործի շրջանակներում ներկայանալ դատարան. «Կասեմ այն, ինչ երևի ասել եմ նախաքննության ընթացքում, կպատասխանեմ հարցերի, եթե դրա անհրաժեշտությունը լինի»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիշեցնենք, ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ իր ձեռքի տակ եղած տեղեկություններն ԱԱԾ է փոխանցել, որովհետև վտանգ է տեսել, որ հեմոդիալիզի ծառայությունները հիվանդանոցներում կարող են ընդհատվել, ինչն էլ վտանգի տակ կդնի հիվանդների կյանքը:
«Խնդիրը վերաբերում է բժշկական մի քանի կենտրոններում գնումների գործընթացին արտաքին միջամտությանը: Հայաստանում հիմնականում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, սա որակի առումով աշխարհի լավագույն բրենդներն են: Նրանք են հիմնականում զբաղվել մատակարարումներով, քանի որ հենց նրանց սարքերով են կատարվել դիալիզի պրոցեդուրաները: Մենք Հայաստանում մոտ հազար պացիենտ ունենք, և մեր խնդիրն է ապահովել էդ բոլոր պացիենտների անվտանգությունը այդ պրոցեդուրան անցնելիս», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Թորոսյանը՝ հավելելով, որ գործն ԱԱԾ ուղարկել իրենց «կասկածներն են ստիպել»: