Մատչելիության հղումներ

Որ լրատվամիջոցը ներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, ձեռքս իրենց լրատվամիջոցում կկտրեմ. Սանասարյան


«Որ լրատվամիջոցը, որ աղբյուրը, որը որ կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, խոսք եմ տալիս, ես մի քանի օր առաջ ասել եմ, հիմա նորից խոսք եմ տալիս` էքսկլյուզիվ ձեռքս իրանց լրատվամիջոցում կկտրեմ», - այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի պաշտոնը զբաղեցրած հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների շրջանառած այն տեղեկությանը, թե ԱԱԾ տնօրենը վարչապետին տեսանյութ է ներկայացրել, որտեղ երևում է, որ Սանասարյանին տրցակներով գումար են փոխանցում։

Սանասարյանը հեմոդիալիզի գնումների գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Հեմոդիալիզը կիրառվում է սուր երիկամային անբավարարության դեպքում՝ պահպանելով հիվանդի կյանքը։

«Երբ որ մենք պետք է սկսեինք ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, զգուշացրեցին, որ մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում, որ էդ նախկին, այսպես ասած, օլիգարխների դաշտ ենք մտնում, ու իմ պատասխանը հստակ է եղել, որ մեզ չի հետաքրքրում, թե ովքեր են, ինչ են, օրինականությունը ամեն դեպքում պետք է պահպանվի», - նշեց Սանասարյանը։

Սանասարյանն ու փաստաբանները ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ իր մասով քրեական գործը հարուցվեց Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում իրենց ուսումնասիրություններից հետո։ Եվ այն, որ օրերս Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց այդ երկու բժշկական հաստատություններում իրենց ուսումնասիրությունների հիման վրա, ցույց է տալիս, որ իրենց ահազանգը այդ ոլորտում չարաշահումների մասին անհիմն չէր։

Սանասարյանն ու փաստաբանները կրկին պնդեցին՝ «գործը կարված է», բայց այդպես էլ անուններ չնշեցին, թե ով կամ ովքեր են «կարում» այն։ Չասացին նաև, թե մասնավորապես ովքեր են Սանասարյանի դեմ ցուցմունքներ տվել։

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պնդեց, որ Սանասարյանի դեմ գործողությունները պլանավորված էին, և որ ԱԱԾ-ն շտապողականություն դրսևորեց այդ հարցում՝ նրան ներգրավելով որպես մեղադրյալ։

«Ամսի 18-ին՝ ժամը 00։5 րոպեին, պարոն Սանասարյանին ներգրավեցին որպես մեղադրյալ։ Այսինքն դեռ երկու օր ժամանակ ունեին իրականացնելու քննչական գործողություններ, որից և պարզ կդառնար, որ անհիմն է այդ մեղադրանքի առաջադրումը, ուղղակի պետք է զերծ մնան, իրենք շտապեցին և ամսի 17-ին, ըստ էության, իրենց այդ գործը կատարեցին՝ առաջադրելով արդեն մեղադրանքը, իսկ հաջորդ օրը արդեն պատրաստ էր որոշումը՝ պարոն Սանասարյանի պաշտոնավարումը կասեցնելու», - ընդգծեց փաստաբանը։

Հեմոդիալիզի վերաբերյալ կա երեք քրեական գործ՝ մեկը ԱԱԾ-ում է հարուցված, որտեղ մեղադրյալ են ներգրավված Սանասարյանն ու ՊՎԾ երկու պաշտոնյաներ և «Զորաշեն» ընկերության հաշվապահը։

Ըստ ԱԱԾ-ի՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանն օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Հեմոդիալիզի սարքավորումներ ներկրող ընկերություններից «Ֆրեզեն» ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանը փետրվարին ահազանգել էր, որ պետական մակարդակով իրենից բիզնես են խլում։ Սանասարյանն էլ պնդում է, որ «Ֆրեզենն» է տարիներ շարունակ մասնակցել և շահել մրցույթներում, ընդ որում՝ այնպիսի պայմաններով, որ միակ հաղթողը հենց այս ընկերությունը ճանաչվի։

«Միայն մեկ ընկերություն ունի նման մոդիֆիկացիայի ապրանք, այսինքն՝ այդ մրցույթին կարող է հաղթել մեկ ընկերություն և ինչ գին էլ առաջարկի, պետությունը ուզի-չուզի պետք է համաձայնվի, քանի որ մրցակցության մասին խոսք լինել չի կարող։ Սա վերաբերում է պետական բյուջեից ֆինանսավորվող գործընթացին», - ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը։

