Մատչելիության հղումներ

ՊՎԾ երկու պաշտոնյաներ և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը կալանավորվել են. ԱԱԾ


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Եռօրյա լռությունից հետո, Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաստատեց տեղեկությունները, որ կալանավորել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) երկու աշխատակցի և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցչի:

ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը, գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանն ու «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը կալանավորվել են հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով:

Ըստ ԱԱԾ-ի՝ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-19 թվականների ընթացքում ապօրինի կերպով միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների համար բժշկական սարքավորումների ձեռքբերման, գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

Հայտարարությունում նաև ասված է, որ գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաները սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ և տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցրել մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք համապատասխանեցնելով իրենց հետ փոխկապակցված ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:

Մինչև ԱԱԾ-ն կտարածեր այս հայտարարությունը, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ կալանավորված աշխատակիցները որակյալ մասնագետներ են, բայց եթե ապացուցվի նրանց մեղքը, թող պատժվեն։ Սանասարյանը նշել է՝ գերեզմանոցում էլ լինի, պայքարելու է մենաշնորհի դեմ։

«Հեմոդիալիզի շուկան շարունակելու ենք ուսումնասիրել անկախ նրանից՝ ով է ցանկանում, ով չի ցանկանում, անկախ նրանից՝ ում շահն է էստեղ տրորվում, բայց պետության շահը մենք պետք է պահենք։ Կոնկրետ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սպասարկել է միայն մեկ կազմակերպություն։ Մենք առաջարկություն ենք արել, մեր առաջարկության արդյունքում 8-9 կազմակերպություն մասնակցել է մրցույթին առաջին անգամ, որովհետև մինչև էդ գրված է եղել մի կազմակերպության համար։ Առաջին անգամ շուկան բացվել է, մասնակցել են տարբեր ֆիրմաներ։ «Զորաշեն» ՍՊԸ-ն չի համապատասխանել տեխնիկական բնութագրերին, - ընդգծեց Դավիթ Սանասարյանը՝ շարունակելով. «Արմենիա» ԲԿ-ն, «Էրեբունի» ԲԿ-ն ի՞նչ ֆիրմաներով են սպասարկվում, «Արմենիա» ԲԿ-ն՝ նույն «Հանրապետական» հիվանդանոցը, ամենամեծ դիալիզի պացիենտները ունեն, հիմա հարց՝ եթե խնդիր կա, ինչի՞ խնդիրը չենք վերհանում, ինչի՞ էդ խնդիրը չենք լուծում, ինչի՞ ենք թողնում, որ «Արմենիա» ԲԿ-ին այլ կազմակերպություններ սպասարկեն»։

ՊՎԾ կալանավորված պաշտոնյաները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Սամվել Ադյանի ու Գևորգ Խաչատրյանի փաստաբաններ Դավիթ Մնացականյանն ու Արման Արզումանյանն առաջադրված մեղադրանքներն անհիմն են համարում ու չեն հասկանում՝ այդ ո՞ր արարքն է ծանր հետևանքներ առաջացրել:

Պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանը չեն ընդունում, պնդում են՝ օրենքի շրջանակներում մենաշնորհի դեմ են պայքարել։

«Էդ մարդիկ ուզեցել են դաշտը օրինականացնել, այսինքն հավասար պայմաններ ստեղծել բոլոր ընկերությունների համար ինչպես, որ օրենքն է պահանջում։ Դաշտը օրինականացնելու համար հայտնվել են մեղադրյալի աթոռին», - ասաց Ադյանի պաշտպան Մնացականյանը։

Գևորգ Խաչատրյանի պաշտպան Արզումանյանն ընդգծեց. «Ծանր հետևանքը իրենից ենթադրում է կամ գումարի մեծ կորուստ, կամ առողջությանը պատճառված ծանր վնաս, կամ օրինակ մարդու մահ»։

ԱԱԾ նշած վերոհիշյալ տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչը, ըստ Էմին Բեգլարյանի, իր պաշտպանյալ Տարոն Ավետիսյանն է՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահը։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ավետիսյանն օժանդակել է ՊՎԾ պաշտոնատար անձանց և նրանց հետ ունեցած նախնական համաձայնությամբ՝ գնման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ներկայացրել է առաջարկվող ապրանքի որակական հատկանիշների վերաբերյալ կեղծ հավաստագրեր: Համապատասխան տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում 3 բժշկական հաստատությունների համար սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են այդ հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով:

«Ազատության» հարցին՝ կահյուք մատակարարող ընկերությունն ինչո՞ւ է որոշել հեմոդիալիզի պարագաներ ներկրել, Բեգլարյանը պատասխանեց. «Եթե ՍՊԸ-ն նաև կահույքի արտադրման գործունեություն է ծավալում, դա թերևս արգելք չի նաև այլ գործունեությամբ զբաղվելը։ Եթե ընկերությունը բնութագրերին համապատասխան ապրանք է մատակարարում, էդտեղ մենաշնորհի ինչ-որ դիրք չպետք է լինի»։

«Վանաձոր» ԲԿ-ն նույնպես հեմոդիալիզի պարագաների մրցույթ էր հայատարարել: Հիվանդանոցի տնօրեն Վահագն Մկրտչյանն ասում է՝ իրեն հետաքրքրում է այն, որ օրումեջ դիալիզ ստացող հիվանդներն այդ գործընթացից չտուժեն:

«Խնդիրը այն է, որ մենք էդ ֆիլտրերը և հոսքային գծերը գնումներով, մրցույթներով գնվում են, երաշխիքի հարցն է, որ ոչ ոք մեզ պաշտոնապես չի կարող երաշխավորել, որ այլ պարագաներ գնելու և օգտագործելու դեպքում, մենք չենք ունենա խնդիր, այսինքն մեքենան չի վնասվի, չի փչանա և հիվանդի առողջությանը վնաս չի պատճառվի։ Ո՞վ է պատասխան տալու, պատասխանը տալու եմ անձամբ ես, ես էլ աշխատում եմ ընդամենը մեկ ամիս», - ասաց Վահագն Մկրտչյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG