Լոս Անջելեսից Նյու Յորք ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը տեղի հայկական եկեղեցում հանդիպեց Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի ղեկավարին հարցեր էին ուղղում ամենատարբեր ոլորտներից, օրինակ՝ հետաքրքրվում էին, թե ինչու մեկուկես տարվա ընթացքում շատ քիչ թալանչիներ են պատժվել, քիչ գումար է վերադարձվել պետական բյուջե:
«Ինչ վերաբերում է նրան, թե ինչու գումարներ չեն վերադարձվում: Հիմա տեսեք, օրինակ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով մեղադրվում է խոշոր չափերի կաշառքի համար, օգտվելով իր պատգամավորական կարգավիճակից և օգտվելով նրանից, որ Հանրապետական կուսակցությունը չքվեարկեց իր ձերբակալության օգտին առաջին անգամ, Հայաստանի Հանրապետությունից թողեց հեռացավ: Միհրան Պողոսյանը, որի հետ կապված էլի չարաշահումների քրեական գործ է հարուցված, Հայաստանի Հանրապետությունից փախած է էլի և գտնվում է հետախուզման մեջ: Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, ում մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ»-ի գործով, էլի փախած է Հայաստանի Հանրապետությունից, գտնվում ա հետախուզման մեջ: Մանվել Գրիգորյանը բանտում է, Գագիկ Խաչատրյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանը բանտում է», - հայտարարեց Փաշինյանը:
«Բայց մյուս կողմից, ես չեմ ուզում թաքցնել, մյուս կողմից, ես եթե չեմ սխալվում՝ սկսած չորս-հինգ ամիս առաջվանից, նաև Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները ինձ չեմ բավարարում, և նաև այս է պատճառը, որ իրավապահ համակարգում շատ էական և շոշափելի և արմատական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Այո, ես էլ բավարարված չեմ այդ պայքարի մակարդակից, բայց ես ինչ եմ ուզում ասել և սկզբից էլ էի ասում․ գիտե՞ք, էդ իրավապահ համակարգում էլ էդ միտումը, հիմա որ խոսեցիք, ես կարող եմ դրա մասին էլ խոսել, որ, «այ, լավ, մի ամիս անցավ, էրկու ամիս անցավ, երեք ամիս անցավ, դե արդեն սկսենք բան անել, տենց, մի քիչ, մի քիչ սրա հետ, բան, մի քիչ համաձայնվենք, մի քիչ նրա հետ համաձայնվենք, մի քիչ նրա հետ համաձայնվենք», ու էդ միտումը կա: Եվ ես հենց իրականում իմ խոսքում ասում եմ, որ ես դրա հետ չեմ համաձայնվել ու չեմ համաձայնվելու», - շեշտեց վարչապետը՝ շարունակելով․ - «Մյուս կողմից էլ՝ քրեական գործերի քննության ընթացքում էսօր մեր քննիչները շատ ծանրաբեռնված են, մեր քննիչների վարույթում միջինը 30-40 քրեական գործ կա՝ մի քննիչն ա վարում էդ քրեական գործը, և բնականաբար, երբ որ մի քննիչը վարում ա 40 քրեական գործ, էդ քրեական գործերը չեն կարող շատ արագ ծավալվել: Մյուս կողմից էլ՝ էդ բոլոր քրեական գործերը անցնում են ձեզ հայտնի հնարավոր և անհնար խոչընդոտների պայմաններում»:
«Բայց էս ամեն ինչը որևէ բան չի փոխում մեր պլաններում: Ինչպես ասել եմ, շարունակում եմ պնդել, որ Հայաստանի ժողովրդից գողացված ամեն կոպեկ, մինչև վերջին կոպեկը, պետք ա վերադարձվի ժողովրդին», - վստահեցրեց Փաշինյանը:
«Այո, էդ որ ասում եմ՝ 120 միլիոն դոլարի գերակատարել ենք բյուջեն, մենք ի՞նչ հարցեր ենք լուծել դրանով․ մենք էսօր շատ շոշափելի, շատ էական մեր Զինված ուժերի սպաների և պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացրել ենք, <…> և մեր միջազգային պահուստները էսօր գտնվում են Երրորդ Հանրապետության պատմության ամենաբարձր մակարդակին, մեր երկրում երբեք միջազգային պահուստները ավելի մեծ չեն էղել, քան էսօր: Խոսքը էն դոլարի մասին ա, վալյուտայի, արտարժույթի մասին է, որ պետությունը, մենք մեր ռեզերվում պահում ենք», - ընդգծեց վարչապետը:
Հայաստանի ղեկավարը Նյու Յորք է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է այսօր, Նյու Յորքի ժամանակով ժամը 15-ից և Երևանի ժամանակով ժամը 23-ից հետո․ նա հերթացուցակում 16-րդ է ու ամենայն հավանականությամբ Երևանի ժամանակով գիշերը ժամը 1-ի սահմաններում կսկսի ելույթը: Որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այս ամբիոնից խոսելու:
Նյու Յորքում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Չեխիայի վարչապետներ, Կանադայի նախկին վարչապետի հետ:Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիա նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր համագործակցության վերաբերյալ․ փաստաթուղթն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսմը։ Համաձայնագրով Հայաստանը և Կալիֆորնիան կզարգացնեն համապարփակ համագործակցությունը բոլոր ուղղություններով։