Մյուս երկու գործերը հենց ՊՎԾ ուսումնասիրություններին են առնչվում։ Սանասարյանի ղեկավարած կառույցը Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում ուսումնասիրություններ էր արել և խախտումներ պարզել դրանց գնման ոլորտում։ Խոսքը 2015-ից մինչև 2019-ի սկզբի մասին է։ Արդյունքները դեռ մարտին ներկայացրել էին Գլխավոր դատախազություն, և օրերս Դատախազությունը քրեական գործ հարուցեց՝ հեմոդիալիզի պարագաների գնման ոլորտում չարաշահումների դեպքերի առթիվ:

Մինչդեռ «Ազատության» հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը նշում է, որ անցած տարեվերջին նորակառույց հիվանդանոցի համար «Ֆրեզեն» ընկերությունից ձեռք բերված տեխնիկայի համար կարող էին ձեռք բերել միայն նույն ընկերության մատակարարած պարագաները։ Դա երկու տարվա երաշխիքի պահանջն էր։ Տարիներ շարունակ հիվանդանոցը մի ընկերությունից է ձեռք բերել հեմոդիալիզի պարագաները, քանի որ հենց այդ ընկերությունն է ունեցել դրանք սպասարկելու պատշաճ արտոնագիր։

«Մեր մեքենաներն ունեն, ասենք, երաշխիք մինչև 20 թվի ապրիլը, մենք ուզենք, թե չուզենք էդ պիտի առնենք, դեռ մինչև 20 թիվը», - ասաց Մկրտչյանը։

«Ազատության» հարցին՝ մեքենաները ումի՞ց են գնել, պատասխանեց. «Մենք չենք գնել, պետությունը գնել, դրել է հիվանդանոցում»։

Հարցին, թե ո՞ր ընկերությունը, նույն «Ֆրեզեն» ընկերությո՞ւնը, պատասխանեց. «Այո, հենց էդ նույն ընկերությունից»։

Այն պնդմանը, թե մրցույթի պայմաններն իրե՞նք չեն դնում, Սանասարյանը ասում է, որ մրցույթի պայմաններն այնպիսին են եղել, որ միայն կարող էր հաղթել «Ֆրեզեն» ընկերությունը, Մկրտչյանը արձագանքեց. «Չկա նման բան, երկու անգամ բողոքարկում է եղել, բողոքարկման խորհուրդ-հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, ու ոնց տվել է, մենք տենց էլ արել ենք»։

Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Մկրտչյանը, ով այս տարեսկզբին է նշանակվել հիվանդանոցի տնօրեն, ընդգծեց՝ նախկինի համեմատ ինքը ստացել է 13 միլիոն դրամի զեղչ։

«Ստացել եմ 13 միլիոն սկիդկա անձնական բանակցությունների միջոցով», - ասաց նա։

Սանասարյանը պնդեց՝ ունի իր հիմնավոր կասկածները, թե ովքեր են կանգնած իր քրեական գործի հետևում, բայց դեռևս անուններ չի հնչեցնի։ Պնդեց՝ իրենց ուսումնասիրություններից հետո պետությունը շահել է 13 միլիոն դրամ։ Եթե այսպես շարունակվի, իր գործը կկասեցվի, կարծում է Սանասարյանը։ «Ես անփորձ չեմ, արել եմ այն, ինչ պարտավոր էի անել», - հայտարարեց նա։

«Ազատության» հարցին, տեղյա՞կ էր, որ իր աշխատակիցները կապ են ունեցել «Զորաշեն» ընկերության հետ, Սանասարյանը պատասխանեց՝ ոչ։

Անդրադառնալով գործը ԱԱԾ-ից այլ քննչական մարմին տեղափոխելու իրենց պահանջին՝ ասաց, որ ԱԱԾ-ն օբյեկտիվ չի քննում գործը։ Շեշտեց՝ իր ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերությունները որևիցե կերպ չպետք է կապ ունենան այս գործի հետ, քանի որ Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չէ։ Սանասարյանը Վանեցյանին կոչ արեց այս թեմայով չխոսել։ Ասաց, որ իրենք աշխատանքային հարաբերությունների մեջ են եղել։

Վանեցյանն օրերս ասել էր, թե Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG